Համազասպ Սրվանձտյան. Հայ բոլշևիկների շնորհիվ թուրքը նրանից լուծեց իր ցեղի վրեժը

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | December 21, 2011 7:00

XIX դարավերջի և XX դարասկզբի հայ ազգային-ազատագրական պայքարի հենասյուներից մեկը` Համազասպ Սրվանձտյանը, ծնվել է 1873 թ., Վանում: Նա հայ անվանի բանահավաք, «Սասնա ծռեր» էպոսի պատումներն առաջինը հավաքող և գրի առնող Գարեգին Սրվանձտյանի եղբորորդին էր:

Սրվանձտյանների ընտանիքում շատ հարգի էր ուսումը, և ծնողները Համազասպի ապագան  նույնպես տեսնում էին ուսման ու գիտության մեջ: Բայց ճակատագիրն այլ ուղի էր ընտրել երիտասարդ Համազասպի համար: Դպրոցական տարիներին նա հրապուրվում է վանեցիների ավանդական արհեստով` ոսկերչությամբ ու արծաթագործությամբ և թողնելով դպրոցը` վարպետի մոտ դասեր է առնում ու յուրացնում այդ արհեստը, որով Վանը հռչակված էր աշխարհում:

1890 թ. Համազասպը Վանից տեղափոխվում է Երևան, ուր զբաղվում է իր արհեստով: Այստեղ էլ ամուսնանում է, երեխաներ ունենում:

Դեռևս Վանում, տակավին պատանի, Համազասպը տարվում է հայության ազատագրության գաղափարներով: Երևանում նա անդամակցում է նոր կազմավորված Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությանը:

Դաշնակցության շարքերում շուտ բացահայտվեցին Համազասպի շնորհները: Նա կարգապահ էր, հրամանատարական ձիրք ուներ, գիտակից էր, վճռական: Կուսակցական առաջադրանքներով նա հաճախ էր շրջագայում Անդրկովկասի քաղաքներում` տեղում կուսակցական կոմիտեներ և խմբեր կազմելու նպատակով:

Որպես զորահրամանատար Համազասպ Սրվանձտյանը փայլեց 1905 թ. հայ-թաթարական կռիվների ժամանակ:

1905 թ., երբ Ռուսաստանում մոլեգնում էր ռուսական առաջին հեղափոխությունը, ցարական կառավարությունը ռիսկային ամենամեծ գոտիներից մեկը համարվող Կովկասում ազգամիջյան ընդհարումներ հրահրեց: Բնականաբար, այդ ընդհարումները հայերի և թաթարների միջև էին: Սրանով ցարական կառավարությունը նաև փորձում էր ճնշել հայկական ազատագրական խլրտումները: Ազգամիջյան բախումները, բնականաբար, հայ-թաթարական շփման գոտում էին, առաջին հերթին Բաքվում: Քաղաքում նավթային եռուզեռ էր և այստեղ տիրապետող հայկական կապիտալին թաթարները խանդով էին վերաբերվում: Մի խոսքով, Բաքվում ամեն նախապայման կար հայ-թաթարական բախումներ հրահրելու համար:

1905 թ. փետրվարի 6-ին Բաքվի գեներալ-նահանգապետ Նակաշիձեի անմիջական հրահանգով նախապես պատրաստված մահմեդական մոլագար ամբոխը հարձակվեց հայ բնակչության վրա: Հայերը անպատրաստ էին կռվին, և թաթարները շուրջ երկու օր արյան նախճիր սարքեցին Բաքվում: Այրվեցին հայերին պատկանող նավթահորերը, թալանվեցին խանութները: Հայերին հասցված վնասը կազմում էր շուրջ 25 մլն ռուբլի:

Ի վերջո, ՀՅ դաշնակցությունը ձեռնամուխ եղավ Բաքվի հայերի պաշտպանությանն ու թաթարներին հակահարված տալուն: Բաքվում  խմբվեցին Նիկոլ Դումանը, որ ղեկավարում էր հայերի ինքնապաշտպանությունը, Հմայակ Ջանփոլադյանը, Քեռին, Սեբաստացի Մուրադը, Խանասորի Վարդանը, Համազասպ Սրվանձտյանը: Հայերը ինքնապաշտպանական և հարձակվող խմբեր կազմեցին: Մի քանի շեշտակի հարվածներից հետո թաթարները նահանջեցին: Հայերը հարյուրավոր զոհեր տվեցին, բայց հզոր հակահարված հասցրին թշնամուն:

Բաքվից բախումները տարածվեցին ողջ Անդրկովկասում. բախումներ եղան Թիֆլիսում, Երևանում, Գանձակում, Նախիջևանում, Արցախում: Բայց հայերն արդեն պատրաստ էին. ՀՅԴ-ն համախմբեց բոլոր ուժերն ու հակահարձակման անցավ: Կուսակցությունը նաև մահավճիռ կայացրեց հայոց ջարդերի մեղավորների նկատմամբ: Եվ 1905  թ. մայիսի11-ին Բաքվում երիտասարդ Դրոյի նետած ռումբով սպանվեց Բաքվի ջարդերի կազմակերպիչ նահանգապետ Նակաշիձեն:

Արցախի պաշտպանության ղեկավարությունը ստանձնեցին Համազասպ Սրվանձտյանն ու Խանասորի Վարդանը: Այստեղ դրությունն ավելի լարված էր: Մանավանդ Շուշիում և Ասկերանում հայ և թաթար բնակչությունը փաստորեն պատերազմական դրության մեջ էր: Բաքվում ստեղծված «Դիֆայի» (Պաշտպանություն) կազմակերպությունն իր հարձակման հիմնական թիրախը հենց Արցախն էր դարձրել, որտեղ իր հրոսակախմբով մոլեգնում էր ավազակապետ Աբբաս Վեզիրովը:

Վարդանը ստանձնում է Շուշիի պաշտպանությունը, իսկ Համազասպը գործում է Ասկերանում: 1905 թ. օգոստոսի 22-ին հենց Ասկերանի բերդի մոտ` կիրճի մեջ, Համազասպի ջոկատները շրջապատում են Վեզիրովի ջոկատն ու գլխովին կոտորում: Համազասպի հրամանով հայ մարտիկներն անգամ գերի չեն վերցնում, և թաթարները Ասկերանի կռվում հարյուրավոր զոհեր են տալիս: Ապա Համազասպն իր ջոկատին հարձակման հրաման է տալիս և գետնի երեսից վերացնում է թաթարական Գիլափլու և Աբդալ գյուղերը, որոնք թաթար ավազակների որջերն էին համարվում:

Համազասպի իրականացրած փայլուն գործողությունը վճռեց Արցախի ճակատագիրը: Թաթարները, իսպառ ջախջախված, այլևս փորձ չարեցին Արցախում իրագործել իրենց դիվային ծրագիրը: Այս դեպքերից հետո Համազասպն անցավ Գանձակ ու կազմակերպեց գանձակահայության պաշտպանությունը:

Հայ-թաթարական ընդհարումներից հետո հակահայկական ալիքը ցարական կառավարության կողմից չդադարեց: Բացվեց «դաշնակցության գործը», և ի թիվս այլոց, ձերբակալվեց նաև Համազասպն ու 1912 թ. աքսորվեց Սիբիր` տաժանակրության: Այստեղ նա հիմնականում զբաղվում էր սիրելի մասնագիտությամբ` ոսկերչությամբ:

Շատերին թվում էր, թե անհանգիստ հայդուկը հարմարվել է նոր պայմաններին և լուռումունջ տանում է իր լուծը: Բայց 1914 թ. նա ընկերների հետ փախչում է աքսորավայրից, հեռանում Ռուսաստանից, նախ հայտնվում Պոլսում, ապա` Եգիպտոսում:

Սակայն սկսված ռուս-թուրքական պատերազմը Համազասպին կրկին հայրենիք բերեց:

1914 թ., երբ սկսվեց առաջին համաշխարհային պատերազմը, ռուսական կառավարությունը թույլատրեց հայկական կամավորական ջոկատների ստեղծումը: Կազմվեցին վեց կամավորական ջոկատներ: Երրորդ կամավորական ջոկատի հրամանատար է ընտրվում հենց Համազասպը, որի 400 մարտիկները 1914 թ. նոյեմբերի 1-ին Թիֆլիսից մեկնեցին ռազմաճակատ:  Սարիղամիշ, Բասեն, Մուշ, Վան. ահա նրա ջոկատի երթուղու ոչ  բոլոր կանգառները:

1918 թ. Համազասպը ՀՅԴ առաջադրանքով հայտնվեց Բաքվում և տեղի Հայոց ազգային խորհրդի հետ ձեռնամուխ եղավ քաղաքի ինքնապաշտպանությանը: Այդ ժամանակ Բաքվում յուրահատուկ իրավիճակ էր ստեղծված: Փաստորեն, Բաքվի իշխանությունը կիսված էր Ստեփան Շահումյանի կոմունայի և Հայոց ազգային խորհրդի միջև: Ազգային խորհուրդն ու կոմունան համաձայնության էին եկել քաղաքի միասնական պաշտպանության խնդրում: Իրադրությունը շիկացած էր նաև նրանով, որ թուրքական ճակատի պաշտպանության գործում հայերը միայնակ էին մնացել, և ադրբեջանական մուսաֆաթը, որ Բաքվում իրական ուժ էր, ոչ միայն չէր աջակցում քաղաքի պաշտպաններին, այլև քայքայիչ գործունեություն էր ծավալում` աջակցելով Նուրի փաշայի զորամասերի մուտքին Բաքու: Հայերի համար դրությունն ավելի օրհասական դարձավ, երբ Բաքվի կոմունան` Ստեփան Շահումյանի գլխավորությամբ, փաստորեն դավաճանելով բնակչությանը, փախուստի դիմեց` իր հետ տանելով փողը, զենք-զինամթերքը: Հայկական 3000-ոց զորքը թուրքերի դեմ մնաց միայնակ: Բայց Համազասպն ընճվողներից չէր և նա մինչև վերջին պահը հերոսաբար պայքարեց` քաղաքը թուրքերից պաշտպանելու համար:

1920 թ. Համազասպը, որ Նոր Բայազետում տեղակայված զորամիավորման հրամանատարն էր, պատրաստվում էր կրկին Արցախ մեկնել: Խորհրդային Ադրբեջանը, աջակցություն ստանալով ռուսական 11-րդ Կարմիր բանակից, ոտնձգություններ էր անում Արցախի  նկատմամբ և հավակնություններ հանդես բերում Արցախի, Զանգեզուրի, Նախիջևանի նկատմամբ:

ՀՀ կառավարության հանձնարարականով Համազասպի գունդը արագ երթով շարժվեց դեպի Արցախ: Բայց այլևս քաջ հայորդուն վիճարկված չէր Արցախ մտնել և իր հաղթական բազուկն իջեցնել թուրքի գլխին: Հայաստանում պայթեց բոլշևիկյան մայիսյան ապստամբությունը, և Համազասպի արշավը դեպի Արցախ կասեցվեց:

1920 թ., երբ Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվեցին, Համազասպը Նոր Բայազետի զորամասի հրամանատարն էր: Նոր իշխանությունները նրան «սիրալիր» հրավեր ուղարկեցին` Երևան գալու և նոր իշխանությունների մոտ ծառայության անցնելու: Միամտաբար հավատալով` Համազասպը ճամփա ընկավ, բայց ճանապարհին ձերբակալվեց: Համազասպին հայոց բանակի հարյուրավոր այլ սպաների հետ կալանեցին և նետեցին Երևանի բանտը:

Միամիտ հայրենանվեր գործիչը կարծում էր, թե թյուրիմացություն է տեղի ունեցել: Նա, որ անձամբ ճանաչում էր հայ ժողովրդի դահիճներից մեկին` Ավիս Նուրիջանյանին, հուսով էր, թե երիտասարդ բոլշևիկներն ի վերջո ուշքի կգան, և թյուրիմացությունը կհարթվի: Ավիս Նուրիջանյանը մասնակցել էր Առաջին  աշխարհամարտին հենց Համազասպի ջոկատից, և նրանց միջև լավ հարաբերություններ էին ձևավորված: Նա ընդունեց Համազասպին, համբուրեց նրան, ապա րոպեներ անց ձերբակալել տվեց:

Թյուրիմացություն չկար: Ազգուրաց բոլշևիկների թեթև ձեռքով Երևանի բանտում հարյուրավոր հայ զինվորականներ կացնահար եղան: Եվ ամենազավեշտալին այն էր, որ իրենց եղեռնագործությունն իրականացնելու համար հայ բոլշևիկները վարձել էին թուրք մսագործի:

1949 թ. «Յառաջ» թերթը հրապարակեց դեպքերի ականատեսի հետևյալ վկայությունը. «Կացնահար դիակները բերում են Երևանի բանտերի հորերից: Ահա և Համազասպի դիակը կառքի մեջ դրված, երկարաճիտ թաղիքե կոշիկները հագին, թուրք մսագործի կացնե հարվածը գլխին: Հայ բոլշևիկների շնորհիվ թուրք մսագործը  Համազասպից լուծեց իր ցեղի վրեժը…»:

 

Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

 

Դիտվել է 2857 անգամ:
Print Friendly

Leave a Reply