Երեխաների իրավունքների պաշտպանությանը նվիրված խորհրդարանական լսումներ. «Հետևողականությունն է պակասում…»

ԻՐԱՎՈՒՆՔ, Շաբաթվա լուր, Օրվա լուր | | December 13, 2011 16:35
Դեկտեմբերի 13-ին տեղի ունեցան խորհդարանական լսումներ` «Երեխաների իրավունքների պաշտպանության խնդիրները Հայաստանում» թեմայով, որը կազմակերպվել էր Ազգային ժողովի Առողջապահության, մայրության և մանկության, Սոցիալական, Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի, ինչպես նաև Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովների կողմից:

Քննարկմանը մասնակցում էին պատգամավորներ, փորձագետներ, ոլորտային նախարարությունների, միջազգային և տեղական  ՀԿ-ների, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներ:

Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության ինստիտուտի կայացման նպատակով խորհրդարանում ստեղծվել է աշխատանքային խումբ, որի կազմում ընդգրկված են պատգամավորներ թե´ կոալիցիայից և թե´ ընդդիմությունից:

ԱԺ Առողջապահության, մայրության և մանկության մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը, ով ևս այդ խմբի անդամ է, նշեց, որ 4 հանձնաժողովների համատեղ լսումներն այս թեմայով առաջին անգամ են իրականացվում: Նրա խոսքով, դրանք ուղղված են ոլորտում չլուծված խնդիրների հայտնաբերմանն ու անհրաժեշտության դեպքում իրավական դաշտի կատարելագործման աշխատանքների իրականացմանը: «Մենք չենք ուզում տարանջատել երեխաների իրավունքների պաշտպանության խնդիրները, քանի որ դրան մեկը մյուսի հետ փոխկապակցված են,-ասաց նա` մատնանշելով երեխաների սոցիալական, կրթական, առողջապահական, տարածքաին հիմնախնդիրները, միևնույն ժամանակ արձանագրելով, որ վերջին մի քանի տարիներին լուրջ հաջողություններ են գրանցվել առողջապահության ոլորտում,-ծննդօգնությունը բացառապես անվճար է, մինչև 7 տարեկան երեխաների բժշկական ծառայությունները անվճար են և այլն»:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական վարչության պետ Աստղիկ Մինասյանն իր ելույթում ներկայացրեց տվյալներ, ըստ որոնց, Հայաստանում ծայրահեղ աղքատ են բնակչության 3%-ը, աղքատ` 35,8 %-ը` 2009-ի 34 –ի համեմատ: Մինչև 18 տարեկան երեխաներից ծայրահեղ աղքատ է 3,7 %-ը, աղքատ` 41,4 %-ը: Մինասյանի խոսքով, եթե չլիներ պետական աջակցություն, ապա աղքատության թիվը 35,8 %-ի փոխարեն կլիներ 53,8 %:

«Լիարժեք կյանք» ՀԿ նախագահ  Սուրեն Մաղաքյանը, ով ևս հաշմանդամ է, բարձրացրեց հաշմանդամ երեխաներին ծառայությունների մատուցման հասանելիության հարցը` հիշեցնելով, որ դրանք Հայաստանում իրականացվում են պետական ծրագրերի ձևով և ունեն որոշակի քանակ: Նրա խոսքով, տվյալ ծառայությունը տարվա որոշակի ժամանակահատվածում իրականացվում և ավարտվում է, սակայն որոշ մարդիկ չեն հասցնում օգտվել կամ պատահում է, որ հաշմանդամը ծառայության կարիքն ունենում է այն ժամանակ, երբ ծրագիրն արդեն ավարտված է: «Արդյո՞ք չկան մեխանիզմներ նման իրավիճակներում ավելի քիչ հայտնվելու համար»,-հարցրեց նա: Աստղիկ Մինասյանն ասաց, որ ցավոք, նման դեպքերը բացառել հնարավոր չէ, բայց նվազեցնել հնարավոր է` բոլոր կառույցների համատեղ ջանքերի արդյուքնում:

Բարցրացված հարցերից էր նաև գյուղերում սոցիալական աշխատողների անհրաժեշտությունը: Ներկաներից մեկի խոսքով, ամեն գյուղին ինչպես բժիշկ է անհրաժեշտ, այնպես էլ սոցաշխատող, որին ցանկացած պահի կարող են դիմել սոցիալական խնդիրներ ունեցողները:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանն, ի պատասխան, նշեց, որ ամեն համայնքում սոցիալական աշխատողի առկայության հարցով կառավարությունը դեռևս 2004-ից է զբաղվում, սակայն ֆինանսական ռեսուրսների սղության պատճառով խնդիրը չի լուծվել: «Բայց փոխարենը մենք միջազգային կառույցների հետ համատեղ վերապատրաստել ենք սոցիալական աշխատողներ` բոլոր մարզկենտրոններում կամ նախկին շրջկենտրոններում»,-ասաց նա:

Բարձրացված գրեթե բոլոր հարցերն ամփոփված են «Վորլդ վիժն» միջազգային կազմակերպության կողմից ներկայացված օրենքների նախագծերում, որոնք ներկայացվել են խորհրդարանի համապատասխան հանձնաժողովներին:

Պատգամավոր Անահիտ Բախշյանը, ով ևս խորհրադարանական աշխատանքային խմբի անդամ է, կարծում է, որ խորհրդարանական լսումները սովորաբար լինում են ինչ որ բանի իմիտացիա: «Ե´վ վարողն է շատ սրտանց վարում, և´ մասնակիցներն են շատ սրտանց խոսում, բայց արդյունքը շատ քիչ է լինում, քանի որ հետևողականությունն է պակասում,-ասաց նա,-ա´յ եթե այստեղ գտնվող կառույցների ներկայացուցիչները` հատկապես օրենսդրական նախաձեռնություններով հանդես եկող կազմակերպությունները հետևողական և պահանջատեր լինեն, Ազգային ժողովն անպայման կընդունի դրանք»:

Նախաձեռնության հեղինակներն ակնկալում են, որ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ հմարավոր կլինի միավորել Երեխաների իրավունքների պաշտպանությանն փաստաթղթերի դրույթները կենսագործելուն ուղղված գործողությունները, հասնել դրանց հետևողական ապահովմանը, արդյունավետության բարձրացմանը և ի վերջո ապահովել երեխաների հոգատար, պաշտպանող և մասնակցային միջավայր:

 

 

 

Դիտվել է 1531 անգամ:
Print Friendly

Leave a Reply