Որո՞նք են աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերը

ԻՐԱՎՈՒՆՔ, Շաբաթվա լուր | | December 23, 2011 7:00

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 15-րդ գլուխը նվիրված է աշխատանքային պայմանագրի լուծմանը, իսկ 109-րդ հոդվածը թվարկում է լուծման հիմքերը, որոնք են`

1) կողմերի համաձայնությամբ,

2) պայմանագրի գործողության ժամկետը լրանալու դեպքում,

3) աշխատողի նախաձեռնությամբ,

4) գործատուի նախաձեռնությամբ,

5) աշխատողի պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելու դեպքում,

6) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի առկայության դեպքում, որի համաձայն` աշխատողը ենթարկվել է այնպիսի պատասխանատվության, որը հնարավորություն չի տալիս շարունակելու աշխատանքը,

7) եթե աշխատողը oրենսդրությամբ սահմանված կարգով զրկվել է որոշակի աշխատանքներ կատարելու իրավունքից,

8) եթե աշխատողը մինչև 16 տարեկան է, և կա՛մ ծնողներից մեկը, կա՛մ որդեգրողը կամ հոգաբարձուն, կա՛մ նրա առողջության նկատմամբ հսկողություն իրականացնող բժիշկը և կա՛մ աշխատանքի պետական տեսուչը պահանջում է աշխատանքային պայմանագրի լուծում,

9) աշխատանքի էական պայմանները փոփոխվելու դեպքում,

10) ֆիզիկական անձ գործատուի մահվան դեպքում,

11) աշխատողի մահվան դեպքում,

12) աշխատանքի ընդունվելիս ՀՀ աշխատանքային օրենսգրքի 89-րդ հոդվածի 3-րդ և (կամ) 4-րդ կետերի համաձայն` աշխատողի ներկայացրած տեղեկատվությունը կեղծ լինելու դեպքում,

13) աշխատանքի ընդունվելիս որոշակի աշխատանքներ կատարելու իրավունքից զրկված լինելու փաստը աշխատողի թաքցնելու դեպքում:

Վերոհիշյալ դեպքերում աշխատանքային պայմանագրի լուծումը ձևակերպվում է գործատուի ընդունած անհատական իրավական ակտով:

Կողմերի համաձայնությամբ աշխատանքային պայմանագիրը լուծելիս աշխատանքային պայմանագրի մի կողմը գրավոր ձևով առաջարկում է մյուս կողմին լուծել պայմանագիրը: Առաջարկի հետ համաձայնվելու դեպքում մյուս կողմը պետք է 7 օրվա ընթացքում իր համաձայնության մասին ծանուցի առաջարկ ներկայացրած կողմին: Եթե կողմերը համաձայնվում են լուծել պայմանագիրը, ապա այդ մասին կնքում են գրավոր համաձայնագիր, որում նշվում են պայմանագրի լուծման ժամկետը և այլ պայմաններ (հատուցումներ և այլն):

Եթե պայմանագիրը լուծելու առաջարկություն ստացած կողմը նշված ժամկետում չի ծանուցում պայմանագիրը լուծելու իր համաձայնության մասին, ապա աշխատանքային պայմանագրի լուծման մասին առաջարկը համարվում է մերժված:

Որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը լրանալու պատճառով գործատուն կամ աշխատողն իրավունք ունի լուծելու պայմանագիրը, բացառությամբ հետևյալ դեպքի. եթե որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը լրանալուց հետո պայմանագիրը չի լուծվում աշխատանքային օրենսգրքի 111-րդ հոդվածով սահմանված կարգով, և աշխատանքային հարաբերությունները շարունակվում են, ապա պայմանագիրը համարվում է կնքված անորոշ ժամկետով:

Գործատուն կարող է ժամկետը լրանալու պատճառով լուծել որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը` այդ մասին գրավոր ծանուցելով աշխատողին առնվազն 10 օր առաջ:

Աշխատողը կարող է լուծել որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը` պայմանագրի գործողության ժամկետը լրանալուց առնվազն 10 օր առաջ գրավոր ծանուցելով գործատուին: Եթե աշխատողը չի ծանուցել գործատուին որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին և պայմանագրով նախատեսված վերջին աշխատանքային օրվան հաջորդող աշխատանքային օրը դուրս չի եկել աշխատանքի, ապա պայմանագիրը համարվում է լուծված, և գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել վերջնահաշվարկ այդպիսի պահանջ ներկայացվելու օրվան հաջորդող 5 օրվա ընթացքում:

Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

Դիտվել է 2702 անգամ:
Print Friendly

Leave a Reply