Բազմաբնակարան շենքերի կառավարման և շահագործման հնգամյա ծրագիրը վեճերի առիթ է դարձել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 16, 2011 17:40

Դեկտեմբերի 15-ին Հանրային խորհրդում քննարկվեց թեժ թեմա: Հանրային խորհրդի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովը հրավիրել էր քննարկում  հանրապետությունում բազմաբնակարան շենքերի պահպանման, սպասարկման և արդիականացման հարցերի առնչությամբ: Քննարկման առիթը կառավարության կողմից հաստատված  ՀՀ բազմաբնակարան  բնակֆոնդի կառավարման և շահագործման 5-ամյա ռազմավարական ծրագիրն էր:

«Այս թեման շատ տաք թեմա է, և երբեմն  էմոցիաներ են առաջանում, որոնք կարող են վեճերի տեղիք տալ: Այսօր այս դահլիճում այդ հարցը չի լուծվում: Դուք կհայտնեք ձեր կարծիքները, որոնց հիման վրա մենք կստեղծենք մի տեղեկանք, և մենք ՀԽ   կոլեգիալ նիստում այս կառույցների ղեկավարների մասնակցությամբ կներկայացնենք բոլոր առաջարկությունները»,- ասաց ՀԽ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Առաքելյանը:

Այս ծրագիրը առաջացրել է մի շարք հարցեր բազմաբնակարան շենքերի կառավարումն իրականացնող համատիրությունների մոտ: Քննարկմանը ներկա համատիրությունների ղեկավարները մտավախություն հայտնեցին, որ այն դրույթները, որ բազմաբնակարան շենքերի սպասարկումն այսուհետև պետք է իրականացնեն առևտրային կազմակերպությունները, նշանակում է, որ համատիրություններից կխլվի շենքերի կառավարումը: Այստեղ հարց է առաջանում նաև կառավարման մարմինների հետ կապված, երբ պետք է հանդես գան լիազարված կառավարիչներ`թվով 5000 հոգի, ում վերապատրաստումը ևս լուրջ ծախսեր է պահանջում: Իսկ այդ մարդկանց հետ աշխատելը միայն Երևանում  քաղաքապետարանի համար կդառնա լուրջ փորձություն, քանի որ այնտեղ հազիվ հասցնում են աշխատել մոտ 250 համատիրությունների հետ:

 

Դիտվել է 1283 անգամ:
Print Friendly

Leave a Reply