ԼՂՀ անկախության հանրաքվեի իրավագիտական դերն ու նշանակությունը

ԻՐԱՎՈՒՆՔ, Շաբաթվա լուր | | December 16, 2011 13:46

2011թ. դեկտեմբերի 10-ին լրացավ ԼՂՀ Անկախության հանրաքվեի անցկացման 20 տարին:

1991թ. սեպտեմբերի 2-ին հրավիրված բոլոր մակարդակների խորհուրդների պատգամավորների մասնակցությամբ` Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների Ժողովրդական պատգամավորների համատեղ նստաշրջանն ընդունեց որոշում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին հռչակագրի ընդունման և նրա պետական իշխանության ու կառավարման ժամանակավոր մարմինների ձևավորման մասին»: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԽՍՀՄ կազմից դուրս գալու գործընթացը պետք է խիստ կանոնակարգված լինի, ԽՍՀՄ գործող օրենսդրությանը համապատասխան, և ղեկավարվելով «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» ԽՍՀՄ օրենքի 2-րդ հոդվածով, ԼՂՀ ժողովրդական պատգամավորների խորհուրդը 1991թ. նոյեմբերի 27-ին ընդունեց որոշում «ԼՂՀ-ում հանրաքվե անցկացնելու մասին»: Այս տրամաբանությունից ելնելով` 1991թ. դեկտեմբերի 10-ին կայացած հանրաքվեի նպատակը կարելի է համարել թերևս այն, որ խնդիր էր դրված ժողովրդի քվեի միջոցով հաստատել Ժողպատգամավորների ընդունած որոշումը` դրան հաղորդելով բարձրագույն իրավաբանական ուժ, որը վերանայման ենթական չէ կամ հետագայում քաղաքական շահարկումների առարկա չի կարող դառնալ:

Հանրաքվեի առարկան Ժողովրդական քվեարկության միջոցով լուծման ենթակա հարցն է: Հանրաքվեն, ինչպես և ընտրությունը, համարվում է ժողովրդի բարձրագույն կամքի դրսևորում: Հանրաքվեի անհրաժեշտության վերաբերյալ ԼՂՀ քաղաքական ղեկավարության շրջանում տարաձայնություններ չեն եղել, սակայն հանրաքվեի դրվող հարցի ձևակերպումը սուր բանավեճեր է հարուցել: Ադրբեջանի և Հայաստանի անկախության հռչակումից հետո ԼՂՀ-ն դարձել էր ԽՍՀՄ տարածք և ստացել միութենական հանրապետության կարգավիճակ, որը ենթադրվում էր միութենական օրենսդրությամբ, այդ իսկ նկատառումով հանրաքվեի դրվող հարցը տարբեր ձևակերպումներ ստացավ, սակայն ընտրվեց թերևս լավագույն և իրերի դրությունը ճիշտ բնորոշող տարբերակը:

ԼՂՀ ժողովրդական պատգամավորների խորհրդի գործկոմը 1991թ. դեկտեմբերի 4-ին ընդունեց թիվ 4/151 որոշումը «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրաքվեի դրվող հարցի ճշգրտված ձևակերպման մասին»: Համաձայն այդ որոշման 1-ին կետի` հաստատվեց հանրաքվեի դրվող հարցի վերջնական ձևակերպումը հետևյալ խմբագրությամբ. «Համաձա՞յն եք Դուք, որպեսզի հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լինի անկախ պետություն, ինքնուրույն որոշելով համագործակցության ձևը ուրիշ պետությունների և ընկերակցությունների հետ»: Վերոհիշյալ որոշումը փոխանցվել է հանրաքվեի անցկացման Կենտրոնական ընտրական հանձնաժողովին` հարցը քվեաթերթիկի մեջ մտցնելու համար:

Որպես այդ ամբողջական շղթայի սկզբնական օղակ «ԼՂՀ ժողովրդական պատգամավորների ընտրությունների մասին» Ժամանակավոր կանոնակարգի 12-րդ հոդվածի հիման վրա ԼՂՀ ժողովրդական պատգամավորների խորհրդի գործկոմին հանձնարարվեց 1991թ. նոյեմբերի 28-ից ոչ ուշ աշխատանքային կոլեկտիվներում, հասարակական կազմակերպություններում, պետական իշխանության մարմիններում կազմակերպել ժողովներ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմում թեկնածուների առաջադրման նպատակով և 1991թ. նոյեմբերի 28-ին  ներկայացնել նստաշրջանի հաստատմանը: Հիշյալ որոշմանն անմիջապես հաջորդել են գործնական քայլերի իրականացումը և ներկայացվել են ԿԸՀ անդամության թեկնածուների առաջադրման վերաբերյալ արձանագրություններ:

ԼՂՀ ժողովրդական պատգամավորների ընտրությունների և հանրաքվեի անցկացման նպատակով ԼՂՀ տարածքում կազմավորվել է 81 ընտրատարածք, սակայն ոչ բոլոր ընտրատարածքներում է կայացել հանրաքվեն: Ինչպես վկայում են փաստերն ու ականատեսները, ընտրատարածքներից 11-ում այն չի կայացել: Ընդ որում, եթե թիվ 25 ընտրատարածքը փակ է եղել, ապա մնացած 10-ն ընդգրկում էին ադրբեջանական բնակավայրերը, որոնք բացարձակապես չեն մասնակցել հանրաքվեին: Սա խոսում է ինչպես ադրբեջանցիների կողմից դրսևորած աբսենտեիզմի, այնպես էլ ԼՂՀ հետագա ճակատագրի նկատմամբ նրանց անտարբեր վերաբերմունքի մասին, ինչը նաև տարօրինակ է հնչում Արցախի  նկատմամբ ադրբեջանցիների հնչեցրած տարածքային նկրտումների համատեքստում: Ընդսմին, հանրաքվեին չմասնակցած քաղաքացիների ճնշող մեծամասնության ադրբեջանցիներ լինելու փաստն արձանագրել են նաև միջազգային դիտորդներն իրենց արձանագրություններում:

ԼՂՀ անկախության հանրաքվեի քվեարկությունը կազմակերպվել է նաև երկրի սահմաններից դուրս` Հայաստանի Հանրապետությունում` դրանով իսկ ապահովելով քաղաքացիների ընտրելու իրավունքը:

«ԼՂՀ-ում հանրաքվե անցկացնելու մասին» ժամանակավոր կանոնակարգի 2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Հանրաքվեի անցկացման ընթացքում ապահովվում է հրապարակայնությունը, հանրության և դիտորդների (այդ թվում այլ պետություններից և միջազգային կազմակերպություններից) մասնակցությունը»: Հետաքրքրականն այն է, որ ԼՂՀ-ն, հանրաքվեի և ընտրությունների հետ կապված որևէ միջազգային պարտավորություն չունենալով հանդերձ, այդ գործընթացները դիտարկելու հրավերներ է ուղարկել միջազգային կառավարական և ոչ կառավարական կազմակերպություններին:

ԼՂՀ անկախության հանրաքվեին մասնակցել են 50-ից ավելի միջազգային դիտորդներ և լրատվամիջոցների ներկայացուցիչներ, որոնք հանրաքվեի ավարտից հետո կազմել են համատեղ արձանագրություն, իսկ նրանցից շատերն առանձին խմբերով եղել են տարբեր բնակավայրերում և կազմել առանձին ակտեր: Այդ ակտերում առանձնակի շեշտադրվում է հանրաքվեի կազմակերպման և անցկացման համապատասխանությունը և՛ միջազգային իրավունքին, և՛ «ԼՂՀ-ում հանրաքվե անցկացնելու մասին» Ժամանակավոր կանոնակարգին, քվեաթերթիկները 3 լեզուներով կազմված լինելու, քվեարկությունը սահմանված ժամին սկսելու ու ավարտելու մասին և այլն: Ընդ որում, որոշ բնակավայրերում,  ինչպես արձանագրել են դիտորդները,  քվեարկությունը տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից գնդակոծության պայմաններում,  եղել են նաև քաղաքացիների  զոհվելու դեպքեր (Ստեփանակերտ, գ. Ջրակուս):

Համաձայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական տվյալների` ԼՂՀ անկախության հանրաքվեին 132328 ընտրողներից մասնակցել են 108736-ը, ինչը կազմում է 82.2 %-ը, որոնց ճնշող մեծամասնությունը` 99,89%-ը, կողմ է արտահայտվել ԼՂՀ անկախությանը: Հանրաքվեին դրված հարցին դեմ են արտահայտվել 24 ընտրող, իսկ անվավեր է ճանաչվել 95 քվեաթերթիկ:

Այսպիսով, ԼՂՀ անկախության հանրաքվեն նոր իրողություն և նոր մշակույթ դարձավ արցախահայության իրավական կենցաղում և նպաստավոր հիմք հանդիսացավ ԼՂՀ-ում անմիջական ժողովրդավարության ձևավորմանն ու արմատավորմանը, ինչպես նաև նոր ինստիտուտի` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ստեղծմանը, որը պետք է համակարգեր այդ բոլոր գործընթացները: Տարիներ անց վստահաբար կարելի է ասել, որ ԼՂՀ իրավաքաղաքական պատմության մեջ խոշորագույն միջոցառում համարվող Անկախության հանրաքվեի և ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի ընտրությունների անցկացման նպատակով ստեղծված Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր առաքելությունը կատարել է անբասիր, որը շարունակվում է նաև մեր օրերում: Անցած 20 տարիների ընթացքում հանրաքվեի ինստիտուտի հետ կապված զարգացումները վկայում են, որ պետությունը դիմել է այդ ինստիտուտի օգնությանը երկրի կյանքում խիստ կարևոր հարցերի (անկախության հաստատման, ԼՂՀ Սահմանադրության ընդունման) վերաբերյալ բնակչության կարծիքը բացահայտելու նպատակով:

Անկախության հանրաքվեի իրավական արժեքն այն է, որ դրանով ժողովրդի միաձայն քվեների միջոցով իրավաբանորեն հաստատվեց ԼՂՀ-ի` որպես ինքնիշխան, ժողովրդավարական և իրավական պետության կառուցման հայեցակարգը:

Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

Դիտվել է 2124 անգամ:
Print Friendly

Leave a Reply