Հանրային խորհուրդը կողմ է հայ-թուրքական սահմանի բացմանը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 18, 2009 17:47

Հայաստանի և Թուրքիայի թշնամությունը, ըստ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի, ձեռնտու է պետություններին, որոնք ուզում են Հայաստանի միջոցով հարցեր լուծել Թուրքիայի հետ:

Հանրային խորհրդի 3` բնապահպանական, ֆինանսատնտեսական և տարածքային կառավարման հանձնաժողովներն այսօր համատեղ նիստում քննարկում էին հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունները:

ՀԽ նախագահն ասում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը նորույթ չէ. 2 երկրների միջև կոնֆիդենցիալ բանակցություններ ընթացել են դեռ Լևոն Տեր Պետրոսյանի օրոք:

Մանուկյանն ասում է, որ «հայ-թուրքական սահմանի բացումն անհրաժեշտ է, քանի որ առաջիկա տարիներին չեն կարգավորվի Ադրբեջանի հետ հարաբերությունները: Իրանի հետ ճանապարհային հաղորդակցությունը թույլ է և ամեն վայրկյան կարող է ընդհատվել` կախված այն բանից, թե ինչպես կզարգանան Իրանի և Արևմուտքի հարաբերությունները: Վրաստանը հաճախ չարաշահում է իր մենաշնորհային դիրքը. բացի այդ, գնալով խորանում է ռուս-վրացական հակամարտությունը, և  ապագայում կարող է սահմանը փակվել` նաև Հայաստանի համար»:

Նախաստորագրված արձանագրությունները, ըստ Մանուկյանի, դիվանագիտական ձեռքբերում են ու նաև կամք` դրսևորված Թուրքիայի կողմից. «փաստաթղթերում խոսք անգամ չկա  Ցեղասպանության և Ղարաբաղի մասին: Մինչդեռ տարիներ շարունակ Թուրքիան որպես սահմանը բացելու և դիվանագիտական հարաբերություններ սկսելու նախապայման առաջադրել է Ցեղասպանության ճանաչումից հրաժարվելը և Ղարաբաղի հարցի կարգավորումը՝ հօգուտ Ադրբեջանի»:

Ողջ աշխարհը գիտի հայերի Ցեղասպանության մասին, սակայն տարբեր երկրներ, ընդունելով կամ չընդունելով այն, իրենց շահերն են հետապնդում. ուզում են ընտրությունների ժամանակ ստանալ սփյուռքահայ ընտրազանգվածի ձայները, ճնշումներ գործադրել Թուրքիայի վրա կամ էլ հումանիստական մղումներից դրդված են դա անում. բացատրում է Մանուկյանը՝ ընդգծելով, որ ի վերջո կարևոր է հենց Թուրքիայի ճանաչումը:

Միջպետական պատմական հանձնաժողով ձևավորելը, ինչպես նշում է ՀԽ նախագահը, օգտակար կլինի. «Այն քննարկելու է ոչ թե Ցեղասպանությունը, այլ հայ-թուրքական դարավոր հարաբերությունները, որի միայն մի դրվագն է Ցեղասպանությունը: Բացի այդ, թուրքական հանրության ներսում Ցեղասպանության քննարկումները բերելու են նրան, որ Թուրքիան ճանաչելու է այն»: Մանուկյանը վստահ է, որ հարաբերությունների կարգավորումից 10 տարի անց Թուրքիան հաստատ ներողություն կխնդրի հայ ժողովրդից. ժամանակ է պետք:

Անդրադառնալով սահմանների ճանաչման խնդրին` Մանուկյանն ասում է. «Չի կարող բացվել սահմանը, որը չես ճանաչում: Սակայն սահմանը չճանաչելով արդյո՞ք կկարողանանք հետ վերցնել հողերը»:

Թուրքիան, ըստ նրա, ուզում է ձգձգել արձանագրությունների հաստատման գործընթացը, քանի որ պիտի կարողանա պատասխան տալ Ադրբեջանին և թուրք ազգայնականներին: Ուստի եթե հայկական կողմն առաջարկի արձանագրություններում փոփոխություններ կատարել, ապա կիրագործի թուրքական կողմի ցանկությունները:

ՀԽ Տարածքային կառավարման հանձնաժողովի նախագահ Կորյուն Առաքելյանն ասում է, որ 2 երկրների հարաբերությունների կարգավորմամբ կփոխվի նաև Թուրքիայի օրենսդրության 301 հոդվածը, որը դատապարտում է հայերի Ցեղասպանության ճանաչումը: Ցեղասպանության քննարկումները թուրքական հասարակությունում կբերեն նրան, որ ավելի շատ մարդիկ կընդունեն այն և նրանց ճնշման ներքո` ի վերջո նաև Թուրքիան կճանաչի:

Հանրային խորհրդի անդամ Կարինե Դանիելյանն էլ, կողմ լինելով սահմանների բացմանը, նշում է, որ այս գործընթացը շատ արագ է առաջ գնում, մինչդեռ Հայաստանը պետք է քննարկի, օրինակ, Թուրքիայի կողմից դեմոգրաֆիական էքսպանսիայի հնարավորությունը, այս ոլորտում լուծումներ գտնի, նոր միայն բացի սահմանները:

Դիտվել է 1342 անգամ:
Print Friendly

Leave a Reply