Ազգային հարստությունը դեմ է առել անտարբերության

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | December 16, 2011 16:00

Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտն ազգային տնտեսության մեջ առանցքային մասնաբաժին ունի: Հայաստանից արտահանվող նյութերի առնվազն կեսը բաժին է ընկնում հանքային խտանյութերին և մետաղներին, որոնք երկրից արտահանվող ապրանքների ցուցակում առավել կարևոր տեղ են զբաղեցնում: Օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռում ներկայումս հաշվառված է հաստատված պաշարներով պինդ օգտակար հանածոների ավելի քան 670 հանքավայր, այդ թվում` 30 մետաղական: Նշված հանքավայրերից շահագործվում են շուրջ 400-ը` որից 22-ը` մետաղական: Մետաղական օգտակար հանածոների թվում առկա են 7 պղնձամոլիբդենային, 4 պղնձի, 14 ոսկու և ոսկի-բազմամետաղային, 2 բազմամետաղային, 2 երկաթահանքային և 1 ալյումինահանքային հանքավայր: Բացի գնահատված և պետական հաշվեկշռում գրանցված հանքավայրերից, Հայաստանի Հանրապետության տարածքում հայտնաբերված են տարբեր մետաղների 115 երևակումներ:

Ներկայումս, ինչպես նշված է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կայքում, Հայաստանի լեռնամետալուրգիական համալիրի համար վերջնական արտադրանք են համարվում հիմնականում խտանյութերը (պղնձի, մոլիբդենի, ցինկի, որոշ դեպքերում` ոսկու և արծաթի բարձր պարունակությամբ, մոտ հեռանկարում` նաև կապարի խտանյութեր), ինչը թույլ չի տալիս ամբողջովին օգտագործել հանքավայրի տնտեսական ներուժը: Իսկ այն երկրները, ուր արտահանվում է մեր ազգային հարստությունը, այդ հումքը վերամշակվում է, դրանից ստեղծում են ամենատարբեր թանկարժեք ապրանքներ ու վերավաճառում են առավել թանկ գներով, քան դրանք կլինեին հենց Հայաստանում վերամշակվելու արդյունքում:

Այսպես է, քանի որ հումքի տեղափոխման և հետագայում վերամշակված ապրանքի ներկրման համար ծախսված գոնե ճանապարհածախսն ավելանում է այդ ապրանքների գնին: Արդյունքում Հայաստանը աշխարհին ներկայանում է, որպես հումք մատակարարող «Ճ» կարգի երկիր: Իսկ եթե վերամշակման գործարաններ լինեին, գոնե մարդկանց աշխատատեղերի, հետևաբար նաև կենսամակարդակի, տնտեսական ակտիվության և այլ հարակից հարցերի մի մասը կլուծվեր:

Բայց նույնիսկ այս պարագայում հանքարդյունաբերության ոլորտում կիրառվող հարկային քաղաքականությունը լուրջ վերանայման կարիք է զգում: Չնայած կառավարությունը 2012-ի պետբյուջեում ներառել է հանքարդյունաբերության ոլորտի հարկային բեռի ավելացում, այստեղ հնարավորությունները, ըստ մասնագետների, ավելին են:

«Կառավարությունը վերջապես անդրադարձավ հանքարդյունաբերության ոլորտի հարկային բեռի ավելացման հնարավորությանը: Մեր խմբակցությունը հետազոտություն է ներկայացրել, համաձայն որի` հանքարդյունաբերության ոլորտում հարկային մուտքերն ավելացնելու լուրջ ռեսուրս կա: Ավելին` հանքարդյունաբերության ոլորտում շահութաբերության տոկոսի բարձր լինելը խոչընդոտում է այլ ոլորտների զարգացումը: Որովհետև պոտենցիալ ներդրողը երբեք ներդրումներ չի անի այն ոլորտներում, որտեղ շահութաբերության տոկոսը ցածր է, եթե ավելի բարձր շահութաբերության տոկոսով աշխատելու հնարավորություն ունի: Հանքարդյունաբերության ոլորտում վերջին տարիներին միջին շահութաբերությունը կազմել է 100 տոկոս, նման շահութաբերությամբ բիզնես Հայաստանում այսօր կարծես գոյություն չունի: Դրական է, որ կառավարությունը ուզում է բեռը բարձրացնել, բայց դա շատ չնչին չափ է: Մենք կարծում ենք, որ շատ ավելի մեծ բարձրացում կարող էր տեղի ունենալ»,- «Անկախի» հետ առանձնազրույցում հայտնեց Արա Նռանյանը:

Հանրապետության տարածքում օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման ընթացքում առաջացող թափոնների կուտակման 15 պոչամբար կա, որոնց ծավալները անցնում են մի քանի մլն խմ-ից և զբաղեցնում են մոտ 700 հա ընդհանուր մակերես: Ներկայումս օգտակար հանածոների արդյունահանման և վերամշակման արդյունքում առաջացած արտադրական թափոնները` կուտակված պոչամբարներում, չեն օգտագործվում, չնայած դրանք պարունակում են մեծ քանակությամբ բազմամետաղներ:

«Հանքարդյունաբերության թափոնները հանել են հարկային դաշտից, և սրա համար հարկ չեն վճարում: Երբ նոր օրենքը դրվեց շրջանառության մեջ, կարծում էինք, որ թափոններն այդ օրենքով կմտնեն հարկային դաշտ: Բայց եթե նախկինում թափոնների մասին առհասարակ որևէ խոսք չկար, ապա այստեղ նրանք հանքարդյունաբերության թափոնները ծածկագրել են «լցակույտեր» անվան տակ: Հիմա օրենքով ընդունում են, որ հանքարդյունաբերության թափոններ իրոք գոյություն ունեն, բայց հանքարդյունահանողներն այդ պոչանքները նվիրում են Հայաստանի Հանրապետությանը»,- պարբերաբար հայտարարում է Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը:

Այսպես է այն պարզ պատճառով, որ, օրինակ, զարգացած հանքարդյունաբերություն ունեցող երկրներում բոլոր հանքարդյունահանողները, եթե ինչ-որ տարածք օգտագործում են, ապա հաշվարկվում են այդ տարածքի հողի տնտեսական վնասները, և նրանք այդ վնասը մուծում են պետական գանձարան: Իսկ մեր օրենքներում, ինչպես հավաստիացնում է Հայաստանի Կանաչների միության նախագահը, սա բացակայում է, և Հայաստանի հանքարդյունահանողները թափոնների համար հարկեր ու տուրքեր չեն մուծում:

Հանքարդյունաբերության ոլորտի իրավունքի մասնագետ Արթուր Ղազարյանն ընդհանրապես չի հասկանում, թե ինչու պետք է հանքարդյունաբերության ոլորտը մասնավորեցվեր, չէ՞որ դա ազգային հարստություն է և պետության կողմից շահագործվելու դեպքում կծառայեր հենց Հայաստանի Հանրապետությանը, ոչ թե օտարերկրյա ներդրողների կամ հայ մեծահարուստների անձնական եկամուտների բարձրացման «սուրբ գործին»:

Մենք հարցում ենք ուղարկել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն` պարզելու, թե պետությունը դեռ որքան հանքեր ունի, և արդեն իսկ մասնավորեցված հանքերից քանիսում և քանի տոկոս մասնաբաժին ունի: Շատ պարզ հարց, որի պատասխանը մինչև հիմա չենք ստացել: Իսկ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացունը համարվող հանքերը շարունակում են շահագործվել` առաջացնելով էկոլոգիական խնդիրներ և սպառելով այն պաշարները, որոնք կարող էին շատ օգտակար լինել գալիք սերունդների համար:

Հ.Գ. Մենք ցանկանում էինք պարզել, թե հանքարդյունաբերության ոլորտից որքա՞ն հարկեր, տուրքեր, հաստատագրված գումարներ, սոցվճարումներ կամ օրենքով նախատեսված այլ գումարներ են գանձվում հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, և շահագործվող յուրաքանչյուր հանքից որքան են կազմում այդ հարկային մուտքերը: Սակայն պետական եկամուտների կոմիտեն հրաժարվեց մեզ տրամադրել այդ տեղեկությունները` հիմնավորելով, որ այդ տեղեկությունները համարվում են հարկային գաղտնիք: Ճիշտն ասած` տարակուսանք առաջացավ, թե ինչո՞ւ պետք է գաղտնիք պահվի, թե հարկային մուտքերի քանի տոկոսն են կազմում հանքարդյունաբերության ոլորտից ստացվող հարկերը, և ինչու պետք է գաղտնիք լինեն ազգային հարստություն և հանրային սեփականություն համարվող հանքերի մասին տվյալները:

 

 

Դիտվել է 7991 անգամ:
Print Friendly

Leave a Reply