Սեռավարակներ. ինչի կարող է հանգեցնել չիմացությունը

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | December 21, 2011 14:00

«Ամուսինս նոր է եկել Ռուսաստանից, ոչ մի կերպ չեմ կարողանում համոզել, որ դիմի բժշկի: Մի քանի տարի առաջ հղիության ընթացքում դիմելով բժշկի` պարզեցի, որ վարակվել եմ վեներական հիվանդությամբ, հիմա հազիվ բուժվել եմ, բայց ամուսինս, որ նոր է վերադարձել արտագնա աշխատանքից,  չի ուզում գնալ բժշկի: Ես էլ վախենում եմ նորից սեռական հարաբերություն ունենալ նրա հետ, բա որ նորից վարակվեմ, ինքն էլ է խոստովանում, որ Ռուսաստանում չպաշտպանված  սեռական հարաբերություն է ունեցել: Մեր հարաբերությունները բավականին բարդացել են,  ու ես գիտեմ` ի վերջո տեղի եմ տալու: Մտածում եմ` նրա ասածով անել, հետո բուժվեմ, կամ… Մի խոսքով, ես էլ չգիտեմ` ինչ անեմ»:

25-ամյա Տաթևն իմացել է, որ սեռավարակ ունի, երբ հղի է եղել, և երբ պարզ է դարձել, որ այդ վարակն ազդել է պտղի առողջության վրա: Արդյունքում  պտուղը վաղաժամ է ծնվել, և միայն երկար պայքարից հետո է հնարավոր եղել երեխայի կյանքը փրկել: Շատ ավելի երկարատև բուժումից հետո առողջացել է: Բուժման ընթացքում ամուսինը Հայաստանում չի եղել, հիմա եկել է, սակայն խուսափում է այցելել բժշկի:

Ինչո՞ւ է հայերիս մեծամասնությունը խուսափում  գնալ բժշկի, այն էլ  մաշկաբան-սեռավարակաբանի մոտ: Պատճառներից ամենատարածվածն այն է, որ հիվանդները  չեն վստահում բժշկին`  վախենալով վարկաբեկվելուց: Իրենց հերթին, բժիշկները վստահեցնում են, որ  բժշկական գաղտնապահության օրենքներից ելնելով` իրենք պարտադրված են պահել  անձի գաղտնիությունը և նրա վերաբերյալ տվյալներ են տրամադրում բացառապես քրեական մարմիններին, այն էլ, եթե հարուցված քրեական գործ կա:

Բժշկի չայցելելու պատճառներից մեկն էլ, մաշկաբան-սեռավարակաբան Կարեն Վարդանյանի խոսքերով, ոչ բավարար կամ թյուր գիտելիքներն են:

Զարգացած երկրներում բժշկի այցելելու մշակույթ կա, մինչև ամուսնությունը պարտադիր բժշկական հետազոտություն են անցնում, ինչը բացակայում է մեր հասարակությունում, հետևանքն այն է, որ դիմում են բժշկի այն ժամանակ, երբ արդեն որոշակի առողջական խնդիր կա:

Մասնագետի  խոսքերով`  մարդիկ կան, որոնք ամենից շատն են համարվում ռիսկային, և որոնք կարող են պատճառ դառնալ սեռավարակների տարածման համար:   Սեռավարակների  տարածման պատճառ են այն մարդիկ, որոնց օրգանիզմում հարուցիչներ կան, և որոնք ռիսկային վարքագիծ ունեն: Օրինակ` մարմնավաճառությամբ զբաղվող անձինք, արտագնա աշխատանքների մեկնողները,  մեկից ավելի զուգընկեր ունեցող, զուգընկերներին հաճախակի փոխող, միասեռական անձինք,  հեռագնա բեռնատարների վարորդները և այլն:

Սեռավարակների թիվն ավելանում է

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների համաձայն` տարեկան գրանցվում է  սեռավարակների մոտ 330 մլն նոր դեպք, որոնց երկու-երրորդը բաժին  է ընկնում վերարտադրողական  տարիքի անձանց:  Սեռավարակներին ավելի հակված են դեռահասներն ու երիտասարդները, ինչն էլ, բնականաբար, նրանց վրա կործանարար ազդեցություն է ունենում,  քանի որ նրանց սեռահասունացումը դեռ լիակատար չի լինում:

Սեռավարակների երիտասարդացումը պայմանավորված է նաև նրանով, որ  սեռական առաջին հարաբերության տարիքն ամբողջ աշխարհում փոքրացել է: Հայաստանում պատկերն այսպիսին է. եթե  2008-ի տվյալներով`  հարցվողների 78%-ի մոտ առաջին սեռական հարաբերության միջին տարիքը կազմել է   19.6  տարեկանը,  ապա  2010-ի տվյալների համաձայն`  տարիքը փոքրացել է  մինչև 15 -17  տարեկան:

Մաշկաբան-սեռավարակաբան Կարեն Վարդանյանի մեկնաբանությամբ` սա ունի իր պատճառները, և դրանցից ամենանշանակալին  սեռական հասունացման տարիքի նվազումն է. աղջիկների համար 12-14, տղաների` 13-15 տարեկանը:

Սեռական դաստիարակություն. վտանգավոր լռություն

«Սեռական դաստիարակություն» ասվածը շատ հաճախ է շահարկվում, և երբեմն թյուրիմացաբար մեկնաբանվում է որպես սեռական քարոզարշավ: Սա է պատճառը հավանաբար, որ այս թեման շատ հայկական ընտանիքներում մերժվում է, համարվում արգելված: Մինչդեռ դրա նպատակն է ոչ թե երիտասարդին դրդել դեպի սեռական հարաբերություն, այլ հնարավորինս հետաձգել դա, և եթե, միևնույն է, նա գնալու է այդ քայլին, անել դա գրագետ, բոլոր դեպքերում օգտվել պահպանակից:  «Որպես կանոն, առաջին հարաբերությունը լինում է վճարովի սեռական ծառայությունների միջոցով, իսկ նման ծառայություն մատուցողները,  ինչպես արդեն նշվել է, համարվում են ռիսկային վարքագիծ ունեցողներ»,- նշում է  սեռավարակաբան Կարեն Վարդանյանը:  Նրա կարծիքով` սեռական դաստիարակության թեմաները պետք է ներառեն նաև տեղեկատվություն սեռական օրգանների անատոմիայի, ֆիզիոլգիայի  և  անգամ հիգիենիկ նորմերի մասին:

Շատ հաճախ երիտասարդները հրաժարվում են պահպանակի կիրառումից: Պահպանակ չօգտագործելու պատճառներից մեկն էլ  այն է, որ  պահպանակը փոխում է զգացողությունը, ինչը միայն հոգեբանական  կողմ կարող է ունենալ, քանի որ իրականում տարբերություն գրեթե չկա:  Շատ հաճախ պահպանակ չկիրառելու պատճառ է  այն  ձեռք բերելու հետ կապված դժվարությունը,  մասնավորապես` «ճակատագրական ամաչկոտությունն» այն դեղատնից գնելու ժամանակ»,-հավաստիացնում է սեռավարակաբանը: Այս հարցն, ի դեպ, շատ երկրներում լուծել են` այն ձեռք բերելու գործընթացը դարձնելով ավտոմատացված:

Ամեն կողմից մատուցվող, երբեմն նույնիսկ պարտադրվող սեռականությանը զուգահեռ շատ կարևոր է դեռահասներին հասանելի դարձնել անպաշտպան  սեռական հարաբերությունների հնարավոր բացասական ելքերը` սկսած անպտղությունից մինչև անցանկալի հղիություն:

Յուրաքանչյուր սեռավարակ հանգեցնում է անպտղության

Յուրաքանչյուր սեռավարակ  հաճախ հանգեցնում է անպտղության: Սա ամենամեծ  վնասներից  մեկն է: Ընդ որում, կան այնպիսի սեռավարակներ, որոնք վերջնականապես չեն բուժվում` լրջորեն ազդելով մարդու վերարտադրողական գործառույթի վրա:

Տղամարդկանց մոտ սեռավարակները հանգեցնում են սերմի քանակական և որակական բացասական փոփոխությունների,  և սերմնատար ուղիների բորբոքման հետևանքով առաջացած կպումների, որոնք հանդիսանում են մեխանիկական արգելք: Կանանց մոտ առաջանում են սեռական օրգանների բորբոքում,  արգանդափողերի լորձաթաղանթի բորբոքում, որը խոչընդոտում է  ձվաբջջի անցմանը, կամ արդեն բեղմնավորված ձվաբջիջը չի կարողանում ֆիքսվել արգանդի լորձաթաղանթին:

Սեռավարակներն առաջացնում են նաև ձվարանների բորբոքում` ազդելով ձվաբջիջների  ճիշտ ձևավորման վրա:

Սեռավարակներն իրենց ազդեցությունն են թողնում նաև պտղի վրա, եթե կինը վարակվում է դրանցով հղիության ընթացքում: Կան հիվանդություններ, որոնք մորից երեխային են փոխանցվում ծննդաբերական ուղիներով, սակայն կան այնպիսիք, որոնք պտղին են փոխանցվում  ներարգանդային կյանքում:

Բժիշկը բուժում է, չի հիվանդացնում

Ակտիվ սեռական կյանքով ապրող,  զուգընկերներին հաճախ փոխող բոլոր անձանց մասնագետները խորհուրդ են տալիս տարեկան գոնե մեկ-երկու անգամ այցելել բժշկի, քանի որ մեծաթիվ են հիվանդությունները, որոնք  ընթանում են առանց ախտանշանների:  Սեռավարակների  ախտանշաններն են  միզուղիներից ախտաբանական արտադրությունն ու խոցա-էրոզիվ փոփոխությունները (վերքային մակերես):  «Կարևոր եմ համարում նշել, որ ՄԻԱՎ-ի փոխանցման հավանականությունն էապես մեծանում է այլ սեռավարակների առկայության դեպքում»: Սեռավարակների հետագա բացասական հետևանքներից խուսափելու, ժամանակին հայտնաբերելու ու բուժելու համար բժիշկները կոչ են անում չհապաղել ու դիմել բժշկական խորհրդատվության:

Զուգընկերները միասին պետք է դիմեն բժշկի

Եթե զույգերից մեկը հիվանդ է և բուժվում է, իսկ մյուսը` ոչ, ապա այդ բուժումը չի կարող արդյունավետ լինել, քանի որ սեռավարակները միանձնյա հիվանդություններ չեն, և մեկի մոտ հայտնաբերելով հիվանդությունը, պետք է մյուսին էլ բուժեն, հետևաբար մեր «հերոսուհուն»` Տաթևին, մաշկաբան Կարեն Վարդանյանը հորդորում է պահպանել իր իրավունքները, պահանջել, որ իր հետ բժշկական խորհրդատվության գնա և ամուսինը, հակառակ դեպքում  բուժումն իմաստ չունի:

 

Մարիամ ՄՈՒՂԴՈՒՍՅԱՆ

 

Դիտվել է 8351 անգամ:
Print Friendly

Leave a Reply