Նախատոնական շրջանում լայն սպառման ապրանքների թանկացումներ չեն նկատվում
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | December 15, 2011 11:37
Նախատոնական օրերին ՏՄՊՊՀ-ն ուժեղացրել է հսկողությունը հիմնական վաճառքի կետերում եւ ուշադրության կենտրոնում է պահում ամենամեծ ծավալներով սպառվող ապրանքների տեսակների գները: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՏՄՊՊՀ մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը` հավաստիացնելով, որ այս ընթացքում դեռեւս որեւէ խախտումներ չեն արձանագրվել:
«Հսկողության տակ են պահվում այն ապրանքատեսակները, որոնք ավանդույթի համաձայն, թանկանում էին նախատոնական օրերի ընթացքում: ՏՄՊՊՀ-ի նախագահ Արտակ Շաբոյանի հրամանով այժմ եռօրյա մոնիթորինգ այցելություններից անցում ենք կատարել ամենաօրյայի»,- ընդգծեց Գայանե Սահակյանը` նշելով, որ վերջին երկու օրերի ընթացքում թանկացում է նկատվել միայն ձվի արժեքի մեջ, որն էլ միայն կազմել է երկու-երեք դրամ: Միաժամանակ, դա էլ կապված է տվյալ ընկերության կոնկրետ տեսակի ձվի հետ, եւ բուն թանկացումների հետ կապ չունի:
«Եթե արձանագրվում է մրցակցային պայմանների կոպիտ խախտում, հանձնաժողովը պահանջում է օրինախախտ ընկերությունից տվյալ փաստի հաշվետվությունն ու թանկացման հիմնավորումը, ապա եւ հարուցվում է վարույթ»,-ասաց ՏՄՊՊՀ մամուլի քարտուղարը:






Facebook
Tweet This
Email This Post
