Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Հայաստանի Ճարտարապետների Միություն

Պաշտոնական, Օրվա լուր | | December 20, 2011 16:47

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը այցելել է Հայաստանի Ճարտարապետների Միություն`  հանդիպել միության  անդամների հետ:

Կարևորելով կառույցի նշանակությունը քաղաքաշինության  ոլորտում, քաղաքապետը համոզմունք է հայտնել, որ այսուհետ էլ քաղաքապետարանի և ճարտարապետների միության համագործակցության և համատեղ աշխատանքի արդյունքում լուծումներ կգտնեն բազմաթիվ խնդիրներ, քանի որ նպատակն ի վերջո Երևանին ու երևանցիներին  ծառայելն է:

Անդրադառնալով մայրաքաղաքում իրականացվող քաղաքաշինական նախագծերին, Տարոն Մարգարյանը  ընդգծել է, որ դրանց վերաբերյալ քաղաքապետին կից քաղաքաշինության խորհուրդը, որի կազմում ընդգրկված են   ճարտարապետների միության շատ անդամներ,  պետք է լսի  նաև հասարակության կարծիքը. «Առաջիկայում կվերանայվի քաղաքաշինության խորհրդի կազմը, ուր ճարտարապետներից ու նեղ մասնագետներց բացի  նախատեսում ենք ընդգրկել հասարակական ակտիվ շերտերի, այդ թվում նաև բնապահպանների, երիտասարդական կառույցների   և ոլորտի հետ առնչվող այլ կազմակերպությունների ներկայացուցիչների, որպեսզի հաշվի առնվեն բոլորի կարծիքները: Մեր մայրաքաղաքը պետք է միասին կառուցենք» ,- նշել է Տարոն Մարգարյանը:

Խոսելով մայրաքաղաքի կառուցապատման մասին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ նախատեսվում է բոլոր խոշոր քաղաքաշինական նախագծերը և այս ուղղությամբ կատարվող ներդրումները, Կենտրոնից և փոքր Կենտրոնից տեղափոխել այլ վարչական շրջաններ` այդպիսով իսկ ոչ միայն կթեթևանա կառուցապատման ծանրաբեռնվածությունը, այլև կապահովվի քաղաքի համաչափ զարգացումը:

Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը ,միության անդամների անունից պատրաստակամություն է հայտնել շարունակել համագործակցությունը Երևանի քաղաքապետարանի հետ և մասնագիտական գիտելիքներով հնարավորին նպաստել մայրաքաղաքի ճարտարապետական ուրույն դիմագծի կերտմանը:

Ընդգծելով  ճարտարապետների պատասխանատվության աստիճանը հասարակության առջև, ճարտարապետների միության անդամները նշել են, որ իրենց բնագավառում սխալվել չի կարելի, այլապես հետևանքները անդառնալի կլինեն:

« Մենք ժառանգել ենք շատ լավ քաղաք և պարտավոր ենք այն հասցնել սերունդներին: Մեր կրեդոն լինելու է քաղաքապետարանին աջակցելը և մեր քաղաքին ծառայելը», – նշել է Մկրտիչ Մինասյանը:

Տարոն Մարգարյանը լսել է նաև ճարտարապետների միության  անդամների մտահոգություններն ու բարձրացրած հարցերը օրենսդրության մեջ տեղ գտած բացերի, ճարտարապետական ժառանգության պահպանման,  ճարտարապետական մշակութային միջավայրի կառավարման վերաբերյալ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության                                                                    հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Դիտվել է 1476 անգամ:
Print Friendly

Leave a Reply