Ապագայի հայ քաղաքացիները «թրծվում» են «Հայ ասպետում»
ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | Հայկուհի Բարսեղյան | December 19, 2011 7:04
Մանկահասակ փոքրիկներից մինչև ծերունիներ, բոլորն ինքնաբուխ հավաքվել են Մարտունու մշակույթի պալատի դիմաց` անտեսելով ձմռան ցուրտն ու երեկոյան մութը, երբ լսել են, որ մարտունեցի պատանիները` Տիգրան Աբրահամյանի անվան թիվ 2 դպրոցի սաները, դարձել են «Հայ ասպետ» հեռուստախաղի երրորդ եթերաշրջանի ոսկե մեդալակիրներ: Տեղ հասած հայ ասպետներին դիմավորել են փուչիկներով, ծափահարություններով, իսկ տատիկ-պապիկներն էլ քոչարի են պարել` ի պատիվ հաղթանակած պատանիների: Պատանի ասպետները միացել են պարին ու հանրությանը ներկայացրել նաև այլ հայկական ազգագրական պարեր:
Հեռուստախաղին տարվա ընթացքում մասնակցում է 81 թիմ, իսկ հաղթած պատանիներին Արևմտյան Հայաստան այցելելու հնարավորություն է տրվում: Երեք տարվա ընթացքում խաղին արդեն մասնակցել է 2000 երեխա:
Թիմի ուսուցիչներից Տաթևիկ Կարապետյանը պատմում է, որ այդ ամենն ինքնաբուխ է տեղի ունեցել և պատանիների համար հաճելի անակնկալ է եղել. հաղթանակը համախմբել է մարտունեցիներին, պատճառ դարձել, որ մի պահ մարդիկ մոռանան իրենց առօրյա հոգսերը և ուրախանան:
Մինչ խաղի եզրափակիչ փուլ հասնելը թիմը մեկ տարի շարունակ պարապել է. 7 երեխա ուսումնասիրել է 9 տարբեր բնագավառներ: Իրենց իսկ բնորոշմամբ` պարապել են գիշեր-ցերեկ. Արևմտյան Հայաստան գնալու և պապերի հայրենիքը տեսնելու ցանկությունը մեծ էր:
Կարապետյանը նշում է, որ սովորել են ոչ միայն երեխաները, այլև իրենք` պարապող ուսուցիչները. «Մենք էլ սովորել ենք ու երեխեքին սովորեցրել: Հիմա ամեն ինչին այլ աչքերով ենք նայում, մեծացել է մեր ընդհանուր աշխարհաճանաչողությունը»:
Չնայած խաղն ավարտված է, սովորելու տեմպը պահպանվում է. հիմա էլ երեխաները նույն եռանդով դասերին են պատրաստվում, լրացնում բաց թողնվածը, ոմանք էլ բուհական ընդունելությանն են պատրաստվում:
Թիմի անդամներից 14-ամյա Տարոնն իր ամենամեծ ձեռքբերումը համարում է ընկերներին. «Մինչև խաղի համար պարապմունքների սկսվելը ես ամաչկոտ էի, ոչ ոքի հետ չէի շփվում, բայց այս մեկ տարվա ընթացքում բացվել եմ, նոր ընկերներ ձեռք բերել, շատ եմ փոխվել: Նաև այնքան գիտելիքներ եմ ստացել, որ կարծում եմ` անգամ բուհում նման բաներ չէի կարող սովորել»:
Խաղը հնարավորություն է տվել Տարոնին ճանաչելու ազգային արմատները, մշակույթը: «Մինչ այդ ոչ մի ազգագրական պար չգիտեի, բայց հիմա հանգիստ կարող եմ պարել գորանի, քոչարի, վերվերի, Աստվածածնա պար, լորկե և այլն, գիտեմ նաև այդ պարերի նշանակությունը, ծագումը»:
Այժմ, երբ խաղն ավարտվել է, Տարոնը նույն լրջությամբ շարունակում է դասերը սովորել. «Առաջ դասերին այնքան էլ լուրջ չէի նայում, սովորում էի, որքան հասցնում էի, բայց հիմա շատ լավ եմ սովորում, էլ թեթևակի վրայով անցնել չկա»:
«Խաղի շնորհիվ այնքան բան եմ ստացել. ամենակարևորը` սովորել ենք մեր պատմությունը շատ մանրամասն, համաշխարհային արվեստին ենք ծանոթացել, շատ գրքեր ենք կարդացել, հասուն մտածելակերպ ենք ձեռք բերել, ավելի աշխատասեր դարձել»,- ասում է 15-ամյա Մարին: Նա, սակայն, առավել կարևորում է ձևավորված թիմը. «Կարծում եմ, որ անգամ դպրոցն ավարտելուց հետո մեր թիմը կպահպանվի: Ամեն հարցով իրար ենք դիմում, օգնում»:
Պատանի ասպետները նաև երբեմն-երբեմն հավաքվում ու ազգագրական պարեր են պարում. «10-12 ազգային պար ենք սովորել ու պարելու ամեն առիթն օգտագործում ենք, որ հանկարծ չմոռանանք»:
«Հայ ասպետ» կրթադաստիարակչական, բարեգործական հիմնադրամի տնօրեն Կարին Տոնոյանը նշում է, որ խաղի միակ նպատակը մեկ հաղթող թիմ ունենալը չէ, խաղը միավորում ու բացահայտում է տաղանդավոր հայ պատանիներին. «Մեր հարստությունը հենց այդ երեխաներն են, «Հայ ասպետ» հիմնադրամը ստեղծվել, խաղը հորինվել է, որպեսզի ողջ հանրապետության տարածքում կարողանանք գտնել, բացահայտել այն երեխաներին, որոնք իրենց մեջ կրում են հայի մաքրամաքուր, ազնվազարմ գենը, նրանց համախմբել, հասնել նրան, որ ազգը լինի իրար սիրող, հարգող, մեկ ընդհանուր նպատակ ունեցող ուժեղ անհատների միություն: Եվ հիմա այդ նպատակին ենք հետամուտ, որն իրականացնում ենք արշավների միջոցով»:
Տոնոյանը նշում է, որ արշավների միջոցով երեխաները հարազատանում են, միաբանվում, հետագայում էլ ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով են կապ պահպանում միմյանց հետ:
Երեխաների մեջ խաղի միջոցով ձևավորվում է պայքարի ոգի, ինչին նպաստում է նաև գաղափարախոսությունը. «Երեխաներին հանձնարարվում է խաղի համար Նժդեհ և Մոնթե Մելքոնյան կարդալ: Նրանց գաղափարախոսությանը ծանոթ երեխայի ապագայի համար կարող ենք հանգիստ լինել: Որովհետև նման երեխան երբեք պայքարից չի նահանջի»:
Տոնոյանը նշում է, որ խաղն առաջիկա երեք տարիների համար պետությունից ֆինանսավորում է ստանալու, ուստի խաղի կազմակերպիչներին լուրջ աշխատանք է սպասում. «Միշտ զգուշանում ենք, որ հանկարծ արդյունքները մեզ չլճացնեն, ու ինքներս մեզանից գոհ ման չգանք»:
2012-ին խաղում արմատական փոփոխություններ են լինելու: Տոնոյանը նշում է, որ նախկինում մտահոգում էր այն հարցը, թե ինչպես անեն, որ մասնակիցներն ավելի շատ տրամաբանեն, ոչ թե անգիր անեն, հիմա փոխվել է հարցերի ու պահանջների բնույթը, այլևս վերլուծական նյութեր չեն տրվում, տալիս են գեղարվեստական գրականություն, երեխան պիտի կարդա, հարցերը կլինեն բովանդակային, տրամաբանական բնույթի:
Բացի այդ, քանի որ 2012-ին Երևանը համաշխարհային գրքի մայրաքաղաք է հայտարարված, անհատական խաղերի շարք կլինի, երեխաները հատուկ գրքերով կպատրաստվեն և անհատական խաղ կցուցաբերեն, դա կհովանավորի Երևանի քաղաքապետարանը: Արդյունքում լավագույն արդյունք ցուցաբերած խաղացողը կմեկնի Վենետիկ շրջագայության:
«Երբեմն թիմը խաղից դուրս է մնում, բայց ունենում է շատ լավ խաղացողներ, այժմ լավագույն խաղացողներին ինքնադրսևորվելու հնարավորություն կտրվի: Ամսվա վերջում տեղի կունենա ամսվա երեք շաբաթներին խաղացած թիմերից ընտրված երեխաների մրցույթը: Սրա միջոցով չենք կորցնի ոչ մի լավ երեխայի»:
«Համոզված ենք` մի քանի տարի հետո կտեսնենք արդյունքը, մեր սաներն իրենց վրա պատվով կվերցնեն մեր երկրի հոգսերը, իրենց աշխատանքը պատվով կկատարեն, կլինեն լավ քաղաքացի, իսկական հայ ասպետներ»,- ասում է Տոնոյանը:
Իսկ խաղի ամենամեծ թերությունը, ըստ Տոնոյանի, եթերաժամն է. «Չենք կարողանում մրցել սերիալների հետ: Մեծ պահանջ կա, որ խաղը երեկոյան ժամերին ցուցադրվի, որ մարդիկ կարողանան դիտել»: Ասվածը հաստատեց նաև անցկացված հարցախույզը. հարցմանը մասնակցած 20 անձանցից 15-ը նշեցին, որ կիրակի կեսօրին խաղը դիտելը հարմար չէ, բայց հաճույքով կդիտեին, եթե երեկոյան ժամերին ցուցադրվեր:







Facebook
Tweet This
Email This Post
