Երբ տարին նախաօլիմպիական է
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | December 15, 2011 14:11
Այսօր լրագրողներին հանդիպելով Հայաստանի սպորտի և երիտասարդութան հարցերի փոխնախարար, մեր երկրի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը, նախ, համառոտակի ամփոփեց մեր ծանրորդների 2011-ին ունեցած մրցելույթների արդյունքները: Նա նշեց, որ եթե պատանիները և երիտասարդները փայլուն մրցելույթներ են ունեցել, ապա նույն բանը չի կարելի ասել մեծահասակ մարզիկների և մարզուհիների մասին: Մասնավորապես, Գոռ Մինասյանը դարձել է պատանիների աշխարհի չեմպիոն, Աղասի Աղասյանն ուժեղագույն է ճանաչվել Համաշխարհային ուսանողական խաղերում: Նախկինում մերոնք այս ստուգատեսներում այդպիսի ձեռքբերումներ չեն ունեցել: Իսկ ահա, Հայաստանի մեծահասակ ծանրորդները և ծանրորդուհիները սպասելիքներն այդպես էլ չեն արդարացրել Փարիզում կայացած աշխարհի առաջնությունում, որը վարկանիշային էր օլիմպիական խաղերի համար: Մխիթարությունն այն է, որ մեր երկրի 4 ծանրորդ և 2 ծանրորդուհի, այնուամենայնիվ, իրավունք են ստացել մասնակցելու 2012-ին Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերին: Ֆեդերացիայի նախագահը նշեց, որ Հայաստանի այս մարզաձևի ներկայացուցիչները մրցաշրջանի ընթացքում տիրացել են 55 մեդալի` 17 ոսկե, 13 արծաթե, 25 բրոնզե:
Ինչ վերաբերում է մեր մարզիկների ներկայիս վիճակին, ապա հայտնվեց, որ Մոսկվայում Հռիփսիմե Խուրշուդյանի ձեռքը վիրահատել են, Մելինե Դալուզյանի ծունկն են բուժել: Ամեն բան հաջող է անցել և նրանք վաղը կվերադառնան Հայաստան, իսկ մարզումները Ծաղկաձորում կվերսկսեն հունվարի 20-ից:
Գաղտնիք չպահվեց, որ մեր առաջատարները բաց են թողնելու 2012-ի ապրիլին 6-15-ը Թուրքիայի Անթալիա քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությունը և ուժերը կենտրոնացնելու են, որպեսզի լավ մասնակցեն օլիմպիական խաղերին:
Փոխնախարարը հայտնեց, որ տարին նախաօլիմպիական է և դժվար է եղել նաև մյուս մարզաձևերի ներկայացուցիչների համար: Մերոնք առայժմ օլիմպիական խաղերի ընդամենը 10 ուղեգիր ունեն: Խաչատրյանի կարծիքով Հայաստանի մարզիկները 20-ից ավելի ուղեգրի կտիրանան, չհաշված, որ մի քանիսն էլ հրավերով կմասանակցեն օլիմպիական խաղերին:
Հիշեցնենք, որ նախորդ օլիմպիական խաղերում Հայաստանն ուներ 22 մասնակից:
Վերջում վստահություն հայտնվեց, որ մեր երկրի ներկայացուցիչներն «Լոնդոն 2012»-ի խաղերին ավելի լավ կմասնակցեն և ավելի շատ մեդալներ կնվաճեն, քան դա նրանք արել են Պեկինում 2008-ին կայացած խաղերոմ, երբ տիրացել էին բրոնզե 6 մեդալի:






Facebook
Tweet This
Email This Post
