ՏՄՊՊՀ հասարակական խորհրդի նիստում քննարկվեցին գործարար համայնքին հուզող խնդիրները

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | December 19, 2011 14:12

Այսօր` դեկտեմբերի 19-ին տեղի ունեցավ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին կից Հասարակական խորհրդի ընդլայնված նիստը:  Սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների, գործարար համայնքի, ինչպես նաև պետական կառույցների  ներկայացուցիչները քննարկման ընթացքում ներկայացրեցին իրենց մտահոգություններն ու առաջարկները` մրցակցային խնդիրների վերաբերյալ:    ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը նշեց, որ այս հանդիպման նպատակն է վեր հանել մրցակցության ոլորտում առկա այն խնդիրները, որոնք խոչընդոտում են բիզնեսի զարգացմանը և վնաս են հասցնում սպառողների շահերին: Այսպիսի հանդիպումներ կազմակերպելով` ՏՄՊՊՀ-ն նաև նպատակ է հետապնդում իմանալ գործարարների և սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների վերաբերմունքը ՏՄՊՊՀ աշխատանքի վերաբերյալ:
Ա. Շաբոյանը նշեց, որ թեև մեր երկրում մրցակցության ոլորտում կան դեռևս չլուծված խնդիրներ, սակայն 2011թ.-ի ընթացքում այս առումով Հանձնաժողովի կողմից հսկայածավալ աշխատանք է իրականացվել:  Խոսելով կայացված որոշումների մասին, ՏՄՊՊՀ նախագահը ասաց, որ  բացի ֆինանսական տուգանքներից, դրանք լրջորեն ազդում են տնտեսվարողների իմիջի վրա, որը նրանք ձեռք են բերում երկարատև աշխատանքի շնորհիվ: Հետևապես կարևոր է, որ նման որոշումները լինեն իրավական առումով ուժեղ և հիմնավոր, ինչի ապացույցն այն է, որ ողջ տարվա ընթացքում դատական կարգով բողոքարկված տասնյակ որոշումներից որևէ մեկը անվավեր չի ճանաչվել: «Տուգանքներն ինքնանպատակ չեն, Հանձնաժողովի համար կարևորը մրցակցային միջավայրի բարելավումն է»,- ասաց Ա. Շաբոյանը` հավելելով, որ Հանձնաժողովը չի կարող միայնակ լուծել մրցակցության ոլորտի խնդիրները. «Այդ խնդիրների լուծման համար անհրաժեշտ է այլ պետական մարմիների հետ ակտիվ համագործակցությունը, քանի որ շատ դեպքերում Հանձնաժողովը պայքարում է ոչ թե տվյալ խնդրի պատճառի, այլ հետևանքի դեմ, իսկ հաճախ մրցակցության ոլորտի խնդիրների առաջացման պատճառները գտնվում են այլ պետական մարմինների կարգավորման դաշտում»:   Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը խոսքով. «ՏՄՊՊՀ-ի աշխատանքի արդյունավետությունն ակնհայտ է: Հանձնաժողովը երբեմն լուծում է նույնիսկ այլ պետական գերատեսչությունների դաշտում գտնվող խնդիրներ: Սակայն  առկա բացերը գտնվում են ոչ միայն մրցակցության Հանձնաժողովի, այլ նաև այլ պետական մարմինների, մասնավորապես հարկային, մաքսային համակարգի կամ Սննդամթերքի անվտանգության տեսչության իրավասության շրջանակներում, հետևապես  խնդիրների լուծումը  համալիր մոտեցում է պահանջում»: Պ-րն Ղազարյանը բիզնես միջավայրի զարգացման տեսանկյունից խիստ կարևորեց պետական կառույցների կողմից գործարար համայնքի և շահագրգիռ կողմերի միջև կազմակերպվող նման քննարկումները:   Հասարակական խորհրդի նիստում տեղի ունեցավ բաց և ակտիվ քննարկում, որի ընթացքում շահագրգիր կողմերը բարձրացրեցին իրենց հուզող խնդիրները: Գործարարների հիմնական դժգոհությունը վերաբերում էր պետական գնումների գործընթացում մրցակցային անհավասար պայմանների առկայությանը: Տնտեսվարողների կողմից հնչեցին դժգոհություններ նաև մանրածախ առևտրի կազմակերպման ոլորտի վերաբերյալ: Մասնավորապես, խոսքը վերաբերում է նշված ոլորտում գերիշխող դիրք ունեցող առևտրային ցանցերին մատակարարված և դրանց կողմից ապրանքների իրացման ընթացքում առաջացած որոշակի ռիսկերին: Ա. Շաբոյանը նշեց, որ Հանձնաժողովը հետամուտ կլինի բարձրացված խնդիրներին և հավաստիացրեց, որ դրանք կներառվեն հաջորդ տարվա աշխատանքային գործունեության ծրագրում:   Նիստի ավարտին Ա.Շաբոյանը ընդգծեց, որ Հանձնաժողովի կողմից հաճախակի կազմակերպվող նման քննարկումները կարևոր են նաև ՏՄՊՊՀ հետագա գործունեության համար, քանի որ Հանձնաժողովը հետամուտ է, որպեսզի վեր հանվեն  տնտեսական մրցակցության դաշտում եղած խնդիրները, որոնց վերաբերյալ առանցքային հարցերը կներառվեն առաջիկա աշխատանքային ծրագրերում: «Հանձնաժողովը  բաց է նման քննարկումների համար, և պատրաստ է արձագանքելու ոլորտի վերաբերող ցանկացած խնդրի»,-ասաց Ա. Շաբոյանը:

Դիտվել է 905 անգամ:
Print Friendly

Leave a Reply