Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց ՍԾՏՀ արտգործնախարարների հանդիպմանը

Պաշտոնական, Օրվա լուր | | December 16, 2011 15:57

Դեկտեմբերի 16-ին Մոսկվայում տեղի ունեցավ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 25-րդ հանդիպումը, որին մասնակցում էր նաեւ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Արտգործնախարարների խորհրդի հանդիպմանը մասնակցում էին նաեւ ՍԾՏՀ դիտորդ երկրների, մի շարք միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Նախարարական հանդիպման օրակարգում էին առեւտրի,  տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, բնապահպանության, զբոսաշրջության, արտակարգ իրավիճակների արձագանքման ոլորտներում կազմակերպության անդամ երկրների համագործակցության հարցերը:

Ելույթ ունենալով նախարարական հանդիպմանը` Էդվարդ Նալբանդյանը կարեւորեց ՍԾՏՀ 20-ամյակի նախաշեմին կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացման, տարածաշրջանային կոնկրետ ծրագրերի պատշաճ իրականացմանն ուղղված տնտեսական նոր օրակարգի ձեւավորման եւ խթանման նշանակությունը:

Նախարար Նալբանդյանը ողջունեց անցած ժամանակահատվածում ՍԾՏՀ տրանսպորտի, գյուղատնտեսության եւ արտակարգ իրավիճակների նախարարների կողմից ընդունված համապատասխան ոլորտներում հռչակագրերը:

Համագործակցության ձեռքբերումների շարքում նախարար Նալբանդյանը նշեց ՍԾՏՀ առողջապահության եւ դեղագործության հարցերի Հայաստանի կողմից համակարգվող աշխատանքային խմբի շրջանակներում ՍԾՏՀ անդամ երկրներում սանիտարական պաշտպանության բնագավառում համագործակցության հուշագրի նախագծի ընդունումը, ինչպես նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հարցերի Հայաստանի կողմից ղեկավարվող աշխատանքային խմբում վերոհիշյալ ոլորտում համագործակցությունը խթանելու եւ նոր գործընկերներ ներգրավելու ուղղությամբ կատարված աշխատանքները:

Հանդիպման արդյունքում ՍԾՏՀ արտգործնախարարներն ընդունեցին 80-ից ավելի որոշումներ եւ առաջարկություններ:

Հանդիպման ավարտին ՍԾՏՀ-ում նախագահությունը Ռուսաստանից փոխանցվեց Սերբիային, որը կնախագահի կազմակերպությունը 2012թ. առաջին կեսին:

 

 

Դիտվել է 1285 անգամ:
Print Friendly

Leave a Reply