Հայաստանի եւ Իտալիայի արտգործնախարարների հանդիպումը

Պաշտոնական, Օրվա լուր | | December 13, 2011 14:50


Դեկտեմբերի 13-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ով Հռոմում է գտնվում աշխատանքային այցով Իտալիա ժամանած Հայաստանի Հանրապետության Նախագահին ուղեկցող պատվիրակության կազմում, հանդիպեց Իտալիայի ԱԳ նախարար Ջուլիո Տերցիի հետ:

«Ես ուրախ եմ հանդիպել Ձեզ Հռոմում եւ անձամբ շնորհավորել արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք առավել խորացնել մեր երկու երկրների միջեւ փոխշահավետ համագործակցությունը», – ասաց Էդվարդ Նալբանդյանը:

Զրույցի ընթացքում երկուստեք նշվեց, որ հայ-իտալական հարաբերություններն ունեն հազարամյակների պատմություն, որը հիշարժան է բարի ավանդույթներով եւ փոխադարձ բարեկամության դրսեւորումներով, եւ այդ ամենը ամուր հիմք է ստեղծում հարաբերությունների առավել ամրապնդման եւ խորացման համար:

Հայաստանի եւ Իտալիայի արտգործնախարարներն անդրադարձան հայ-իտալական քաղաքական, առեւտրատնտեսական եւ մշակութային հարաբերությունների զարգացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն առնչվող հարցերի:

Մշակութային փոխանակումների տեսանկյունից նախարար Նալբանդյանը կարեւորեց Հռոմում «Դվին. Հայաստանի մայրաքաղաքը Եվրոպայի եւ Ասիայի միջեւ» եւ Վենետիկում «Հայաստան. Քաղաքակրթության դրոշմներ»  ցուցահանդեսների անցկացումը եւ շնորհակալություն հայտնեց Իտալիայի կառավարության աջակցությամբ Հայաստանում մշակութային արժեքների վերականգնողական կենտրոնի հիմնադրման համար:

Բանակցությունների ընթացքում քննարկվեցին Հայաստան – Եվրոպական միություն համագործակցության տարբեր ուղղությունները, Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ Արեւելյան գործընկերություն ծրագրի շրջանակներում իրականացվող նախագծերը:

Հայաստանի եւ Իտալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձան միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների: Այս համատեքստում արտգործնախարար Նալբանդյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:

 

 

Դիտվել է 1083 անգամ:
Print Friendly

Leave a Reply