Միգրացիոն իրավիճակը, հեռուստաեթերի բովանադկությունը և վարելահողերի օգտագործման վիճակը` ՀԽ նիստի օրակարգում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | December 13, 2011 20:04

ՀՀ-ում վարելահողերի օգտագործման վիճակը, ժողովրդագրական իրավիճակը երկրում, հեռուստառադիոոեթերի մշտադիտարկման արդյունքները, հաշմանդամ օդաչուների քաղաքացիական իրավունքների խախտման խնդիրը. այս հարցերն էին ընդգրկված այսօր ՀԽ 15-րդ լիագումար նիստի օրակարգում:

ՀԽ-ում հաշմանդամ օդաչուների քաղաքացիական իրավունքների հարցը սկսել է քննարկվել այն բանից հետո, երբ 72 օդաչուներ  իրենց խնդիրները բարձրաձայնող  դիմում են ներկայացրել: 2004-ին Հայկական ավիաուղիներ ընկերության սնանկացումից հետո 1-2 տարի ծառայության ընթացքում վնասվածքներ ստացած օդաչուներին փոխհատուցման գումար հատկացվել է: 2006-ից, սակայն, նրանք փոխհատուցման գումարը չեն ստանում: Նախկինում  գործող կարգով ընկերության սնանկացումից հետո հոգսը պետք է ստանձներ պետությունը:  Կառավարության որոշմամբ, սակայն, այդ դրույթը փոփոխվել է, ինչի հետևանքով էլ ծառայության ժամանակ վնասվածքներ ստացած օդաչուները և ոչ միայն, այլևս գումարային փոխհատուցում չեն ստանում:

Ըստ ՀԽ անդամ Արմեն Տեր-Տաճատյանի`  երկրում նման իրավիճակում հայտնված մի քանի հարյուր մարդ կա. «Սա մեկ քայլով լուծվող խնդիր չէ: Քննարկումների արդյունքում որոշվել է ՀԽ կազմում աշխատանքային խումբ ձևավորել, որը կուսումնասիրի իրավիճակը և կոնցեպտուալ լուծումներ կառաջարկի»: Իսկ Հայկական ավիաուղիների սնանկացման հետևանքով օդաչուների խախտված իրավունքների հարցով որոշվեց դիմել ՀՀ նախագահին:

ՀԽ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողովը, հիմք ընդունելով այն, որ գյուղատնտեսությունը ՀՀ-ում գերակա ուղղություն է հայտարարվել, ուսումնասիրություն է կատարել` պարզելու, թե ինչու 450 հազար հա վարելահողերի մի զգալի մասը` 160 հազար հա-ն անմշակ է մնում:

Հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանը նշեց, որ առանձնացվել են հողը չմշակելու մի շարք պատճառներ, որոնց թվում են հողի ճահճացումը, հողի գերխոնավացումը,հողերի աղակալման խնդիրը, ոռոգման ջրի անհասանելիությունը ինչպես նաև գնային առումով անմատչելիությունը, ոռոգման համակարգերի վատ վիճակը, երբեմն նաև բացակայությունը, պարարտանյութերի և սերմերի թանկությունը, վարելահողերի մասնատվածությունը և բնակավայրից հեռու գտնվելը, գյուղտեխնիկայի սակավությունը և մատուցվեղ ծառայությունների բարձր գները:

Չմշակվող վարելահողերից 65 հազար հա-ն ապահովված է ոռոգման նորմալ համակարգով, որից 35 հազար հա-ն ուղղակի ջրամբարների մոտակայքում է: Սակայն անգամ նման պայմաններում հողը չի մշակվում գոյւղմթերքների իրացման ցածր գների պատճառով:

Վերլուծելով մատնանշված խնդիրները` ՀԽ հանձնաժողովն առաջարկում է կառավարությանը որոշակի քայլեր ձեռնարկել, մասնավորապես, շարունակել սուբսիդավորման ծրագրերը, բարձրացնել գյուղվարկերի մատչելիությունը, գյուղացիներին ապահովել բարձր վերարտադրողականությամբ սերմերով, լիզինգային ծրագրերի միջոցով նոր գյուղտեխնիկա մատակարարել, բարելավել խորհրդատվական համակարգը, խթանել տեղական պարարտանյութի արտադրությունը, աջակցել կոոպերացիաների ձևավորմանը: Իսկ գյուղմթերքի արդյունավետ իրացման համար Ջավադյանն առաջարկում է ապահովել սպառող-արտադրող անմիջական կապը` խոշոր քաղաքներում լայնածավալ գյուղացիական տոնավաճառներ կազմակերպելով:

Միջինը 30-35 տոկոսով ընկել է նաև հողի բերրիությունը, ինչի պատճառը վերջին 20 տարիներին հողը բավականաչափ չպարարտացնելն է:

Ագրարային համալսարանի ներկացուցիչ Հրաչիկ Ջավադյանի խոսքով էլ  կառավարությունը պետք է հստակեցնի, թե ինչ ասել է տնտեսության գերակա ուղղություն. «Չունենք գյուղատնտեսության զարգացման մոդել, ինչն ամենակարևորն է զարգացման ռազմավարություն մշակելու համար»:  Նրա խոսքով, գյուղատնտեսության ոլորտում բազմաթիվ ծրագրեր են իրականացվում` դրամաշնորհներով և պետական միջոցներով, սակայն արդյունքը նորմալ չի երևում, քանի որ այդ ամենը համակարգված չի արվում: «Գյուղատնտեսության մեջ գույքագրման կարիք կա, թե չէ չգիտենք` ինչ ունենք: Չի խոսվում նաև ապահովագրության մասին, ինչն ուղղակի անհրաժեշտություն է»,- ասում է Ջավադյանը:

Հաշվի առնելով միգրացիոն հոսքերի մասին առկա մտահոգությունները,  ՀԽ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովն ուսումնասիրել է ոլորտում առկա իրավիճակը:  Հանձնաժողովի նախագահ Կորյուն Առաքելյանն ասում է, որ ներկայումս միգրացիոն հոսքերի մասին տվյալները կոպիտ հաշվարկի արդյունք են. երկիր մտնողների և դուրս եկողների թվի տարբերությունն է:

Առաքելյանը նշում է, որ ահագնացող արտագաղթի մասին խոսակցությունները չափազանցված են, սակայն մյուս կողմից էլ երևույթը կանխել հնարավոր չէ. պետք է աշխատաըեղեր ստեղծելու ուղղությամբ քայլեր ձեռնարկվեն: Առաքելյանը նշում է, որ տարեկան այդքան մարդ է մեկնում արտերկիր աշխատելու, սակայն ներքին շուկայում աշխատուժի պակաս էլի չի զգացվում: Նման պայմաններում, նրա կարծիքով, պետք է պարզապես անկանոն միգրացիան կարգավորել ու վերածել կանոնակարգվածի. պայմանավորվածություններ ձեռք բերել երկրների հետ, որոնք ընդունում են Հայաստանից մեկնող աշխատուժին, որպեսզի վերջիններիս իրավունքները ևս պաշտպանված լինեն, ապահովվի անվտանգությունը:

Ուղիղ երկու տարի է անցել այն բանից, երբ հայաստանյան մի քանի հեռուստաընկերություններ միացան ու ՀԽ նախաձեռնությամբ ստորագրեցին էթիկական խարտիա, որով պետք է հեռուստաեթերի բովանդակությունը բարելավվեր: Հայկ Դեմոյաին խոսքով, սակայն, այժմ հեռուստաեթերի վիճակը շատ ավելի վատ է, քան երկու տարի առաջ էր. եթե այն ժամանակ պարզապես բռնություն պարունակող տեսարաններ էին ցուցադրում, ապա այժմ «բռնություն ու դաժանություն են քարոզում, էկրանից բացահայտ գովազդվում է սպանության գործիքը, նատուրալիստական ձևով ցուցադրվում են արնահեղության տեսարաններ»:

«Լուրջ անվտանգության խնդիր է: Մեր հեռուստաեթերում վատը ցույց տալու մոլուցք կա, ԶԼՄ-ները բռնության ու դաժանության տեսարանների միջոցով են փորձում ռեյտինգ հավաքել»,- ասում է Դեմոյանը:

Օրվա վերջում, երբ հանրությունը պետք է հանգստանա ու նախապատրաստվի հաջորդ օրվան, հեռուստաեթերից մատուցվող բռնության տեսարաններից սթրես և հոգեկան ցնցում է է ապրում.  «Կա լուսաբանման եղանակ, բայց երբ դա վերածվում է վթար ԹՎ-ի պես մի բանի, դա արդեն բայղուշության է վերածվում»:

Դեմոյանը խնդիրը կարևորում է նաև որպես Ցեղասպանության թանգարանի տնօրեն. Ամեն օր հեռուստաեթերից ներկայացվում են բոլոր այն դաժանությունները, որոնք Ցեղասպանության ժամանակ կիրառվել են հայերի նկատմամբ: Դեմոյանը նշում է, որ ամեն օր նման դաժանությունների մասին վերապրողների հուշերն է ներկայացնում թանգարան ժամանած օտարերկրյա հյուրերին, միևնույն ժամանակ հայը հայի նկատմամբ նման դաժանություններ է իրականացնում էկրանից:

Դեմոյանը չ բացառում, որ կատարվողը կարող է նաև դրսից իրականացվող պատվեր լինել:

Դիտարկումների արդյունքները հաշվի առնելով` Դեմոյանն առաջարկեց, որ  ՀԽ-ն ուշադրություն դարձնի այս հարցին ու բարձրաձայնի խնդրի մասին:

 

Դիտվել է 925 անգամ:
Print Friendly

Leave a Reply