Փախուստ բանտից հայկական սցենարով. վերջին 19 տարիներին փախուստի է դիմել 198 կալանավոր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 16, 2011 14:58

Հայաստանի քրեակատարողական հիմնարկներից եւ ոստիկանության ձերբակալվածների անձանց պահման վայրերից վերջին 19 տարիների ընթացքում փախուստի 198 դեպք է գրանցվել, որոնցից 8-ի դեպքում գործը կասեցվել է` կատարողի հետախուզման մեջ գտնվելու կապակցությամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին փոխանցեցին ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից: Այսպիսով` 1993 թվականից մինչ օրս ՀՀ քրեական օրենսգրքի 355 /նախկին քր.օր.-ի 203/ հոդվածով (փախուստն ազատազրկման վայրից,  կալանավորվածներին պահելու վայրից կամ ձերբակալվածներին պահելու վայրից) գրանցված հանցագործությունների վերաբերյալ առկա է հետեւյալ պատկերը.

1993 թվականին` 43 փախուստ, որից 3 կասեցվել է, 1994-ին` 28 փախուստ` 2-ը կասեցվել է , 1995-ին` 15 փախուստ, 1996-ին` 9 փախուստ, 1997-ին` 5 փախուստ, 1998-ին` 6 փախուստ, 1999-ին` 9 փախուստ, որից 1-ը կասեցվել է, 2000-ին` 5 փախուստ, 2001-ին` 4 փախուստ, 2002-ին` 3 փախուստ, 2003-ին` 3 փախուստ, 2004-ին` 14 փախուստ, 2005-ին` 15 փախուստ, 2006-ին` 8 փախուստ, որից 1-ը կասեցվել է, 2007-ին` 5 փախուստ, 2008-ին` 7 փախուստ, 2009-ին` 7 փախուստ, որից մեկը կասեցվել է, 2010-ին` 11 փախուստ, եւ 2011-ին մինչ օրս` 10 փախուստ:

Փախուստի սցենարները տարբեր են. շատերը պատրաստ են հսկայական գումարներ վճարել քրեակատարողական հիմնարկի քարտեզը ձեռք գցելու համար, մի մասը փախչում է դատարանից, մեքենայից, անվտանգության աշխատակիցների հետ են փորձում պայմանավորվածություն ձեռք բերել եւ այլն:

Երկու անգամ «Կոշ» ՔԿՀ-ից փախած կալանավորներին դիմավորած Արագածոտնի մարզի Լեռնարոտ գյուղի բնակիչներըNEWS.am-ի թղթակցին փոխանցեցին, որ երկու անգամ դեպք է եղել, երբ ՔԿՀ-ից փախուստի դիմած կալանավորները փորձել են ապաստան գտնել իրենց գյուղում: «Մոտավորապես 20 տարի առաջ Կոշի գաղութից 12 կալանավոր է փախել: Նրանց շներով, ուղղաթիռներով հետախուզում էին, ինչի արդյունքում մի քանիսին բռնեցին: Մեկն էլ հիշում եմ սելավի մեջ էր թաքնվել, հենց ջրի մեջ շունը գնաց ուղիղ կանգնեց գլխին ու բռնեցին: 2004-ին էլ 3 հոգի փախան եւ հասան մեր գյուղի սահմանը, բայց հետո հանձնվեցին»,- պատմեց Լեռնարոտի բնակիչներից Էմինը:

Քրեակատարողական հիմնարկների վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ փախուստի դեպքերն այսօր հասցված են նվազագույնի, քանի որ դատապարտյալներն ունեն իրենց շրջելու վայրերը եւ ամեն տեղ չէ, որ կարող են լինել: Ինչ վերաբերում է ՔԿՀ քարտեզներին եւ հատակագծին, ըստ նրա, դրանք հույժ գաղտնի փաստաթղթեր են, որոնք մի տեղ կա ընդամենը:

«2004 թվականի հունվարի 1-ից մինչ օրս, Հայաստանի ԱՆ քրեակատարողական հիմնարկների բնակելի գոտիներից տեղ է ունեցել 21 փախուստի դեպք, որից բաց տիպի  ՔԿՀ-ներից տեղի է ունեցել 5 դեպք: Փախուստի փորձերի թիվը 18 է, որոնք, իհարկե, կանխվել են:

Այդ ժամանակահատվածում փախուստ կատարած 21 դատապարտյալներից 20-ը մի քանի ժամից մի քանի օրվա ընթացքում բռնվել են: Մեկ դեպքում, «Երեւան Կենտրոն» ՔԿՀ-ից փախուստի դիմած բանտարկյալը մինչ օրս չի բռնվել»,- ասաց Գոռ Ղլեչյանը:

«Ամեն մեկը չի կարող գնալ եւ Կադաստրից խնդրել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի հատակագիծը: Չի կարող նման բան լինել: Փախուստի փորձերը, եթե նախկինում եղել էլ են, հիմա չկան»: Հիշեցմանը, թե վերջերս ցմահ դատապարտված երկու կալանավորներ փախուստի էին դիմել, Գ. Ղլեչյանն արձագանքեց. «Դա զուտ անվտանգության խնդիր է եղել եւ ովքեր մեղավոր էին պատժվեցին: Բայց հիմա այդպիսի բան գործնականում անհնար է, որովհետեւ հիմա տեսախցիկներով ամեն ինչով բոլոր ՔԿՀ-ները վերահսկվում են»:

Ազգային անվտանգության պետական վարչության պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանն, անդրադառնալով փախուստի դեպքերին, նշեց, որ կալանավորները, հիմնականում, փախչում են անտանելի պայմաններից: «Այստեղ շեշտադրումը պետք է դրվի ոչ թե նրա վրա, թե ինչպես անցք բացեցին կամ պատ քանդեցին փախուստի համար, այլ թե մարդ արարածն ինչո՞ւ է գնում ռիսկի, որովհետեւ այսպես, թե այնպես բռնվելու է, իր պատիժն ավելի է խստանալու, վերաբերմունքն է իր նկատմամբ փոխվելու»,- նկատեց Գուրգեն Եղիազարյանը, հավելելով, որ երբեմն փախչում են մարդիկ, ում 6 ամիս է մնացել ազատության մեջ հայտնվելու համար: «Սա խոսում է այն մասին, թե ինչ նողկալի պայմաններում է եղել մարդը, որ նույնիսկ 6 ամիս չի դիմացել: Սա գալիս է սոցիալական ու գողական վիճակից, երբ կալանավորը ստիպված է տեղում «հարկեր» վճարել, ենթարկվել չգրված «գողական օրենք» կոչվածին: Արդյունքում մարդիկ փախչում են այդ միջավայրից, այնտեղ տիրող այլանդակ բարքերից ու անարդարությունից: Այ դրա արդյունքում էլ լինում է փախուստը»,- նշեց Գուրգեն Եղիազարյանը:

Նրա խոսքով, որպես կանոն գաղութներում  այսպես ասած «նայողներ» կան եւ այն ամենը, ինչը պետք է կանոնավորվի օրենքով, կանոնավորվում է, ըստ նայողի կամքի, նրա «ճշտի» ու «սխալի» ընկալման: «Հենց այդ բարքերն էլ դրդում են մարդկանց փախչել քրեակատարողական հիմնարկներից»,- իր խողքն ամփոփեց նա:

Պատրաստեց Տաթեւ Մեսրոպյանը

News.am


 

Դիտվել է 1562 անգամ:
Print Friendly

Leave a Reply