Հարսներին կտտանքների ենթարկած սկեսուրը կալանավորված է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 14, 2011 16:24

Սանկտ Պետերբուրգում իր հարսներին տանջանքների եթարկած Հայկանուշ Միքայելյանի գործով նախաքննությունը շարունակվում է, մանրամասներ կհաղորդվեն գործի քննությունից հետո: Հայկանուշ Միքայելյանը դեկտեմբերի 12-ին Մոսկվա-Երեւան չվերթով տեղափոխվել է Երեւան ու հանձնվել ոստիկանության Արտաշատի բաժնի աշխատակիցներին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից` նշելով, որ դաժան սկեսուրի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը. նա մեղադրվում էր Քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասով (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար, կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որեւէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ, կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ):

Հայկանուշ Միքայելյանը ծանր մարմանկան վնասվածքներ է պատճառել, ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ հարսին՝ Մարիամ Գեւորգյանին, այրել է մարմնի տարբեր մասերը, կրակայրիչով վառել լեզուն, պատառաքաղով ծակծկել մարմինը, կորտել քիթն ու վիրավորել արժանապատվությունը:

Երկու կանանց նկատմամբ բռնությանը մասնակից է եղել նաեւ նրանց ամուսինը` Դավիթ Զիրոյանը, ում մեղադրանք է առաջադրվել` Քրեական օրենսգրքի «Դիտավորությամբ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու» (բայց առանց «առանձնակի դաժանության) ու «Ծեծ» հոդվածների հատկանիշներով: Այս տարվա օգոստոսի 20-ին հետախուզման մեջ գտնվող Դավիթ Զիրոյանը Սանկտ-Պետերբուրգ-Երեւան չվերթով ժամանել էր Հայաստան ու մեղայականով ներկայացել ոստիկանության Արտաշատի բաժին: Համաներման հիման վրա Զիրոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:

 

Դիտվել է 1990 անգամ:
Print Friendly

Leave a Reply