Մարդիկ դեմ են ուրանի հանքավայրի հնարավոր շահագործմանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | December 15, 2011 18:08

Լեռնաձորում շարունակվում են ուրանի որոնողահետախուզական աշխատանքները, հասարակական նախաձեռնությունն էլ շարունակում է իր «հակաուրանյան» արշավը:

Ուրանի հանքաքարի հայտնաբերման նպատակով «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ն ՀՀ Սյունիքի մարզում իրականացնում է երկրաբանական որոնողահետախուզական աշխատանքներ` ըստ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված նախագծի, որը ՀՀ բնապահպանության նախարարության կողմից ենթարկվել է շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննության և ստացել դրական եզրակացություն:

Այս առիթով «Ազատամարտ» և «Կայուն զարգացում» հասարակական կազմակերպությունները պայքար են սկսել ընդդեմ ուրանի հանքավայրի շահագործման և հանուն որոնողահետախուզական աշխատանքների դադարեցման, քանի որ համոզված են, որ ուրանի հանքավայրի շահագործումը Սյունիքի մարզի համար կդառնա էկոլոգիական աղետ, ու հանքը կթունավորի այդ տարածաշրջանի բնակչությանը: Նրանք կազմակերպել են ստորագրահավաք, որին մասնակցել է մոտ 18 հազար 850 մարդ: Ըստ «Կայուն զարգացում» ՀԿ-ի նախագահ Արմեն Փարսադանյանի` ստորագրահավաքի մասնակիցների մոտ 99 տոկոսը դեմ է արտահայտվել Սյունիքի մարզի Լեռնաձոր համայնքում ուրանի հանքի հնարավոր շահագործմանը:

Ստորագրահավաքի արդյունքները հասարակական կազմակերպությունների ու ակտիվիստների մտահոգությունների հետ միասին ուղարկվել են վարչապետին: Բայց նրա արձագանքը ուղղակիորեն չստանալուց հետո գրոհ են կազմակերպել նրա ֆեյսբուքյան պատի վրա. մոտ 300 օգտատեր այնտեղ տեղադրել է «Ուրանի հանքի շահագործումը Հայաստանում ցեղասպանություն է խաղաղ պայմաններում: Մենք դեմ ենք Հայաստանում ուրանի հանքի հնարավոր շահագործմանը» գրառումը: Բայց այս ամենին պատասխանել է varchapetifbognakan անվանումով օգտատերը:

«Համայնքի բնակիչները զանգեցին, տեղեկացրին, որ արդեն տեխնիկան բերել են ու շարունակում են որոնողահետախուզական աշխատանքները: Մեզ հորդորում են, որ չխանգարենք այդ աշխատանքներին, հավատացնում են, որ հետախուզական աշխատանքներն անվնաս են: Նույնիսկ պարբերաբար լրագրողների հետ այնտեղ այցելելով այս խնդիրը չի լուծվում: Սոցիալական ցանցերի միջոցով փորձեցինք ինչ-որ բան անել ու վարչապետին տեղեկացնել այս մասին: Ֆեյսբուք սոցիալական ցանցում վարչապետ Տիգրան Սարգսյանի պատի վրա գրառում տեղադրեցինք, երեք շաբաթ անց վարչապետն անուղղակի ձևով արձագանքեց վարչապետի օգնականի ֆեյսբուքյան ինչ-որ օգտատերի անունով և նշեց, որ պարզաբանումները տրվել են էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից, որոշումն ընդունվել է կառավարության կողմից, աշխատանքներն իրականացվում են օրենքով նախատեսված կարգով, այնտեղ օգտագործվում է ժամանակակից տեխնիկա, և մարդկանց առողջության համար այդ աշխատանքները որևէ վտանգ չեն ներկայացնում»,- «Անկախի» հետ զրույցում հայտնեց «Կայուն զարգացում» ՀԿ-ի նախագահ Արմեն Փարսադանյանը:

Նա նշեց նաև, որ իրենք ստացել են Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության պատասխանը, բայց պատասխան էին ակնկալում վարչապետից, քանի որ նամակը և նամակին կից ստորագրահավաքի ընթացիկ արդյունքները ներկայացրել էին նրան: «Մեր դժգոհությունն այն է, որ վարչապետն անձամբ չի անդրադառնում այս խնդրին: Ու ցավալի է, որ կառավարությունը չի լսում բնակչության ձայնն ու հաշվի չի առնում նրա կարծիքը: Մենք պահանջում ենք, որ կառավարությունը համապատասխան որոշումով դադարեցնի տվյալ տարածքներում որոնողահետախուզական աշխատանքները: Եվ մենք ակնկալում ենք հենց վարչապետի պատասխանը»,- ասաց Արմեն Փարսադանյանը:

Իսկ այս բողոքի ալիքի վերաբերյալ երկրաբանական և որոնողահետախուզական աշխատանքներն իրականացնող «Աբվան» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Յուրա Գևորգյանը «Անկախի» հետ զրույցում նշեց, որ ալիքը` «այդ շիզոֆրենիան», որ սկսվել է որոնողահետախուզական աշխատանքների դեմ,  լրիվ անհիմն է, որովհետև այս փուլում հանքի շահագործման մասին խոսելու կարիք էլ չկա, քանի որ այդ տարածքում ընդհանրապես հանքավայր չկա: Այնտեղ երկար տարիների, նույնիսկ տասնյակ տարիների աշխատանքներ են պետք, որպեսզի, եթե ինչ-որ բան հայտնաբերվի, դառնա հանքավայր: Իսկ «Աբվան» ՍՊԸ-ն ընդամենը ուսումնասիրում է, և դա կիսագիտական աշխատանք է: «Եթե հիմա գազ կամ նավթ են փնտրում, դրա մեջ վատ բան կա՞: Ի՞նչ տարբերություն` նա՞վթ ես փնտրում, գա՞զ, թե՞ այլ էներգակիր, ինչպիսին ուրանն է: Մենք ընդամենը ընդերքն ենք ուսումնասիրում: Աստված տա մի բան հայտնաբերենք, հետո կորոշենք` ինչ անել: Հենց վաղը ոչ ոք չի գնալու հանք շահագործի ու ժողովրդին թունավորի, որ այդքան աղաղակում են: Սա շիզոֆրենիայի պես մի բան է: Ընդերքի ուսումնասիրություն կատարելը ոչ մի վատ բան չի նշանակում: Եթե նույնիսկ հայտնաբերվի, որ այնտեղ ինչ-որ բան կա, դա էլ ոչ ոքի չի խանգարում: Մի բան է հանք շահագործել, ուրիշ բան է ուսումնասիրել: Այնպես չէ, որ եթե նույնիսկ ինչ-որ բան հայտնաբերվի, ուրեմն այնտեղ հենց վաղվանից պետք է սկսվի շահագործումը: Կթողնեն հաջորդ սերունդներին: Մի՞թե չարժե իմանալ, թե մեր ընդերքում ինչ կա, եթե ունենք այդ հնարավորությունը: Չիմանա՞նք, թե մեր ընդերքն ինչով է հարուստ և ինչով հարուստ չէ: Հնարավոր է, որ մի 50 տարի հետո այնպիսի տեխնոլոգիաներ ի հայտ գան, որ այդպիսի հանքավայրերը շահագործելը շատ նպատակահարմար լինի մեր այս աղքատ երկրի համար»,- պարզաբանեց Յուրա Գևորգյանը:

Նա տեղեկացրեց, որ այս պահին որոնողահետախուզական աշխատանքները շարունակվում են, իրենք մի փոքր նախագիծ ունեն, որ մինչև տարվա վերջ պետք է ավարտեն: Եվ այդ աշխատանքները որևէ էկոլոգիական խնդիր կամ ազգաբնակչության թունավորում չեն առաջացնում: Դրանք ավելի շատ որոնողական են, քան հետախուզական:

 

Դիտվել է 938 անգամ:
Print Friendly

Leave a Reply