Արաբական աղբյուրներում հայերն ուժեղ են, իշխող ու ազդեցիկ, իսկ հայկական աղբյուրներում…

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Շաբաթվա լուր | | December 20, 2011 14:00

Փիլիսոփայության դոկտոր, պրոֆեսոր Սեդա Պ. Տատոյանը ծնվել է Սիրիայում, ապա տեղափոխվել Լիբանան, որտեղ 1986-2005 թթ. դասախոսել է Բեյրութի ամերիկյան համալսարանում, իսկ մինչ այդ` Հայկազյան և Լիբանանա-ամերիկյան համալսարաններում: Տատոյանը հայագիտություն է դասավանդել Նյու Յորքի Կոլումբիա համալսարանում, Նյու Ռոշել-Նյու Յորքի Սուրբ Ներսես ընծայարանում, հայ-իսլամական հարաբերություններ է դասախոսել Չիկագոյի համալսարանում:

Միջազգային տարբեր համաժողովներում և համալսարաններում Տատոյանը բազմիցս  է ներկայացրել հայագիտությունը:

Վերջին 15 տարվա ընթացքում նա զբաղվում է հայ-իսլամական հարաբերությունների ուսումնասիրությամբ, մասնավորապես` Միջին Արևելքում հայերի ունեցած դերով և նշանակությամբ:

Տատոյանն ավելի քան 50 հիմնարար ուսումնասիրությունների և 7 գրքերի հեղինակ է: Նա նաև նկարիչ է: Ապրում է Նյու Յորքում: ԵՊՀ ռեկտորի հրավերով մի քանի ամիս առաջ եկել է  Երևան` դասախոսելու պետական համալսարանում:

«Մեր մշակույթը մեկուսացած, լեռնային մշակույթ չէ, այլ շատ բարդ հարաբերություններով զարգացած,  ինտերակտիվ, դինամիկ և յուրահատուկ, ուստի այն պետք է դիտարկել հենց այդ հարաբերությունների մեջ»,-ասում է Տատոյանը և ձեռնոց նետում բոլոր նրանց, ովքեր համարձակություն չունեն հայոց պատմությունը դիտարկելու ավանդական սահմաններից դուրս:

Ապրելով Լիբանանում` նա ուսումնասիրել է իր համար արժեքավոր արաբական պատմագիտական աղբյուրները և բացահայտել, որ դրանք լի են հայոց պատմության վերաբերյալ անգնահատելի փաստերով, որոնք հայկական պատմագրության մեջ գրեթե գոյություն չունեն:

«Հայերը միջինարևելյան աշխարհի մեջ» գրքում Տատոյանն արծարծել է այդ հարցերը: «Արաբները հսկայական կայսրություն ունեին և 640 թվականից հետո իշխում էին ոչ միայն մեզ, այլև Փոքր Ասիայի մեծ մասին,- ասում է նա,- ուստի պետք է որ գրեին նաև Հայաստանի մասին: Սակայն Արաբական խալիֆայության մի մասը կազմելով հանդերձ` հայերը խեղճուկրակ գավառացի ժողովուրդ չէին, ընդհակառակը, շատ մեծ և դրական դեր ունեին Միջին Արևելքում»:

Տատոյանը չի ընդունում հայոց պատմության մեջ արձանագրված այն պատկերը, որ հայերը հալածված, մարտիրոսացված, տխուր  և ստորադաս են եղել: «Ոչ, պատկերն ամենևին էլ տխուր չէր,- ասում է նա,- պարզապես մեր պատմաբանները եկեղեցականներ էին, որոնք գրում էին որոշ նախարարական տների թելադրանքով և պատվերով, հետևաբար նաև` ի նպաստ այս կամ այն շահի: Բայց երբ արաբ պատմաբանի գրածն ես կարդում, պատկերը լրիվ այլ է, որովհետև նա պարզապես պատմել է այն, ինչ եղել է:

Տատոյանն ուսումնասիրել  է նաև Հովհաննես Երզնկացու (XIII դար) «Ի տաճկաց իմաստասիրաց գրոց քաղեալ բանք» ստեղծագործության իսլամական աղբյուրներն ու փիլիսոփայությունը: «Ինձ համար անսպասելի էր` գտնել Երզնկացու այդ աշխատությունը, որովհետև ոչ ոք անգամ տեղյակ չէ, թե ովքեր են այդ տաճիկ կոչված իմաստասերները,- ասում է նա:- Երբ գտա այդ աղբյուրը, սկսեցի մտածել` արդյոք մենք հասկացե՞լ ենք մեր իրականությունը, մեր փիլիսոփայությունը: Փաստորեն, այդ գաղափարները անցել են մեր մշակույթի մեջ, բայց մենք չենք հասկացել, թե դրանք որտեղից են գալիս: Երզնկացին թարգմանել է նաև Երզնկայի եղբայրությունների կանոնադրությունը, որը ուղղակի թարգմանությունն է 1229 թ. մահացած Աբասիայի խալիֆի կանոնադրության, որն անցել է մեզ, և XIX դարում գրված կանոնադրություններ կան, որ ճիշտ նույնն են»:

Նրա խոսքով` Սիրիայում, Լիբանանում, Պաղեստինում, Եգիպտոսում հայերը 100 տարի իշխել են, և հայոց պատմության մեջ այդ մասին ոչինչ չկա: «Ֆաթիմեական հայերը» գրքում նա  ներկայացրել է, թե ինչպես Սիրիայում ստեղծված և 960 թ. Եգիպտոսում հաստատված  Ֆաթիմեական խալիֆայության օրոք հայերը շենացրել են Եգիպտոսը:

Տատոյանն ընդգծում է, որ 1060-1080 թթ. հինգ  հայ-իսլամական պետություն կար: «Ճիշտ է, իշխանության մեջ գտնվող բոլոր հայերը կրոնափոխ էին, քանի որ իսլամի հարցը քաղաքական հարց էր, և քրիստոնեությունը պահելու դեպքում նրանք չէին կարող բարձր պաշտոններ զբաղեցնել,- ասում է նա,- իսկ իսլամը նրանց համար ոչ թե գոյությունը պահելու միջոց էր, այլև ուժ, իշխանություն, հող և ապահովություն»:

«Ո՞վ է տեղյակ, որ Կահիրեն կառուցողներից մեկն էլ հայ է եղել»,- հարցնում է նա և պատմում, որ 1074-ին, երբ Ֆաթիմեական խալիֆայության վիճակը բավականին ծանր էր, խալիֆան Սիրիայի կառավարչից, որ նույնպես  հայ էր, օգնություն է խնդրում: Դա Բադր ալ Ջամալին էր, որ իր 7000 հայ զինվորներով Սիրիայից նավով հասնում է Եգիպտոս, ազատագրում Եգիպտոսը թուրքերից և գրեթե բացարձակ իշխանությամբ իշխում` Եգիպտոսի ֆաթիմեական բանակն իսպառ հայկական դարձնելով: Իսկ 100 տարի անց, երբ պայմաններն արդեն այն չէին, և հայերը զանգվածաբար տեղափոխվում էին Կիլիկիա, 1163-ին էլ Եգիպտոսում սպանվում է վերջին հայ վեզիրը, թուրքերը կրկին մտնում են Եգիպտոս»:

Այո, հայերը մեծ տարածում և ուժ են ունեցել, և արաբական աղբյուրներում հայերի մասին հիացմունքով ու մեծարանքով են խոսում` միաժամանակ նշելով նրանց հայ լինելը: Սակայն հայ պատմաբաններն այդ հայերի պատմությունը պարզապես անտեսել են:

«Այսօր, երբ դասախոսում եմ Երևանի պետական համալսարանում, զգում եմ, որ մեր ուսանողների համար էլ է խորթ այն գաղափարը, որ պետք էր գրել պատմական հայրենիքի սահմաններից դուրս գտնվող կամ իսլամացած հայերի մասին,- ասում է նա,-  լավ, այդպես էին պայմանները, չէին կարող նրանք, քրիստոնյա լինելով, իշխել, բայց նրանք իրենց հայկականությունը պահպանում էին, և նրանց շնորհիվ հայերն իրենց ապահով և ուժեղ էին զգում»:

Տատոյանը հիշում է, որ երբ անցյալ տարի Եգիպտոսում քաղաքական ծանր վիճակ էր, հեռուստացույցով մի սովորական մարդու խոսեցրին, որն ասաց. «Բադր ալ Ջամալին գար, մեզ ազատեր…»: Բադր ալ Ջամալին այն զորավարն էր, որ 1074 թ. գնաց և ազատեց Եգիպտոսը: Փաստորեն, գրեթե 1000 տարի անց Եգիպտոսում նրան հիշում են: (Բադր ալ-Ջամալիի մասին` Վիքիպեդիայից. «Եգիպտոսում իշխող դիրքի հասած հայ վեզիր, որին պաշտոնի էր հրավիրել Մուսթանսար խալիֆը: Ստանձնելով վեզիրության պաշտոնը` նա ամենից առաջ վերացրել է ավազակությունը և երկրում կարգ ու կանոն հաստատել։ Հայ վեզիրը բարյացակամ վերաբերմունք է ունեցել Եգիպտոսի հայ գաղթավայրերի նկատմամբ, մի շարք հայերի առաջ քաշել պետական և զինվորական ղեկավար պաշտոններում։ Անցյալում կռիվների ընթացքում քարուքանդ եղած երկիրը վերակառուցելուց հետո նա ձեռնամուխ է եղել Եգիպտոսում բերդերի, կամուրջների, քաղաքային պարիսպների և հասարակական այլ շենքերի կառուցմանը։ Նրա կառուցած շինարարական գործերից է Կահիրեի պարիսպը, որի երեք դռները կառուցված են արտակարգ վայելչությամբ և կանգուն են մինչև այսօր։ Այդ դռները կառուցելու համար Բադր ալ-Ջամալին եդեսացի երեք հայ ճարտարապետի է բերել»:)

Ի դեպ, համացանցի արաբական աղբյուրներում ևս բավականին լայն տեղեկություններ կան հայազգի այս վեզիրի մասին. նշվում է, որ նա եղել է խալիֆի գլխավոր վեզիրը:

«Եկածս օրվանից չեմ զգացել, որ այս ամենի նկատմամբ Հայաստանում հետաքրքրություն կա,- ասում է Տատոյանը,- ավելին` կարծես վախենում են, այն տպավորությունն ունեմ, որ մարդիկ պատրաստ չեն հայոց պատմության նոր տեսակետներ լսելու, ուսանողների միտքն էլ է կարծես փակ նոր գաղափարների նկատմամբ, բայց դրանք մեզ համար են նոր, իսկ արաբական պատմագրության մեջ պարզապես արձանագրված փաստեր են»:

Տատոյանը հաճախ է մասնակցում միջինարևելյան համաժողովներին և ցավով է արձանագրում, որ այնտեղ որևէ հայաստանցի մասնագետ չկա: «Մինչդեռ մենք Միջին Արևելքի պատմության, գիտության մի մասն ենք և պետք է ներգրավվենք այդ ամենի մեջ»,- համոզված է նա:

Տատոյանի համար ցավ է նաև Հայաստանի և Սփյուռքի պատմաբանների` միմյանցից անկախ աշխատելը: «Ես չեմ ընդունում ներքին ու արտաքին հայագիտություն ասվածը, Արևելահայաստան և Արևմտահայաստան անվանումները: Ավելի հայկական անվանում կա` Պատմական հայրենիք կամ Հայկական բնակավայր,- ասում է նա:- Սփյուռքը ևս անիմաստ բառ է այլևս, հայությունը մեկն է աշխարհի բոլոր վայրերում, հայագիտությունը ևս մեկն է, պարզապես պետք է հաղորդակցությունը մեծացնել»:

 

Դիտվել է 1954 անգամ:
Print Friendly

Leave a Reply