ՀՄՀ-Հայաստան ծրագիրն ավելի քան 60 տոկոսով կրճատել է գյուղական ճանապարհների վերանորոգման ծրագիրը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | September 18, 2009 13:10

Այսօր «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ(ՀՄՀ)Հայաստան» ծրագրի Շահառուների խորհուրդը (ՇԽ), ներկայացնելով տարեկան հաշվետվություն, մտահոգություն հայտնեց  հատկապես գյուղական համայնքներում իրականացվող ծրագրերի հնարավոր կրճատման վերաբերյալ:

Նախնական համաձայնությամբ՝ 943 կմ երկարությամբ գյուղական ճանապարհների վերականգնման փոխարեն, որը Հայաստանի կենսական նշանակություն ունեցող ճանապարհների մեկ երրոդն է (3019կմ), ծրագրի վերանայումից հետո ՀՄՀ-Հայաստանը կկարողանա վերականգնել ընդամենը 297 կմ երկարությամբ ճանապարհ:

«Շատ ենք ցավում, որ ճանապարհաշինարարությունը դուրս եկավ ծրագրից,- ասաց ՇԽ անդամ Տոնական Ղազարյանը,- սակայն գոյության 3 տարիների ընթացքում ոռոգման համակարգերի ուսումնասիրության գործում մենք կուտակեցինք այնպիսի փորձ, որ առաջին 10-15 տարիների ընթացքում բավարար կլինի՝ մեր ծրագրերն իրկանացնելու համար»:

Հազարամյակի մարտահրավեր կորպորացիան, ուսումնասիրելով ՀՄՀ-Հայաստանի կողմից 7 ինքնահոս համակարգերի նախագծերը, շինարարության մրցույթ է հայտարարել Շենիկ, Այգեզարդ, Վարդենիս և Մանթաշ համայնքերի համար: Ծրագրի ՇԽ-ը դիմել է Հանրային խորհուրդ՝ դիտարկելու ծրագրից դուրս մնացած Մեղրիի, Սպիտակի և Հալավարի ինքնահոս համակարգերի(ոռոգման ցանցի բաղկացուցիչ) հարցը:

ՀՄՀ-Հայաստանը պետական ոչ առևտրային կազմակերպություն է, որը ստեղծվել է ՀՀ կառավարության կողմից և պատասխանատու է Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի ու ՀՀ կառավարության միջև կնքված համաձայնագրի թափանցվիկ իրականացումը վերահսկելու համար:

Շահառուների խորհուրդն էլ հանդիսանում է մեխանիզմ, որի միջոցով մարզերի ու համայնքների ներկայացուցիչներին հնարավորություն է տրվում ներգրավել ՀՄՀ-Հայաստան ծրագրի աշխատանքներին:

ՀՄՀ ծրագրի նպատակն է նվազեցնել Հայաստանում գյուղական աղքատությունը`ներդրումներ կատարելով գյուղատնտեսության ոլորտում:

Դիտվել է 1063 անգամ:
Print Friendly

Leave a Reply