Զգեստապահարանը դեռ մի փոխեք. հոկտեմբերին սպասվում է տաք աշուն

Օրվա լուր | | September 18, 2009 15:59

Զարուհի ՊետրոսյանԱռաջիկա 4 օրերին Տավուշի խոտհարքների հարցը չի լուծվի. հատկապես Հանրապետության հյուսիս-արևելյան շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ: Սեպտեմբերի 20-24-ը հանրապետության բոլոր շրջաններում կլինեն տեղումներ, քամու ուժգնացում և  ամպրոպ՝ առանց կարկտի:

Եղանակային նման գրաֆիկը, ըստ «Հայպետհիդրոմետ»-ի, «պայմանավորված է նաև գլոբալ տաքացմամբ»:

«Հայպետհիդրոմետ» ծառայության օպերատիվ հիդրօդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս տարին որակեց որպես «արտառոց տեղումների տարի»:

«Ջերմաստիճանի կտրուկ տատանումներ չեն լինի, ամսի 24-27-ը տեղումներ չեն լինի, կլինի ժամանակավոր դադար, սակայն 28-29-ը նորից տեղումների շրջան կգրանցվի»,-ասում է օդերևութաբանը:

Հոկտեմբերն այս տարի նման կլինի անցած տարիների հոկտեմբերներին. օդի ջերմաստիճանը սեպտեմբերի համեմատ կիջնի 5 աստիճանով, կլինեն ցրտահանություններ արդեն ամսվա վերջին: Ձմռան մասին կանխատեսումները պարզ կլինեն հոկտեմբերի 25-ից հետո:

«Այսպիսի տեղումներ եղել են նաև 1992թ., այս հուլիսի 5-ն առանձնակի էր, քանի որ քամու ուժգնությունը զգալի մեծացավ, կարկուտի տրամագիծը ևս մեծ էր, իսկ սեպտեմբերի այս  անձևներն ավելի շատ գարնան բնույթ են կրում, ինչը  նշանակում է, որ  ամառը երկար է տևելու»(հոկտեմբերն ամռան պես է լինելու),-ասում է Պետրոսյանը:

Նա ասում է, որ վերջին տարիներին լավացել է կանխատեսումների որակը, որը ոչ թե տեխնիկական վերազինման, այլ մասնագետների հմտության արդյունք է:

Դիտվել է 1543 անգամ:
Print Friendly

Leave a Reply