Սարգիս Գրիգորյան. «Թատրոնն այսօր, ցավոք, անուշադրության է մատնված»

Հարցազրույց | | December 22, 2011 7:00

«Իմ առաջին լուրջ ձեռքբերումը ընտանիքս է, եթե իմ կինը չլիներ այն կինը, որը հիմա կա, ես հաջողությունների չէի հասնի: Շատ քիչ կանայք են այնպես անում, որ իրենց տղամարդիկ առաջատար լինեն»,- ասում է Սարգիս Գրիգորյանը: Սրտակեր դերասանի առաջին քննադատը կինն է, խոստովանում է, որ շատ չի նեղսրտում

Սարգիսը մեզ հետ զրույցում պատմեց իր անցած ճանապարհից, դերերից ու հայ կինոյից:

Երբվանի՞ց Սարգիսը որոշեց, որ պետք է դերասան դառնա:

– Հատուկ չեմ մտածել, որ պետք է դերասան դառնամ, ու վերջ: Երբ բանակից վերադարձա, պարապ էի, զբաղմունք չունեի: Մանկության ընկերս` Հայկը Օրդյան, ասաց. «Սաքո, արի պարապենք քեզ հետ, ընդունվիր թատերական ինստիտուտ»: Ես չէի կարող դեմ լինել: Միասին գնացինք «Հայֆիլմ» կինոդերասանի ստուդիա` ռեժիսոր Մարգարյանի մոտ: Նա էլ ինձ շատ օգնեց: Պարապեցի բեմական խոսք, դրան զուգահեռ սկսեցի շատ գրքեր կարդալ, հիմնականում կարդում էի պիեսներ, ու ընդունվեցի: Քիչ ժամանակ էր պետք, որ հասկանայի` սա իմ տեղն է: Դա կարծես այն էր, ինչ ես շատ երկար փնտրում էի ու չէի գտնում, որովհետև ֆիզիկայի, քիմիայի ու մաթեմատիկայի առանձնակի սեր դպրոցում չեմ ունեցել:

Ծնողներդ ինչպե՞ս վերաբերվեցին:

– Ծնողներս սկզբում լուրջ չընդունեցին` մտածելով, որ դա իմ հերթական հետաքրքրությունն է, կանցնի-կգնա: Բայց երբ ամեն ինչ սկսեց ավելի լրջանալ, սկսեցի ուսմանը շատ ժամանակ հատկացնել, ծնողներս մտահոգվեցին: Ուղղակի ասում էին` դա քոնը չէ:

Իսկ ծնողներդ ի՞նչ էին առաջարկում:

– Դե, բոլոր ծնողների պես առաջարկում էին ժամանակի պահանջարկ վայելող մասնագիտությունները, որոնք կարող էին հարթել ամբողջ կյանքի ճանապարհը: Հետո կամաց-կամաց հասկացան, որ չէ, ինչ-որ մի բան ստացվում է, ու եթե ինչ-որ մի բան անեմ, կանեմ հենց այս մասնագիտությամբ:

Առաջին դեբյուտային փորձերդ ե՞րբ եղան:

– Առաջինը փորձս «Հայֆիլմ» կինոդերասանի ստուդիայում էր: Մարգարյանը մի ռուսական հետաքրքիր պիես էր բեմադրում, այդտեղ հանդես եկա: Իսկ եթե ավելի լուրջ, ապա «Մկների ժողովը» ներկայացումն էր մեծահասակների համար:

Ասում են` հետո ընդունվել ես թատերական ինստիտուտ, ընդ որում, Արմեն Էլբակյանի դասարան:

– Այո, հենց ընդունվեցի առաջին կուրս, Արմեն Էլբակյանը հենց սեպտեմբեր ամսից ինձ տարավ թատրոն: Ես երևի առաջին ուսանողն էի, որ հաստիքով հենց առաջին կուրսից աշխատեցի թատրոնում: Դա մի մեծ երազանք էր ինձ համար: Իմ համագործակցությունը թատրոնի հետ ավելի քան 7 տարվա պատմություն ունի, իսկ դա, կարծում եմ, կարճ ժամանակահատված չէ:

Թատրոնից կինո անցումն ինչպե՞ս եղավ:

– Հետաքրքիր մի բան ասեմ: Ես ինձ երբեք դերասան չէի համարում, միշտ ինձ համարել եմ ձայն կարդացող, ասում էին` ձայնդ լավն ա, ես էլ տպավորվել էի: Երբ դեռ նոր-նոր էր ձևավորվում սերիալների մշակույթը, կողքից հետևում էի դերասաններին, երբեմն ռեժիսորներին ասում էի, թե ինչու է այսինչը այսքան վատ խաղում:

Առաջին դերը ստացա հենց «Արմենիա» հեռուստաընկերությունում` «Ճակատագրի գերիները» սերիալում, ու ասեմ անկեծ` միանգամից սիրվեցի: Հեռուստադիտողի կողմից չգիտեմ` սիրվեցի, թե չէ, բայց, այնուամենայնիվ, «Արմենիայի» ներսում իմ հադեպ վերաբերմունքը փոխվեց միանգամից: Սցենարիստը սկսեց իմ դերն ավելի ու ավելի զարգացնել: Հետո մայրս էր նայում, եղբայրս, ու ասացին, որ ինչ-որ բան ստացվում է:

Դերասաններ կան, որոնք մի դերից դուրս չեն գալիս

– Երկու դեպք կա: Ռեժիսորներ կան, որոնք դերասանին թողնում են դերի մեջ, այսինքն` դերասանի հետ այնքան լավ ռեժիսոր է աշխատում, ու դրանից հետո նա, աշխատելով «վատ» ռեժիսորների հետ, մնում է այն լավ ռեժիսորի ազդեցության տակ: Երկրորդ` պատահում են դեպքեր, որ դերասանը գաղափար չունի դերասանությունից, եկել է փողոցից, շատ կարճ ժամանակում սիրվում է, որովհետև դրական կերպար է մարմնավորում, ու դրանից հետո նա բոլոր դերերը նույնությամբ կրկնօրինակում է:

Սարգիս, դերերի ընտրության հարցում պահանջներ ունենո՞ւմ ես:

– Հա, դա ամենացավոտ հարցերից մեկն է: Այնքան քիչ է ամեն ինչ, որ  ընտրություն կատարելու հնարավորություն չունես: Սերիալում փորձում ես քո գեղագիտական մոտեցումներով անել այնպես, որ կերպարը ավելի խոր տպավորություն թողնի: Ես շատ եմ փորձում դերս մինչև նկարահանման հրապարակում հայտնվելը: Աշխատում եմ անել հնարավորը, որ դերս տպավորություն թողնի, կենսագրություն ունենա:

Բավական չար դերեր ես խաղում

– Երևի կհիշեմ միայն «Որոգայթ» սերիալը, որտեղ ոչ թե չար մարդու էի մարմնավորում, այլ ավելի նյարդային խառնվածքով, մի քիչ ավելի կրակոտ տղայի: Չեմ կարծում, որ կարելի է դա չար դեր համարել: Պարզապես բնավորության մի գիծ է, որ գուցե հատուկ չէ բոլորին: Հետո էլի մի սերիալում գլխավոր հերոսի դերն էի կերտում: Վահանի դերն էր «Հատուցում» ֆիլմի մեջ, այդ ֆիլմում դերս ավելի լուրջ էր: Այսինքն` բիզնեսմեն էր, տան ավագ զավակը, որ հոր մահից հետո կարծես տան գլուխն էր: Խաղացել եմ նաև հաշմանդամի դեր: Դա ավելի հոգեբանական դեր էր. սայլակը, կերպարը արդեն դրդում էին, որ դերը ստացված համարվի:

Անվիճելի է` սերիալներում վարձատրությունն ավելի բարձր է, քան թատրոնում

– Թատրոնը չեմ մոռացել, պարզապես պետք է ժամանակ հատկացնել, որը չունեմ: Որովհետև, եթե այդ ժամանակն ունենամ, ապա չեմ կարողանա ընտանիք պահել: Ամբողջ խնդիրը սա է: Թատրոնը հիմքն է, ու կարծում եմ` թատրոնն այսօր անուշադրության է մատնված: Եթե դերասանը ստանում է 40-50 հազար  դրամ աշխատավարձ, կարո՞ղ է ընտանիք պահել: Գալիս է մի շրջան, երբ ցանկանում ես պատասխանատվությամբ աշխատել, կամ էլ չես ցանկանում աշխատել: Թատրոնն ուղղակի լուրջ վերաբերմունք և ուշադրություն է պահանջում:

Բայց դերասաններն այսօր վատ չեն ապրում, չէ՞:

– Ո՞ր դերասանն է լավ ապրում: Դերասաններ կան, ովքեր օր ու գիշեր աշխատում են, ու բարեկեցիկ չեն ապրում: Գիտես, երբեմն այնքան հոգնած եմ լինում, որ գիշերվա մի քանի ժամը բավական չէ  հանգստանալու համար: Այնքան գերծանրաբեռնված եմ լինում, որ նույնիսկ վերջերս մարդ գցեցի մեքենայի տակ: Եվ դա միայն այն պատճառով, որ ուզում եմ մի քիչ լավ ապրել:

Սերիալներում որևէ բացասական բան չկա՞:

– Կա, ոնց չկա: Ինձ համար, օրինակ, դժվար է նկարահանվել մի մարդու հետ, որը դերասան չէ: Դեպք է եղել, երբ մեկը եկել է նկարահանման հրապարակ ու լինելով ավտոէլեկտրիկ` մարմնավորել է բժշկի դեր: Դա է բացասական: Պատահական շատ մարդիկ կան, որ հայտնվում են էկրանին: Ու որոշ քննադատներ էլ որակ են ուզում, չեմ կարծում, որ այդպես կարելի է որակ ստանալ:

Եվ վերջում ավարտիր այս միտքը. «Ես կմնամ Հայաստանում, որովհետև…»

Որովհետև ուրիշ տեղ չեմ կարող ապրել: Շատ եմ փորձել, նույնիսկ վերջերս նպատակ ունեի մեկնել Մոսկվա, բայց 15 օրը հերիք էր, որ հասկանայի` Հայաստանից բացի, այլ տեղ չեմ կարող երկար ապրել:

 

Հարցազրույցը վարեց

Միքայել ԱՀԱՐՈՆՅԱՆ

 

Դիտվել է 2916 անգամ:
Print Friendly

Leave a Reply