Կատարվել է նախատեսվածից ավելին
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | դեկտեմբերի 16, 2011 13:34
Կայացավ Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի ընդլայնված նիստը, քննարկվեցին 2011-ի արդյունքերը: Կատարված աշխատանքին անդրադարձավ Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանը: Նշվեց, որ անցնող տարվա ընթացքում չորս տասնյակից ավելի միջոցառումներ են անցկացվել: Ընդ որում, կատարվել է ոչ միայն նախատեսվածը, այլև ավելին:
Մասնավորապես, Հայաստանի երիտասարդական և մինչև 18 տարեկան լողափնյա հանդբոլիստուհիների հավաքականներն ուսումնամարզական հավաքների և միջազգային մրցաշարերի են մասնակցել Վրաստանում: Հարևան երկրի պատանի հանդբոլիստներն էլ փոխայցելություն են կատարել մեր երկիր և Վանաձորում համատեղ մարզումներ են կազմակերպվել, նաև անցկացվել են ստուգողական հանդիպումներ: Մեր երկրի այս թիմերը նախապատրաստվում են հաջորդ տարի կայանալիք Եվրոպայի երիտասարդական առաջնության խմբային մրցաշարին և Վրաստանում կայանալիք լողափնյա հանդբոլի Եվրոպայի առաջնությանը: Ի դեպ, վերջինս հայտ է ներկայացվել, որ մասնակցեն նաև մեր հանդբոլիստները: Հայաստանի հանդբոլիստուհիները խաղալու են նաև «Չելենջ տրոֆի» միջազգային մրցաշարում, որը Եվրոպայի առաջնությունից հետո Հին աշխարհամասի երկրորդ խոշոր ստուգատեսն է:
Այսպիսով, հաջորդ տարի մերոնք հանդես են գալու միջազգային ներկայացուցչական երեք խոշոր մրցումներում: Ֆեդերացիայի նախագահը շեշտեց, որ դրանց պետք է լավ նախապատրաստվել: Նշվեց նաև, որ կարևորն այն է, որ մերոնք մասնակցեն ուժեղագույնների պայքարին, մրցափորձ կուտակեն և հանդբոլը քայլ առ քայլ Հայաստանում զարգանա, հասնի այն մակարդակին, որը ցանկալի է:
Նշվեց, որ հանդբոլի մասսայականացմանը նպաստելուն է կոչված «Վարչապետի գավաթ» միջազգային մրցաշարի ավանդաբար անցկացումը, որի մրցավայրը նոյեմբերին դարձել էր մայրաքաղաքի «Միկա» մարզասրահը: Եվ այդ ստուգատեսում Հայաստանի հանդբոլիստների հավաքականը, որի կազմում նաև Գերմանիայից, Ֆրանսիայից, Ռուսատանից հրավիրված մեր հայրենակիցներին էին, այդ թվում նաև «Չեխովսկիե մեդվեդի» թիմի խաղացող Սամվել Ասլանյանը, հաղթելով Վրաստանի, Ուզբեկստանի ներկայացուցիչներին և զիջելով միայն Կրասնոդարի ՖԻՄԱ-ի խաղացողներից կազմված Ռուսաստանի հավաքականին, վերջինիցս հետո զբաղեցրել էր երկրորդ տեղը: Մրցաշարին ներկա էին նաև տարբեր երկրներից ժամանած բարձրաստիճան հյուրեր, այդ թվում նաև մարզաձևի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահ Թոր Լիանը: Ի դեպ, վերջինս վերադարձից հետո, Վիեննայում կայացած Հանդբոլի Եվրոպայի համաժողովի ժամանակ բարձր է գնահատել Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի հանդբոլը զարգացնելու ուղղությամբ կատարած աշխատանքը:
Կարևորվեց, որ Հայաստանում հանդբոլի զարգացմանը մեծապես նպաստում է «Սմարթ» ծրագրի ներդրումը, որի շնորհիվ հանբոլն արմատավորվում է ոչ միայն Երևանի, այլև Հայաստանի տարբեր մարզերի հանրակրթական դպրոցներում: Գոհունակությամբ նշվեց, որ հանրակրթական դպրոցներում աշխատող մարզիչների համար կազմակերպվել են սեմինարներ, որոնք վարել են հանդբոլի միջազգային ու Եվրոպայի ֆեդերացիաներից գործուղված ճանաչված մասնագետները:
Օրերս էլ Հայաստանում էր Հանդբոլի միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչ, գերմանացի Հելմուտ Մարթինը , որը «Հանդբոլը` դպրոցում» թեմայով սեմինար անցկացրեց Երևանում, Աբովյանում, Վանաձորում:
Ֆեդերացիայի կատարած աշխատանքը գնահատվեց «բավարար»:
Միջոցառումների հարուստ ծրագիր է նախատեսվում նաև 2012-ին: Այն ներկայացվեց քննարկման և հաստատվեց:
Կատարվեցին ֆեդերացիայի կառուցվածքային փոփոխություններ, աշխատանքի վերաբաշխում:





Facebook
Tweet This