Հայկական պատվիրակությունը մեկնել է Սոչի` մասնակցելու «Սոչի-2009» միջազգային ներդրումային 8-րդ համաժողովին

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | September 18, 2009 13:26

«Սոչի-009»«Սոչի- 2009» միջազգային ներդրումային 8-րդ համաժողովի բացումը տեղի է ունեցել այսօր:

Ֆորումին մասնակցելու նպատակով Սոչի է մեկնել նաև հայկական պատվիրակությունը`ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի ղեկավարությամբ:

Պատվիրակության կազմում են ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը, Զարգացման հայկական գործակալության տնօրեն Ռոբերտ Հարությունյանը, Ռոստովում ՀՀ հյուպատոս Արարատ Գոմցյանը:

Ֆորումի գլխավոր թեմաներն են Ռուսաստանի զարգացման ներդրումային ռազմավարությունը, «Սոչի- 2014» Ձմեռային օլիմպիական խաղերի նախապատրաստումը, էներգաարդյունավետությունը և հարկային համակարգի բարեփոխումները:

Բիզնեսի ներկայացուցիչներն ակնկալում են, որ Ռուսաստանի կառավարության ղեկավարը կառաջարկի տնտեսությանն աջակցելու նոր մեխանիզմներ, որոնք կներգրավվեն ՌԴ գործադիրի կողմից մշակվող հակաճգնաժամային միջոցառումների երկրորդ փաթեթում:

Երկօրյա ֆորումին մասնակցելու համար Սոչի են ժամանել 28 երկրների 300 պատվիրակներ:

ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքի փոխանցմամբ`  ԶՀԳ-ն «Սոչի -2009» -ում ներկայացնելու է հայկական մի շարք ընկերությունների հնարավորությունները և արտադրանքը` նոր գործընկերներ և շուկաներ գտնելու հեռանկարով:

Հայկական պատվիրակության  անդամները Սոչիում այցելել են  Իմիրիթական դաշտավայր, ուր 2014 թ. օլիմպիադայի նախապատրաստական շինարարական աշխատանքներ են ընթանում:  «Սոչի-2009» միջազգային ներդրումային 8-րդ համաժողովի շրջանակներում «Օլիմպստրոյ» ընկերությունը ներկայացնելու է ապագա «Արմենիա» հյուրանոցային համալիրը:

Արմեն Գևորգյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է ՌԴ  Կրասնոդարի երկրամասի նահանգապետի տեղակալ Ալեքսեյ Ադաֆոնովի հետ: Կողմերը քննարկել են  Հայաստանի և Կրասնոդարի մարզի տնտեսական փոխհամագործակցության հեռանկարներին, գիտության, առողջապահության, մշակույթի և այլ ոլորտներում համագործակցության խորացմանը վերաբերող և այլ հարցեր:

ՀՀ կառավարության և Կրասնոդարի երկրամասի միջև ձեւավորվել է  համագործակցության զարգացման համակարգող խումբ, որի հայկական համակարգողը ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն է: Խումբն աշխատում է  նաև ՀՀ կառավարության եւ Կրասնոդարի երկրամասի միջև համագործակցության պայմանագրի նախագծի վրա, որն ակնկալվում է ստորագրել առաջիկայում:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այս տարվա աշնանը Հայաստան այցելի Կրասնոդարի երկրամասի ղեկավարության պատվիրակությունը:

Դիտվել է 1020 անգամ:
Print Friendly

Leave a Reply