«Թուրքական պատժամիջոցները չեն կարող իրենց նպատակին հասնել». Ռուբեն Սաֆրաստյան

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 19, 2011 15:34

Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը  Ֆրանսիայի Սենատի օրակարգում հայտնվելը Թուրքիան բավականին ծանր է տանում. հնչում են պատժամիջոցների կիրառման սպառնալիքներ, տարբեր տեսակի քաղաքական մեղադրանքներ, կոշտ հայտարարություններ:

Կհասնեն արդյոք դրանք իրենց նպատակին, թե ոչ, փորձեցինք պարզել նաեւ  ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն,  թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանից. “Պատմական փորձ ունենք արդեն Թուրքիայի արձագանքի հետ կապված: Թուրքիան միշտ էլ փորձում է պատժամիջոցներ կիրառել այն երկրների դեմ, որոնք ճանաչում են Ցեղասպանությունը:  Մասնավորապես երբ 2000 թվականին Ֆրանսիան ճանաչեց Հայոց  ցեղասպանությունը, Թուրքիան որոշ պատժամիջոցներ սկսեց կիրառել. օրինակ` բոյկոտեցին ֆրանսիական կոսմետիկական միջոցները, սակայն արդյունքում պարզվեց, որ դրանք մեծամասամբ արտադրվում են հենց Թուրքիայում, եւ պատժամիջոցներ կիրառելու դեպքում տուժում են հենց թուրքերը, տուժում է Թուրքիայի տնտեսությունը”,-ասաց թուրքագետը:

Նրա խոսքով, իհարկե, որոշակի վնաս կհասցվի թուրք-ֆրանսիական հարաբերություններին, հատկապես եթե հաշվի առնենք, որ կան  որոշակի տենդերներ  ռազմական ոլորտում, որ Ֆրանսիան կցանկանար` ինքը ձեռք բերեր, մինչդեռ ստեղծված պարագայում թուրքերն արդեն իսկ հայտարարում են, թե  Ֆրանսիան կարող է մոռանալ այդ մասին: “Եթե  պատժամիջոց փորձում է կիրառել մի երկիր, որ իր տնտեսությամբ զիջում է երկրին, որի նկատմամբ կիրառում  է այդ պատժամիջոցը, ապա պարզ է, որ նա չի կարող իր նպատակին հասնել, քանի որ դրանից առաջին հերթին տուժում է հենց իր տնտեսությունը, ինչպես որ այս դեպքում կարող է լինել, եթե Թուրքիան կիրառի պատժամիջոցներ”,-ասաց Ռ. Սաֆրաստյանը:

 

Մարիամ Մուղդուսյան

 

Դիտվել է 1022 անգամ:
Print Friendly

Leave a Reply