ԼՂ Մարտունի քաղաքում հիվանդանոց է կառուցվում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 15, 2011 11:09

ԼՂՀ Մարտունի քաղաքում հիվանդանոցի կառուցումը համաֆինանսավորում են Հիմնադրամի ԱՄՆ արեւելյան շրջանի տեղական մարմինը, Հայ բժիշկների հիմնադրամը եւ ԼՂՀ կառավարությունը:

Ներկայիս քաղաքային հիվանդանոցը 1965 թվականի կառույց է: Այսօր այն պատշաճ բուժսպասարկում իրականացնելու համար այլեւս պիտանի չէ: Նոր երկհարկանի հիվանդանոցը բուժծառայությունների համար կապահովի ժամանակակից պայմաններ: Նորակառույցի նկուղային հարկում կտեղակայվեն պահեստներն ու սպասարկման սենյակները, առաջին հարկում վարչական մասը, պոլիկլինիկան, ախտորոշման, շտապ օգնության եւ ինֆեկցիոն բաժանմունքները, իսկ երկրորդ հարկում` վիրահատական, թերապեւտիկ եւ գինեկոլոգիայի բաժանմունքները: Էլեկտրաենթակայանը, ջեռուցման ու օդափոխության համակարգերը հնարավորություն կտան հիվանդանոցն արդյունավետ շահագործել: Ընդարձակ բակը կբարեկարգվի հիվանդների հանգստին ծառայելու նպատակով:

Նորակառույցը զբաղեցնի 2470 քմ մակերես:Կառուցվել են նկուղը եւ առաջին հարկը, ընթացքում է երկրորդ հարկի շինարարությունը: Հիվանդանոցի գլխավոր բժիշկ Գրիշա Գասպարյանի խոսքով` հաստատությունը տարեկան կարող է սպասարկել շուրջ 1000 ստացիոնար եւ 1400 ամբուլատոր հիվանդի: Այստեղ միաժամանակ ստացիոնար բուժում կարող է ստանալ 23 հիվանդ: Բուժհաստատությունը կսպասարկի նաեւ հարեւան գյուղերի բնակիչներին:

«Սա երկրորդ խոշոր բուժհաստատությունն է, որ կառուցվում է Լեռնային Ղարաբաղում ԱՄՆ արեւելյան շրջանի հայության օժանդակությամբ: Ստեփանակերտի պոլիկլինիկան, որ կառուցվել ու կահավորվել է նույն համայնքի ջանքերով, արդեն 9 տարի է, էապես խթանում է բնակչության առողջության պահպանմանը», -ասում է «Հայաստան»  հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը: Նա վստահ է, որ Մարտունու հիվանդանոցը նմանապես որակյալ բուժսպասարկում կիրականացնի շրջանում:

Հիշեցնենք, որ Հիմնադրամի Նյու-Յորքի գրասենյակը Երեւանի պետական բժշկական համալսարանի հետ միասին ներդրել է նաեւ հեռաբժշկության համակարգ («Հայբրիջ»), որի միջոցով առցանց ախտորոշում եւ բուժխորհրդատվություն է տրամադրվում Հայաստանի եւ Արցախի մի շարք բուժհաստատությունների:

Հավելենք, որ ներկայումս Մարտունիում Հեռուստամարաթոն 2010-ի նվիրատվություններով վերակառուցվում է քաղաքի ջրամատակարարման ցանցը: Արդեն ավարտվել է ցանցի առաջին գոտու վերակառուցումը, մրցութային փուլում են երկրորդ եւ երրորդ գոտիների վերակառուցման ծրագրերը:

 

«Հայաստան» համահայկական հիմնադրամ

 

Դիտվել է 1035 անգամ:
Print Friendly

Leave a Reply