Լևոն Տեր-Պետրոսյան. «Իշխանություններն անում են այն, ինչ որ ես` 10 տարի առաջ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 19, 2009 1:21

ltp«Նույնիսկ Ցեղասպանության ճանաչման հարցը զոհաբերելու դիմաց Թուրքիան արձանագրությունները չի ստորագրելու և սահմանը չի բացելու»- այսօր, վերջին հանրահավաքից 2,5 ամիս անց, Մատենադարանի առջև Հայ ազային կոնգրեսի հանրահավաքին ասաց Լևոն Տեր-Պետրոսյանը:

Նրա համոզմամբ Սերժ Սարգսյանի` Թուրքիա մեկնել չմեկնելու հարցը այլևս էական չէ, քանի որ ստեղծված իրավիճակը փոխել պարզապես հնարավոր չէ: «ԼՂՀ դեպքում էլ մի օր արթնանալու ենք ու տեսնենք, որ ամեն ինչ արդեն ստորագրվել է»,- համոզված է նա:

ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը կարծիք հայտնեց, որ նախաստորագրված արձանագրություններում մտահոգիչ կետեր շատ կան, որից հատկապես առանձնացրեց պատմաբանների հանձնաժողովի ստեղծումը: «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը չպետք է հարվածի մեր ազգային արժանապատվությանը»,- ասաց նա:

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյան էլ ասաց, որ քաղաքական նման նշանակության հարցերը «մարզահամերգային համալիրներում չեն անում»(Խոսքը երեկ նախագահ Սերժ Սարգսյանի` ՀՀ 52 կուսակցությունների ղեկավարների հետ հանդիպման մասին էր, որը կազմակերպվել էր հայ-թուրքական հարաբերությունները քննարկելու նպատակով):

Անդրադառնալով Մարտի մեկի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովի եզրակացությանը` Տեր-Պետրոսյանն ասաց, որ այս դեպքերն էլ հոկտեմբերի 27-ի նման չեն բացահայտվելու և իշխանությունները փորձելու են ամեն ինչ բարդել մի քանի շարքային ոստիկանի վրա:

«Եթե Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը կարծում են, որ կարողանալու են մարսել մարտի 1-ը, չարաչար սխալվում են»,- հայտարարեց նա:

Տեր-Պետրոսյանն ասաց, որ ԼՀՂ հակամարտության հարցում ՀՀ իշխանությունները հիմա հասել են այն կետին, որին հասել էր ինքը` 10 տարի առաջ: «Բայց այդ տարիներին հարցի նման լուծումն ավելի ձեռնտու էր, քան հիմա»,- ասաց նա:

Հանրահավաքին չմասնակցեց Խաչատուր Սուքիասյանը, ում, ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյանի տեղեկացմամբ, հատուկ քննչական ծառայությունից կանչել էին հարցաքննության:

18:00-ից մեկնարկած ու երաժշտությամբ ուղեկցվող հանրահավաքը վերաճեց երթի` Սասուն Միքայելյանի ու Նիկոլ Փաշինյանի նկարներով ու ցուցապաստառներով:

Ժամը 21:00-ի մոտ Թումանյան փողոցով շարժվող և« Լևոն նախագահ» վանկարկող մասնակիցների շարքերը» որոնց մեջ իրենց թվով ավելի շատ աչքի էին ընկնում կապույտ շապիկավորները` ոստիանները, նոսրացան:

Դիտվել է 2195 անգամ:
Print Friendly

Leave a Reply