Դատապարտյալների գործերը` միջազգային բարեգործական բազարում. գնումներ կատարեց նաև Բելլա Քոչարյանը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 18, 2009 18:17

«Մարիոտ» հյուրանոցն այսօր վերածվել էր իսկական միջազգային շուկայի, որտեղ իրենց ազգային հուշանվերներն ու կերակրատեսակներ էին ներկայացնում բազմաթիվ երկրների ներկայացուցիչներ:
7-րդ միջազգային բարեգործական բազարը կազմակերպել էր «Երևան» միջազգային կանանց ասոցիացիան (նախկինում Հայաստանի դիվանագետների կանանց ասոցիացիա)`նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի կնոջ՝ Նանե Օսկանյանի ղեկավարությամբ:
Հայկական հուշանվերներ ներկայացնող մի սեղանիկ տրամադրված էր ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կին և անչափահաս դատապարտյալների ձեռքի աշխատանքներին:

Դատապարտյալ Սիլվա Ասատրյանի աշխատանքները` կավից պատրաստված զարդատուփերը, դեկորատիվ սպասքը, ծաղկամաննեը շատերի ուշադրությունն էին գրավում: Սիլվան ուրախությամբ նշեց, որ քիչ առաջ Բելլա Քոչարյանը գնել է իր աշխատանքներից մի քանիսը` ընդհանուր 30.000 դրամ արժողությամբ:

«Մենք մեր աշխատանքները հիմնականում տուն ենք ուղարկում,-ասում է Սիլվան,-և այս վաճառքից ստացված հասույթով պետք է անհրաժեշտ պարագաներ գնենք` կավ, ներկեր, թելեր»:
Ցուցահանդես-վաճառքին մասնակցում էին Հայաստանում գտնվող բոլոր դիվանագիտական կառույցների ներկայացուցիչները, մասնավոր ընկերություններ, անհատներ: Կազմակերպիչներից մեկի` Լիլիթ Նազարյանի խոսքով «բազարից ստացված հասույթով իրականացվելու են Հայաստանում խոցելի վիճակում գտնվող կանանց և երեխաներին նվիրված ծրագրեր»:

Դիտվել է 1567 անգամ:
Print Friendly

Leave a Reply