Հրապարակման հետքերով. Հանձնարարվել է քննարկել խափանման միջոցը փոխելու հարցը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | December 13, 2011 20:02

«Հայկական Ժամանակ» օրաթերթի` 2011թ. դեկտեմբերի 9-ի համարում հրապարակվել էր հոդված` «Բաց նամակ պարոն նախագահին» վերտառությամբ, որտեղ Հ. Մելքոնյանը հայտնում է, որ իրեն մեղադրում են 8000 դրամ արժողությամբ գարեջուր գողանալու մեջ եւ որ ինքն արդեն 10 ամիս է, ինչ գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում:

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ քննարկման առարկա են դարձվել բաց նամակում մատնանշված հանգամանքները:

Երեւան քաղաքի Փափազյան 22ա շենքի դիմաց գտնվող հյութերի պահոց հանդիսացող սառնարանից գողություն կատարելու դեպքի առթիվ 2011թ. հունվարի 26-ին ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնում  հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերով:

Նախաքննությամբ պարզվել է, որ 2011թ. հունվարին Հ. Մելքոնյանը, նախնական համաձայնության գալով իր ծանոթ Վ. Գրիգորյանի հետ, գողություն կատարելու դիտավորությամբ, ոտքով կոտրել է Փափազյան 22ա շենքի դիմաց գտնվող հյութերի պահոց հանդիսացող սառնարանի փականը, գողացել գարեջուր եւ հյութեր` պատճառելով 8000 դրամի գույքային վնաս:

Նույն օրը Վ. Գրիգորյանը ձերբակալվել է: Վերջինիս 2011թ. հունվարի 28-ին  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերով, իսկ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը: Վ. Գրիգորյանն առաջադրված մեղադրանքներում իրեն մեղավոր է ճանաչել եւ տվել խոստովանական ցուցմունքներ:

Ոստիկանության Արաբկիրի բաժինը, Հ. Մելքոնյանին իր գրանցման հասցեում չհայտնաբերելով, նրա նկատմամբ հայտարարել է հետախուզում, իսկ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը: Մի քանի օր անց` փետրվարի 19-ին, Հ. Մելքոնյանը հայտնաբերվել եւ կալանավորվել է:

2011թ. մարտի 12-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազություն, որը չի հաստատել մեղադրական եզրակացությունը, եւ 14.03.11թ. քրեական գործը վերադարձվել է ոստիկանության Արաբկիրի քննչական բաժին` լրացուցիչ քննություն կատարելու համար, որտեղից էլ` Էրեբունու քննչական բաժին, քանզի պարզվել է, որ վերը նշված մեղադրյալներից մեկի` Վ. Գրիգորյանի վերաբերյալ մեկ այլ քրեական գործ է քննվում նաեւ ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում:

Հ. Մելքոնյանը վերոհիշյալ բաց նամակում տարակուսանք էր հայտնել, թե իր քրեական գործը միացրել են անծանոթ երկու անձանց քրեական գործի հետ:
Պարզաբանում ենք, որ ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում 05.03.11թ. հարուցվել է քրեական գործ` քաղաքացու նկատմամբ մի խումբ անձանց կողմից ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ:

Նախաքննությամբ պարզվել է, որ ավազակային հարձակումը կատարել են Ա. Ղեւոնդյանը, Ժ. Ղուկասյանը եւ Արաբկիրի քննչական բաժնում քննվող, վերը հիշատակված քրեական գործով մեղադրյալ Վ. Գրիգորյանը: Ուստիեւ` նշված երկու քրեական գործերը  ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածով սահմանված կարգով միացվել են մեկ վարույթում /նույն անձի վերաբերյալ մի քանի հանցագործությունների վերաբերյալ գործերը կարող են միացվել մեկ վարույթում/ եւ նախաքննությունը շարունակվել է ոստիկանության էրեբունու բաժնում:

Արդյունքում` Ժ. Ղուկասյանին եւ Ա. Ղեւոնդյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետորով, Վ. Գրիգորյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ կետերով եւ 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով, Հ. Մելքոնյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով:

27.06.2011թ. քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ըստ էության քննելու համար:
Քրեական գործը ներկայումս գտնվում է դատաքննության փուլում:

Դատարանում մեղադրանքը պաշտպանող դատախազին ցուցում է տրվել` դատարանում քննության առարկա դարձնել Հ. Մելքոնյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը փոխելու հարցը:

 

Դիտվել է 1064 անգամ:
Print Friendly

Leave a Reply