Հայաստանը կարող ե դառնալ R2P նորմի համաշխարհային դրոշակակիր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | Գևորգ Ավչյան | December 16, 2011 15:42
Քաղաքացիական հասարակությունները և քաղաքական կամքն ի զորու են կանխել մարդկության դեմ ուղղված ոճրագործությունները, ցեղասպանությունները, էթնիկ զտումներն ու ռազմական հանցագործությունները:
Դեկտեմբերի 15-ին ՄԱԿ-ի հայկական ասոցիացիան և ՀՀ նախագահին առընթեր հանրային խորհրդի Քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի հետ համատեղ կազմակերպել էր քննարկում` «պաշտպանելու պարտավորություն (R2P), համախմբելով հանրային և քաղաքական կամքը» թեմայով: Քննարկվեցին Հանրային խորհրդի և նրա կառուցվածքային օղակների հետ համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները:
«Ես ուզում եմ կարևորել այս խնդիրը, հատկապես այն իմաստով, որ մենք ցեղասպանություն տեսած ժողովուրդ ենք, իսկ պաշտպանելու պարտականություն ծրագիրը ուղղված է, նախևառաջ, ցեղասպանության, ռազմական հանցագործությունների, մարդկության դեմ ուղղված այլ ոճրագործությունների կանխարգելմանը` մասնավորապես նաև էթնիկ զտումների, տեղահանությանը և այլն»,- նշեց ՀԽ քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը:
Ծրագիրը նպատակ ունի համախմբել հանրային և քաղաքական կամքը` կանխարգելելու և, անհրաժեշտության դեպքում, ուժեղացնելով R2P-ն` կանխելու մարդկության դեմ ուղղված հանցագործությունները: Այս նորմի և ծրագրի իրականացման առումով Հայաստանը կարող է հանդես գալ որպես դրոշակակիր` մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելմա և պատժման դեմ համաշխարհային հանրության պայքարում:
«Ուզում եմ հատուկ ընդգծել, որ ՄԱԿ-ի ազգային ասոցիացիաների համադաշնության կողմից R2P նորմի տարածման Եվրոպայում առաջին պիլոտային ծրագիրը իրականացվում է Հայաստանում: Դա, կարծում եմ, կարևոր ազդանշան և կարևոր կարծիք է մեր երկրի, քաղաքացիական հասարակության, և ընդհանրապես մեր դերակատարման վերաբերյալ: Ուզում եմ առանձնացնել, որ նման մոտեցումը, և այս բանաձևի նման քննարկումը կարող են մեզ շատ լուրջ հնարավորություն ընձեռնել, որպես ազգ, որպես հանրություն` մեր իրավունքների պաշտպանության և մեր պատմության էջերի կտրվածքով արդարության հասանելիության համար, ինչպես նաև մեր ազգային փոքրամասնություններին հնարավորություն տալ` պաշտպանոլու իրենց շահերն այն երկրներում, որտեղ ճնշվում են իրենց եղբայրակիցները»,- ասաց ՀԽ Հասարակական ոչ կառավարական կազմակերպությունների ենթահանձնաժողովի նախագահ Էդգար Հակոբյանը:
Պաշտպանելու պարտավորությունը միջազգային նորմ է, որն ընդունվել է ՄԱԿ-ի կողմից 2005 թ-ին և ուղղված է ցեղասպանությունների, ռազմական հանցագործությունների, էթնիկ զտումների և մարդկության դեմ ուղղված ոճրագործությունների կանխարգելմանը:
«Պետք է նշեմ, որ ամբողջ աշխարհի մակարդակով ծրագիրը պիլոտային է, այսինքն` այս ծրագրի արդյունքները շատ կարևոր են նաև հետագայում տարածելու համար: Բայց քանի որ Մերձավոր Արևելքի երկրներում իրավիճակը սրվեց` կապված արաբական գարնան հետ, ծրագրի և R2P նորմի նշանակությունները գնալով մեծանում են աշխարհում: Չնայած որ մինչ այս նորմի ընդունումը Մակի բազմաթիվ կոնվենցիաներ ու բանաձևեր են եղել այս առումով, բայց R2P –ն, կարծես, համատեղում է այդ բոլոր կոնվենցիաներն ու հռչակագրերի կետերը, որոնք ուղղված են կանխելու մարդկության դեմ ուղղված հանցագործությունները»,- պարզաբանեց R2P ծրագրի ազգային համակարգող, ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի նորկայացուցիչ Ամալյա Գրիգորյանը:
R2P նորմի իրականացման համար ՄԱԿ-ի կողմից ներառված են երեք հիմնասյուներ. առաջինը` պետության առաջնային պարտավորությունն է բնակչությանը պաշտպանել ցեղասպանությունից, ռազմական հանցագործություններից, մարդկության դեմ ոճրագործություններից, էթնիկ զտումից, ինչպես նաև նմանատիպ հանցագործությունների հրահրումից: Երկրորդը` միջազգային հանրությունը պարտավոր է R2P-ի իրականացման գործում քաջալերել և աջակցել պետություններին: Եվ երրորդը` միջազգային հանրությունը պարտավոր է օգտագործել համապատասխան դիվանագիտական, մարդասիրական և այլ միջոցներ (նաև ռազմական)` մարդկությանը պաշտպանելու վերոհիշյալ հանցագործություններից: Եթե որևէ պետություն ակնհայտորեն չի կարողանում պաշտպանել իր ժողովրդին , միջազգային հանրությունը պարտավոր է պատրաստակամորեն գործել, պաշտպանել խաղաղ բնակչությանը` չխախտելով ՄԱԿ-ի կանոնադրության դրույթները` պետությունների սուվերենության դրույթները:






Facebook
Tweet This
Email This Post
