Վարչապետը տեղական ապրանք արտադրողներին է ներկայացրել Հայաստանի արդյունաբերական քաղաքականության ռազմավարությունը

Պաշտոնական, Օրվա լուր | | December 19, 2011 17:30

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է Հայրենական ապրանք արտադրողների միության ընդլայնված նիստին:Ողջունելով մասնակիցներին` վարչապետ Սարգսյանը նշել է. «Արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականությունից բխող բոլոր որոշումներն իրականացվելու են կառավարություն-մասնավոր հատված համագործակցությամբ ստեղծվող վարչապետին կից խորհրդի համակողմանի քննարկումների արդյունքում: Ձևավորելու ենք մասնավոր հատվածի հետ համագործակցության նոր պլատֆորմ, որի միջոցով էլ ապահովելու ենք մեր որոշումների լեգիտիմությունը: Վարչապետին կից խորհրդի կազմում ընդգրկված են լինելու մասնավոր հատվածի, տարբեր ասոցիացիաների ներկայացուցիչներ, փորձագետներ»:Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ մեր երկրի անկախ պատմության մեջ առաջին անգամ է հաստատվում նման ծրագիր, որում սահմանվել են այն ճյուղերը, որոնք ունեն մտավոր և արտահանման ներուժ, որոնք կարող են էապես ավելացնել իրենց արտադրական ծավալները: «Այս ռազմավարությունը մի նոր էջ է մեր երկրի տնտեսական պատմության մեջ: Պետությունը պատասխանատվություն է վերցնում ըստ ճյուղային կառուցվածքի օժանդակել մասնավոր հատվածին` ավելացնելու իրենց արտադրական ծավալները և նպաստելու արտահանմանը: Արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականությունը մշակվել է երկու տարվա ընթացքում’ միջազգային կազմակերպությունների փորձագետների հետ համատեղ: Արդյունաբերական քաղաքականության ուղղակի թիրախը վերամշակող արդյունաբերության ճյուղերի և համալիրների զարգացումն է»: Նշենք, որ ռազմավարության մեջ ներառված են արդյունաբերության 11 ճյուղեր` կոնյակագործություն, ադամանդագործություն, ոսկերչություն, ժամագործություն, տեքստիլ արդյունաբերություն, դեղագործություն և բիոտեխնոլոգիաներ, պահածոների արտադրություն, գինեգործություն, շշալցված հանքային ջրերի, հյութերի արտադրություն և ճշգրիտ ճարտարագիտություն: Ըստ այս ճյուղերի`ռազմավարությամբ բացահայտվել է մեր երկրի արդյունաբերական ներուժը, գնահատվել, թե ինչպիսի հումքային, մտավոր և ենթակառուցվածքային ռեսուրսներ կան հանրապետությունում: Կոնյակագործության, դեղագործության և ճշգրիտ սարքաշինության ոլորտներում զարգացման ծրագրերն արդեն իսկ մշակվել են մասնավոր հատվածի հետ միասին: Մյուս ճյուղերում առաջիկայում ևս կքննարկվեն զարգացման և արտահանման հստակ ծրագրեր: Ռազմավարությամբ առաջնայնություն կտրվի մասնավոր հատված-պետություն համագործակցությանը: Ծրագրվում է, որ եռամսյա ժամկետում ՀՀ կառավարության հաստատմանը կներկայացվի ճշգրիտ ճարտարագիտության, դեղագործության և կոնյակագործության ոլորտային ռազմավարությունների իրականացումն ապահովող միջոցառումների ցանկը:Իր հերթին հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը նշել է, որ միությունը ողջունում է կառավարության` արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության մշակման նախաձեռնությունը: Մասնավորապես, նա ասել է, որ իրենց սպասելիքներն այս հարցում լիովին արդարացել են, և տեղական ապրանք արտադրողները գոհունակություն են հայտնում ռազմավարության մշակման կապակցությամբ: Նրա խոսքով` միության ներկայացուցիչները պատրաստ են մասնակցել արդյունաբերական քաղաքականությունից բխող գործողությունների իրականացման աշխատանքներին` հանդես գալով լրացուցիչ առաջարկություններով և նախաձեռնություններով:

Դիտվել է 1197 անգամ:
Print Friendly

Leave a Reply