Վարչապետ. «Կենսաթոշակային կուտակային նոր համակարգը հնարավորություն կտա քաղաքացիներին երաշխավորել իրենց ապահով ծերությունը»

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | December 16, 2011 15:40

Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Երևանում աշխատանքները սկսած առաջին կենսաթոշակային տարեկան համաժողովին, որի նպատակն է ամփոփել վերջին մեկ տարվա ընթացքում կենսաթոշակային բարեփոխումների ուղղությամբ կատարարված աշխատանքները և նախանշել հետագա կարևորագույն քայլերը: Կառավարության ղեկավարը նշել է, որ կենսաթոշակային կուտակային նոր համակարգը հնարավորություն կտա քաղաքացիներին երաշխավորել իրենց ապահով ծերությունը: «Մենք փոխում ենք քաղաքացիական մտածողությունը և նրանց մոտիվացիան: Աշխատող քաղաքացին պետք է մտածի, որ ինքն է պատասխանատու իր ապագայի համար և կուտակումներ կատարի իր ապահով ծերության համար»,- ասել է վարչապետը: Այդպիսի տրամամաբանություն է դրված կենսաթոշակային բարեփոխումների հիմքում, ինչը համահունչ է ժամանակակից աշխարհի իրողություններին: «Մենք ստեղծում ենք ազատ մտածող մարդու միջավայր, ով պետք է կարողանա իրացնել իր ազատությունը: Կենսաթոշակային բարեփոխումները մեր հասարակությունում փոխելու են տնտեսական և ֆինանսական մտածողությունը»,- նշել է Տիգրան Սարգսյանը: Դա բերելու է մտածող, կանխատեսող և խստապահանջ մարդկանց բանակի ձևավորման: Վարչապետն ասել է, որ պետությունն ստեղծելու է բարենպաստ միջավայր և քաղաքացիներին զինելու է գիտելիքներով, որպեսզի նրանք կարողանան արդյունավետորեն կուտակել իրենց միջոցները: «Պետությունը կրկնապատկելու է այն խնայողությունները, որոնք կուտակային համակարգի միջոցով իրականացնելու են մեր քաղաքացիները»,- նշել է կառավարության ղեկավարը: Վարչապետն ասել է, որ կենսաթոշակային բարեփոխումների ներդրումով բացահայտվել են նախկինում առկա կոռուպցիոն ռիսկերը, որոնց լուծմամբ կբացառվեն կրկնահաշվարկները: Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ 2012 թվականի հունվարի մեկից կառավարությունը տասական տոկոսով բարձրացնելու է սոցիալական ապահովության նպաստներն ու կենսաթոշակները: «Անգամ ճգնաժամի տարիներին` պետությունը ոչ միայն ամբողջությամբ կատարեց իր պարտավորությունները, այլև ավելացվեցին թոշակներն ու սոցիալական նպաստները: Մենք հետևողական ենք սոցիալական քաղաքականության այս սկզբունքի կիրառման առումով»,- ասել է կառավարության ղեկավարը:Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը Հայաստանում ներդրվելու է 2014թ. հուվարի մեկից: Բարեփոխումից հետո, կենսաթոշակային ապահովության համակարգն ունենալու է երեք բաղադրիչ. պետության կողմից ապահովվող բազային կենսաթոշակ, պարտադիր կուտակային բաղադրիչ (քաղաքացիների աշխատավարձի 5 տոկոսի չափով վճարում, որը կրկնապատկելու է պետությունը) և կամավոր կուտակային` քաղաքացիների հայեցողությամբ: Համակարգը պարտադիր է լինելու 1974թ. հունվարի մեկից հետո ծնված քաղաքացիների համար: Կամավոր կուտակային համակարգը գործում է 2011թ. հունվարի մեկից:

Դիտվել է 1537 անգամ:
Print Friendly

Leave a Reply