Չխաբենք ինքներս մեզ

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | December 18, 2011 15:30

2012 ի  մրցաշրջանն ավարտին է մոտենում: Դեկտեմբերի 20-ին կհրապարակվեն Հայաստանի 10 լավագույն մարզիկների և 3 լավագույն թիմերի անունները: Ավանդույթ է դարձել, որ երկու անվանակարգերում էլ լավագույնները որոշվում են մարզական լրագրողների շրջանում անցկացված հարցման արդյունքով: Սակայն փորձը ցույց է տվել, որ քվեարկության արդյունքների հրապարակումից հետո  դժգոհություններ են լինում:

Այդ է պատճառը, որ այս տարի նախապես մարզական լրագրողների շրջանում քննարկում է անցկացվել, թե ինչ սկզբունքով պետք է կատարվի քվեարկությունը, որպեսզի բացառվեն տարաբնույթ խոսակցությունները: Առաջարկվել է, որ նախապատվությունը տրվի օլիմպիական մարզաձևերի ներկայացուցիչներին, մեծահասակ մարզիկների մրցումներում աչքի ընկնողներին, ընդհանրապես որևէ սահմանափակում չկիրառվի, եթե անգամ որևէ մեկը ցանկանա քվեարկել այս կամ մարզաձևի ներկայացուցչի, անգամ Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող պրոֆեսիոնալ որևէ մարզիկի օգտին:

Այդուհանդերձ, Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի գործկոմը հետագայում որոշել է որոշակի ցուցակ ներկայացնել. քվեարկողին իրավունք չի վերապահվում նշել այդ ցուցակից դուրս մնացած մարզիկների անունները: Փաստն այն է, որ այդ պարագայում արդեն որոշակի ուղղորդում է կատարվում, նաև մի շարք հարցեր են առաջանում: Օրինակ` անհասկանալի է, թե լավագույնների ցուցակում ինչու է  Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մի քանի խաղացողի անուն: Եթե մեր երկրի ընտրանին լավ է հանդես եկել, ապա պետք է  առանձնացվեին մեծ թվով  բարձրակարգ ֆուտբոլիստներ, կամ էլ ամբողջ թիմի խաղացողների անուններն ընդգրկվեին: Մինչդեռ քվեակության են ներկայացված  միայն Հենրիխ Մխիթարյանը, Յուրա Մովսիսյանը, Ռոման Բերեզովսկին, Սարգիս Հովսեփյանը և Գևորգ Ղազարյանը: Բայց հայտնի չէ` նրանցից ինչո՞վ  են պակաս Մարկոս Պիզելին, Կառլեն Մկրտչյանը,  էլի մի քանիսը: Մանավանդ որ մեր թիմը համեմատաբար է լավ խաղացել, և ուրախալին այն է, որ այս անգամ աղյուսակի ոչ թե ստորին հորիզոնականում է, այլ` 3-րդ, որն ընդհանուր հաշվով դարձյալ ոչինչ չի տալիս: Փաստորեն, մերոնք այդպես էլ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում խմբից դուրս գալ չկարողացան:

Ֆուտբոլը թիմային խաղ է և հավաքականների համար առանձին անվանակարգով է քվեարկություն անցկացվում` լավագույն թիմի, իսկ թե ինչու են առանձնացվել մի քանի խաղացողներ, պարզ չէ: Թերևս պատճառն այն է, որ լավագույն թիմի համար մրցավեճում  Հայաստանի ֆուտբոլի հավաքականը չի կարող մրցակցել շախմատի տղամարդկանց ազգային ընտրանու հետ, որը դարձել է աշխարհի չեմպիոն:

Տարօրինակ է, բայց փաստ, որ աշխարհի չեմպիոն թիմի խաղացողներից, ի տարբերություն ընդհանուր հաշվով ոչնչի չհասած ֆուտբոլիստների, միայն մեկ շախմատիստի` Լևոն Արոնյանի անունն է:

Իսկ ընդհանրապես 2012-ի մրցաշրջանը նպաստավոր չէ Հայաստանի տարբեր մարզաձևերի ներկայացուցիչների համար: Լավագույնների տասնյակում տեղ գրավելու արժանավորները շատ չեն: Մեդալներն այս տարի ավելի քիչ են, քան եղել են  վերջին մի քանի տարիներին: Այս առումով պահանջները հատկապես մեծ են այն մարզաձևերի ներկայացուցիչներից, որոնց պետությունն աջակցության կարգով մեծ գումարներ է տամադրում: Խոսքը ծանրամարտի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ձյուդոյի, հրաձգության մասին  է: Սակայն ստացվել է այնպես, որ մերոնք մեծահասակների միջազգային խոշորամասշտաբ ստուգատեսներում, նաև օլիմպիական խաղերի մասնակցելու իրավունք տվող վարկանշային մրցումներում, մեղմ ասած, հիասթափեցրել են: Ներկայումս ունենք օլիմպիական խաղերի մասնակցի 10 ուղեգիր: Դրանցից 6-ը ծանրորդներինն  են: Մեկական ուղեգրեր ունեն հունահռոմեական և ազատ ոճի ըմբիշները, բռնցքամարտիկները, հրաձիգները: Հայաստանի օլիմպիական մարզաձևերի ներկայացուցիչներից աշխարհի առաջնության մրցանակակիր է դարձել միայն հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը: Նրա թիմակից Ռոման Ամոյան էլ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն: Սրանք են ամենաբարձր արդյունքները:  Մի շարք մարզաձևերի  Եվրոպայի առաջնության մի քանի  մրցանակակիր էլ կա:

Իսկ այսպիսի ցուցանիշներով հույսեր փայփայել, որ 2012-ին Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերում լուրջ ակնկալիքներ կարելի է ունենալ, պարզապես ինքնախաբեություն կլինի:

Մասնավորապես, հույս կա, որ մեր ձյուդոյիստներից երկուսը համապատասխան ցուցանիշ կունենան  և իրենց քաշային կարգերի շուրջ երկու տասնյակ ընտրյալների թվում կմասնակցեն խաղերին: Բայց ոչ մի երաշխիք չկա, որ այդ ձյուդոյիստները կարող են մեդալի հավակնել: Համենայն դեպս, 2011-ի Եվրոպայի, աշխարհի առաջնություններում նրանք անմասն են մնացել խաղարկված պարգևներից, իսկ  դա օլիմպիական խաղերում շատ ավելի դժվար է:

Վատ վիճակում է նաև Հայաստանի բռնցքամարտի հավաքականը, որը մի շարք կորուստներ, թիմից հեռացողներ ունի, և այս տարի էլ միայն երկու մրցանակ է նվաճել Եվրոպայի առաջնությունում: Վլադիմիր Սարուխանյանը դարձել է բրոնզե մեդալակիր: Ճիշտ է, Արմինե Սինաբյանը Եվրոպայի փոխչեմպիոնուհի է հռչակվել, բայց այդ մարզուհին Շվեդիայից է, ու թեև ուրախալի է, որ նա ցանկություն է հայտնել Հայաստանը ներկայացնել, սակայն դա մեզ համար պատահական համալրում է:

Ինչևէ, Հայաստանի 2011-ի լավագույնների կոչմանը հավակնողների թիվը մեծ չէ: Իրենց ցուցանիշներով առանձնանում են շախմատիստներ Արոնյանը, Էլինա Դանիելյանը, մի քանի ծանրորդներ, ըմբիշներ, մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը, որը տևական ընդմիջումից հետո այս մարզաձևի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ է բերել Հայաստանին: Սպասենք ևս մի քանի օր, երբ կհրապարակվի, թե ով որ տեղն է զբաղեցրել լավագույնների տասնյակում, և ամեն ինչ պարզ կդառնա:

 

 

 

 

Դիտվել է 1039 անգամ:
Print Friendly

Leave a Reply