Երևանի քաղաքապետը հանդիպել է դպրոցների տնօրենների հետ
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | December 20, 2011 17:32
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության հիմնական դպրոցների 2 տասնյակ տնօրենների հետ, ովքեր վերջերս են մրցութային կարգով ստանձնել տնօրենի պաշտոնը: Շնորհավորելով տնօրեններին՝ քաղաքապետը ներկայացրել է կրթության ոլորտում քաղաքապետարանի դիրքորոշումն ու սկզբունքները, որոնց իրականացումը պետք է լինի քաղաքապետարան-վարչական շրջան-դպրոց-ծնողական համայնք համատեղ աշխատանքի արդյունք:
«Ձեզ է վստահված վաղվա քաղաքացու կրթությունն ու դաստիարակությունը. սրտացավությամբ և պատվով պետք է կատարեք այդ առաքելությունը՝ վերականգնելով այն վստահությունը, որ միշտ եղել է դպրոցի և ուսուցչի նկատմամբ»,- նկատել է Տարոն Մարգարյանը:
Անդրադառնալով դրամաավաքության երևույթներին՝ քաղաքապետը պահանջել է անել հնարավորը դրանք դպրոցում բացառելու համար և կարևորել է միասնականությամբ ու փոխվստահության մթնոլորտում կատարված աշխատանքը: Տարոն Մարգարյանը ընդգծել է, որ դպրոցներում պահանջվող հավելյալ ծախսերը կարելի է կատարել տնտեսումների հաշվին և «Օգնիր դպրոցիդ» արշավից ստացված ֆինանսական միջոցների շնորհիվ, որոնց վերաբերյալ տնօրենները ներկայացնում են հաշվետվություններ:
Քաղաքապետը նշել է նաև, որ նորանշանակ տնօրեններից շատերը փոխարինում են ինչպես երկարամյա փորձով վաստակաշատ տնօրենների, այնպես էլ իրենց պարտականություններում թերացածներին: «Ինչպիսի տնօրեն կլինեք դուք՝ մոտակա տարիներին կգնահատենք ձեր աշխատանքով և տասնամյակներ հետո՝ Հայաստանի համար պիտանի քաղաքացիներով»,- ասել է քաղաքապետը:
Տնօրենները իրենց հերթին շնորհավորել են Տարոն Մարգարյանին քաղաքապետի բարձր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և վստահեցրել, որ արժանապատվորեն կկատարեն իրենց պարտականությունները: Որպես մանկավարժների նկատմամբ քաղաքապետի ուշադրության դրսևորում՝ տնօրենները նշել են վաստակաշատ մանկավարժ, համար 140 դպրոցի նախկին տնօրեն Գարեգին Թադևոսյանին Քաղաքապետի պատվոգրի արժանացնելու՝ Տարոն Մարգարյանի որոշումը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն






Facebook
Tweet This
Email This Post
