Գուցե այսօր այն օր է, երբ պետք է այցելեք բժշկի

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | December 20, 2011 7:00

Նազենին հրե մազերով, ընդգծված  շուրթերով, մուգ ոսկեգույն մաշկով մի կին էր` նման մանկության հեքիաթների հերոսուհուն` համարձակ, խորհրդավոր ու շքեղ:  Հետո ինչ-որ  ուժ քամեց նրանից կյանքի  հյութը, ու նրա մարմինն ընդամենը մի քանի օր առաջ հողին հանձնվեց: Ոչ մի կերպ պատկերացնել չի լինում` ինչպես քամվեց կյանքը նրանից, բայց մարմնովս սարսուռ է անցնում, երբ պատկերացնում եմ, որ եկող տարի, երբ կրծքագեղձի քաղցկեղից մահացածների վիճակագրական թիվը կասեն,  Նազենին այդ թվի մեջ ներառված կանանցից մեկն է լինելու:

Նազենու մահը  ևս մեկ առիթ է` խոսելու կրծքագեղձի քաղցկեղի մասին:

Կրծքագեղձի քաղցկեղը կանանց վերարտադրողական օրգանների հիվանդությունների շարքում առաջին տեղն է զբաղեցնում, իսկ ընդհանուր ուռուցքային հիվանդությունների շարքում` երկրորդը թոքի քաղցկեղից հետո: Հայաստանում այս հիվանդությունից տառապողների թիվն ամեն տարի հասնում է մոտ հազարի:

Կրծքագեղձի քաղցկեղի հայտնաբերման վաղ շրջանում բուժումը հնարավոր է, սակայն որքան ուշ է կինը դիմում բժշկի, այնքան նվազում է նրան բուժելու հավանականությունը: Հայաստանում շատ են բարձիթողի վիճակում գտնվող հիվանդները: Նրանք այնքան ուշ են դիմում մասնագետին, որ նրանց կյանքը փրկելու հավանականությունը չնչին է լինում: Սակայն նախկին տարիների հետ համեմատած`  բարձիթողության աստիճանը նվազել է:

Մասնագետները փաստում են, որ կինը  պետք է տարեկան գոնե մեկ անգամ այցելի բժշկի,  մինչդեռ մեր երկրում կանայք հիմնականում դիմում են բժշկին այն ժամանակ, երբ  ինչ-որ բողոք են ունենում:

Ինքնազննում

Կանայք, սակայն, կարող են իրենք էլ զննել իրենց` պարզելու` ինչ-որ խնդիր ունեն, թե ոչ: Բնականաբար, այն չի կարող վերջնական ու խիստ ճշգրիտ արդյունք տալ, այլ կարող է միայն հուշել հիվանդության մասին:

Ինքնազննումը պետք է արվի դաշտանային ցիկլի ավարտից 2-3 օր անց, իսկ եթե եղել է դաշտանադադարի դեպք,  պետք է ընտրել  որևէ  օր ու ամեն ամսվա նույն օրը կուրծքն ինքնազննել։

Զննումը կարելի է սկսել հենց հայելու դիմաց` համեմատելով երկու ստինքները: Քաղցկեղի դեպքում դրանցից մեկը մեծ է լինում, մյուսը` փոքր: Խոսքը բնական մեծ ու փոքր լինելու մասին չէ, այլ` էական տարբերության:

Այնուհետև փորձում են հասկանալ` կա՞ ինչ-որ այտուցվածություն, հանգույց, նկատվո՞ւմ է արդյոք ինչ-որ արտառոց բան, թե ոչ: Պետք է ուշադրություն դարձնել երկու կրծքագեղձերի  գույնին, կնճռոտվածությանը, պտուկները ներքաշված են, թե ոչ: Բնականաբար, պարտադիր չէ, որ հայտնաբերված  որևէ շեղում անպայման կրծքագեղձի  քաղցկեղ լինի. դա կարող է ասել միայն մասնագետը:

Արտաքին զննումից հետո սկսեք շոշափել. աջ ձեռքը տարեք գլխի հետև,  ձախ ձեռքի մատներով շրջանաձև, կրծքի եզրից դեպի կենտրոն շարժումներով շոշափեք աջ կուրծքը։ Նույն կերպ ստուգում եք նաև ձախ կուրծքը:

Թույլ սեղմեք  պտուկներին հարող տարածքը, պարզեք` այնտեղից որևէ արտադրություն կա՞, թե՞ ոչ։

Այնուհետև ինքնազննումը պառկած կարող եք անել.պառկեք,  թիակների տակ բարձ դրեք։ Նույն շարժումներով շոշափեք ձախ կուրծքը, թևատակը, կրծքից թևատակ տանող հատվածը։ Ապա` ձախ կրծքագեղձն ու հարակից տարածքը։

Եթե զննումից հետո ինչ-որ բան հայտնաբերվի, չարժե խուճապի մատնվել: Հիվանդության մասին ավելի ստույգ կարող է ասել միայն մասնագետը:

Ավելին` ինչպես հավաստում է ուռուցքաբան Վահե Տեր-Մինասյանը,  վերջին տարիներին հանրապետության մի շարք կլինիկաներում մամոգրաֆիկ մեթոդի կիրառումը հնարավորություն է տալիս ճշտորեն ախտորոշելու հիվանդությունը, և եթե այն դեռևս շատ չի խորացե` բուժելու: Վիրահատության դեպքում շատ կանայք մեծ սթրես են տանում, քանի որ հեռացվում է կուրծքը. «Այսօր արդեն կան միջոցներ, երբ քաղցկեղը հեռացվում է, բայց կուրծքը պահպանվում է»,- ասում է բժիշկը:

Ուշացումն ամեն րոպե նվազեցնում է բուժվելու հավանականությունը

Լենան  նույնպես կրծքագեղձի քաղցկեղ է ունեցել, սակայն վիրահատությունից հետո բուժման կուրս է անցել, այժմ իրեն լավ է զգում, աշխատում է, զբաղվում շատ սովորական առօրյա գործերով: «Ինչ-որ բան զգում էի, սակայն չէի դիմում բժշկի: Մի օր հեռուստատեսությամբ տեսա` ինչպես են ինքնազննում անում: Նույնությամբ արեցի, և ինձ թվաց` մի բան կա: Դիմեցի բժշկի, պարզվեց` քաղցկեղ է: Ենթարկվեցի վիրահատության»,-պատմում է Լենան: Նա 36 տարեկան է, վիրահատությունից անցել է 6 տարի:

Լենայի խոսքով` իր բախտն ուղղակի բերել է, քանի որ համեմատաբար վաղ շրջանում է դիմել մասնագետի, սակայն կարող էր և ավելի վաղ դիմել: Նա առաջին անգամ դիմել է կասկածներ ունենալու ժամանակ, դրանից առաջ երբեք չի այցելել բժշկի:

Պատասխանատվություն եք կրում ոչ միայն ձեզ համար

Ցավոք, շատ կանայք նույնիսկ իմանալով, որ խնդիր ունեն, հետաձգում են այցելությունը բժշկին: Այդպես և ուշացել էր Նազենին, ով դիմեց բժշկի հիվանդության ամենավերջին փուլում: Նազենին 38 տարեկան էր: Նրա երեք երեխաներից կրտսերը դեռ 7 տարեկան է:

 

Մարիամ ՄՈՒՂԴՈՒՍՅԱՆ

 

Դիտվել է 1993 անգամ:
Print Friendly

Leave a Reply