Հրապարակման հետքերով. Արձագանք «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակմանը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | December 13, 2011 20:00

«Ժողովուրդ» օրաթերթի` 2011թ. դեկտեմբերի 13-ի համարում  հրապարակվել է հոդված` «Դատախազությունում երակները կտրել է» վերնագրով:  Հոդվածում մատնանշված հանգամանքերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Լոռու մարզի դատախազության վարչական շենքի առաջին հարկում միջադեպ գրանցվել է, սակայն թերթին տեղեկություններ տրամադրած անձը գտնվել է ոչ բարեխիղճ եւ «հայտնել» խեղաթյուրված տվյալներ:

Մասնավորապես` 2011թ. դեկտեմբերի 12-ին` ժսմը 10:35-ին, Վանաձոր քաղաքում բնակվող, սակայն մշտական բնակության վայր եւ աշխատանք չունեցող Ա. Մատինյանը գնացել է Լոռու մարզի դատախազություն /նա հրավիրված չի եղել դատախազություն, ինչպես ներկայացված է հրապարակման մեջ/ եւ ընդունելություն խնդրել Լոռու մարզի դատախազի տեղակալ Մ. Մովսիսյանից` անձնական հարցով:

Ընդունելություն ցանկացող քաղաքացիներին ընդունելու Լոռու մարզի դատախազությունում ձեւավորված աշխատակարգի համաձայն` Մ. Մովսիսյանն ընդունել է  Ա. Մատինյանին: Ընդունելության վերաբերյալ հերթապահ ոստիկանի կողմից համապատասխան գրառում է կատարվել Լոռու մարզի դատախազության շենք մուտք գործող  անձանց հաշվառման եւ անցագիր տալու մատյանում:

Ա. Մատինյանը դժգոհություն է հայտնել իր հայրական տանը բնակվող հարազատներից, որոնք իբր ցանկանում են հիշյալ տունը ձեւակերպել եղբոր կնոջ անվամբ եւ Ա. Մովսիսյանից խնդրել է միջամտել իր հայրական տան հետ կապված խնդրի լուծման հարցում` միաժամանակ ենթադրություններ անելով` իբր  դեռեւս 1995թ. իր մայրը, եղբայրը եւ դուստրը սպանել են իր հորը:

Մ. Մովսիսյանն առաջարկել է Ա. Մատինյանին կամ դիմել ոստիկանության Լոռու բաժին, կամ գրավոր ներկայացնել իր դժգոհություններն ու պահանջները Լոռու մարզի դատախազությանը` վերջինիս տրամադրելով թուղթ եւ գրիչ: Քաղաքացուն ընդունելուց հետո Լոռու մարզի դատախազի տեղակալը գնացել է դատական նիստի, իսկ  Ա. Մատինյանը դատախազի տեղակալի աշխատասենյակից դուրս է եկել եւ իջել առաջին հարկ: Ապա առաջին հարկում գտնվող սպասասրահի նստարանին նստելով` Ա. Մատինյանն իր մոտ եղած ածելիով կտրել է ձախ դաստակի երակը:

Ա. Մատինյանին շտապ բուժօգնության մեքենայով տեղափոխել են Վանաձորի թիվ 1 հիվանդանոց, որտեղից էլ կարճ ժամանակ անց նա դուրս է գրվել:

Ի դեպ` դեռեւս 2004 եւ 2010թթ. Ա. Մատինյանի` տարբեր ատյաններ հասցեգրած իր հարազատների կողմից իր հորը սպանելու վերաբերյալ դիմումների կապակցությամբ Լոռու մարզի դատախազությունում նախապատրաստվել են նյութեր, որոնց նշվածը արդյունքում քրեական գործի հարուցումը մերժվել է:  Ա. Մատինյանը հիշյալ քննարկումների եւ որոշումների մասին գրավոր տեղեկացվել է:

 

Դիտվել է 853 անգամ:
Print Friendly

Leave a Reply