Սպանված փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի գործը նոր հարթությունում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 17, 2011 10:36

Ոստիկանապետի պաշտոնից Ալիկ Սարգսյանի հրաժարականից եւ այդ պաշտոնում Վլադիմիր Գասպարյանի նշանակումից հետո, փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի սպանության գործի ընթացքը փոխվել է մեկ այլ հարթության վրա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում փոխանցել է Գեւորգ Մհերյանի հայրը` Պետրոս Մհերյանը:

Հիշեցնենք, որ 34-ամյա փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանը սպանվել է փետրվարի 3-ին ժամը 20.15-ին, Երեւանի Բարբյուս փողոցի 65 շենքի (Կիեւյան կամրջի հարեւանությամբ գտնվող «Օլիմպիա» մոթելի դիմաց) 7-րդ հարկի միջանցքում` վերելակից դուրս գալուց հետո։ Մհերյանի վրա արձակվել է ութ կրակոց, որոնցից չորսն են նրան դիպել` երեքը` գլխին, մեկը` կրծքավանդակին։

Իրավապահները դեպքի վայրում հայտնաբերել են 9 մմ տրամաչափի 8 պարկուճ եւ չորս գնդակ։ Ավելի ուշ պարզվել էր, որ Գեւորգ Մհերյանին մարդասպանը դարանակալել էր զոհի բնակարանի հարկաբաժնի վերելակի մոտ։ Երբ Մհերյանը վերելակից դուրս է եկել, մարդասպանն անմիջապես դիմահար կրակել է նրա կրծքին եւ գլխին։

Մարդասպանի արձակած ութ կրակոցների ձայնը լսելի է եղել Մհերյանի հարկաբաժնում ապրող բնակիչներին։ Սակայն նրա կինը եւ հարեւանները մի քանի րոպե վախեցել են տանից դուրս գալ, ինչի արդյունքում մարդասպանին հաջողվել է հանցագործության վայրից աննկատ հեռանալ։

Այս առնչությամբ գործը հարուցվել էր Քրեական օրենսգրքի երկու հոդվածների հատկանիշներով. 104 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (սպանություն, որը կապված է անձի ծառայողական գործունեության հետ), եւ 235 հոդվածի 1-ին մասով (ապօրինի հրազենի կրում):

2012-ի փետրվարի 3-ին կլրանա փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի սպանության 3-րդ տարին, այնինչ մինչ օրս ոչ միայն գործը բացահայտված չէ, այլեւ՝ քրեական գործով ձերբակալվածներ եւ կալանավորվածներ չկան: «Ես հիմա համոզված եմ, որ որոշ քայլեր արվում է, բայց չեմ կարող բարձրաձայնել, որը որից հետո է: Կարող եմ միայն ասել, որ կոնկրետ կասկածյալ չի կարող լինել, քանի որ իմ տղան եղել է «Կոռուպցիայի դեմ պայքարի» հանձնաժողովի նախագահ, հետեւաբար գործով կասկածյալների անունները շատ վերեւ են բարձրանում, հետեւաբար չեմ կարող անուններ տալ: Նրանք մի խումբ անձիք կարող են լինել, մի խումբ, որովհետեւ մի հոգու դեմ չի պայքարել իմ տղան: Բայց կարող եմ ասել, որ հիմա իրավապահները միանշանակ ճիշտ ճանապարհի վրա են եւ այդ ամենն սկսեց Վլադիմիր Գասպարյանի գալուց հետո: Ալիկ Սարգսյանի ժամանակ, ոչինչ չի արվել եւ ոչ մի ուշադրություն գործին չի դարձվել: Ճիշտ է Վլադիմիր Գասպարյանի հետ դեռ չեմ հանդիպել, բայց պատրաստվում եմ եւ վստահ կարող եմ ասել, որ նրա ժամանակ գործը փոխվել է մեկ այլ հարթության վրա»,- ավելացրեց Պետրոս Մհերյանը:

Թղթակցի հիշեցմանը, որ Ալիկ Սարգսյանը հավատացնում էր, թե գործը առաջիկայում բացահայտվելու է, եւ հարցին, թե իր կարծիքով, գործի սցենարը փոխվե՞լ է, նա պատասխանել է. «Ալիկ Սարգսյանը շատ ամպագորգոռ խոսքեր էր ասում, բայց իր խոսքերի տերը չեղավ, թողեց գնաց: Իսկ այսօր գործը Սերժ Սարգսյանի ուշադրության ներքո է եւ ես մեծ հույսեր եմ փայփայում»:

Հիշեցնենք, որ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը դեռեւս 2009թ. փետրվարի 27-ին, Մհերյանի սպանության փաստի առիթով ասել էր. «Ես ուղղակի հավաստիացնում եմ, որ անելու ենք ամեն ինչ, որ այդ հանցագործությունը բացահայտվի, դա պատվի եւ արժանապատվության հարց է ոստիկանության համար: Դուք չկասկածեք, մեզ մի քիչ ժամանակ է պետք»: Հաջորդող մեկ այլ ասուլիսում Ալիկ Սարգսյանը նշել էր, թե սույն գործի բացահայտումը «ոստիկանության թասիբի հարցն է»:

Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանից թղթակիցը հետաքրքրվել էլ է թե ճի՞շտ է, որ Վլադիմիր Գասպարյանը գործին բոլորովին այլ ընթացք է տվել, ինչին նա արձագանքեց. «Նյութերը նախաքննական մարմնի մոտ են եւ այս պահի դրությամբ հրապարակման ենթակա դեռ որեւէ տեղեկություն չենք կարող տալ»: Հարցին, թե այս պահի դրությամբ կոնկրետ կասկածյալներ կա՞ն, թե` ոչ, նա ավելացրեց. «Նախաքննության շահերից ելնելով այս պահի դրությամբ, որեւէ տեղեկատվություն այդ գործի վերաբերյալ չենք կարող ասել»:

Նշենք, որ Գ. Մհերյանի սպանությունից հետո մամուլում, քաղաքական շրջանակներում եւ քաղաքում շրջանառվող լուրերի համաձայն սպանության ամենահավանական վարկածն այն էր, որ սպանությունը պայմանավորված է Մհերյանի կողմից անձնագրերի եւ վիզաների վարչությունում ստուգումներ իրականացնելու հետ, որտեղ մեծ գումարներ են շրջանառվում: ՀԺ-ի տեղեկություններով, այդ ստուգումների արդյունքում խոշոր գումարների չարաշահումների փաստեր են ի հայտ եկել, եւ Մհերյանը չի համաձայնել հենց այնպես աչք փակել այդ ամենի վրա։ Իսկ 2009թ-ի փետրվարի 7-ի ճեպազրույցների ժամանակ խորհրդարանական ուժերը չեն բացառել, որ փոխոստիկանապետի սպանությունը կարող է վենդետա լինել։

Մհերյանի հորից հետաքրքրվել են, թե տեղյա՞կ է, արդյոք` վերը նշված վարկածներից որն է ներկա պահին քննության հիմքում ընկած, ինչին ի պատասխան նա արձագանքել է. «Միայն կարող եմ ասել, որ սպանության պատճառը եղել է իր գործունեությունը, իր պաշտոնը: Ավելին ասել չեմ կարող»:

Հարկ է նկատել, որ սույն գործով ոստիկանությունը ջանք չի խնայել ցույց տալու համար, թե ամեն ինչ անում են գործը բացահայտելու համար: Օրինակ, 2009թ-ի փետրվարի 20-ին  ՀՀ ոստիկանությունը հայտարարություն տարածեց, ըստ որի` խոշոր դրամական պարգեւ են խոստանում Գեւորգ Մհերյանի սպանության մասին տվյալների դիմաց։ Ավելին` 2009-ի ամռանը Ալիկ Սարգսյանը հայտարարել է, որ այդ գործով ձերբակալվածներ կան (ըստ մամուլի հրապարակումների` Իգիթյան եղբայրներ), սակայն ավելի ուշ նրանք ազատ են արձակվել:

Ի դեպ, հիշեցնենք, որ այս տարվա հոկտեմբերի 9-ի երեկոյան, շմոլ գազից թունավորմամբ «Արմենիա» բժշկական կենտրոն էին տեղափոխվել Գեւորգ Մհերյանի ընտանիքի անդամներ Կարինեն, Արմենը, Ելենան եւ Մեսրոպը: Պետրոս Մհերյանը պնդում է, որ տեղի ունեցածը մահափորձ է: «Միանշանակ այդպես է, ես ուրիշ ոչինչ չեմ կարող ասել: Եթե իմ տանը չկա շմոլ գազի արտահոսք, բայց երկու օր շարունակ ժամը 4-ին գազի թունավորումից ուշաթափվում ենք, սա ի՞նչ է»,- ասաց նա:

Պատրաստեց` Տաթեւիկ Մեսրոպյանը

 

 

Դիտվել է 1171 անգամ:
Print Friendly

Leave a Reply