Մոսկովյան հանդիսատեսը 15 րոպեից ավելի հոտնկայս ծափահարել է Շառլ Ազնավուրին

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | December 13, 2011 12:14

Հայազգի աշխարհահռչակ շանսոնիեն՝ Շառլ Ազնավուրը, երկուշաբթի երեկոյան Կրեմլի պետական պալատում հանդես Է եկել միակ համերգով եւ, ինչպես եւ խոստացել էր, անմոռանալի տպավորություններ պարգեւել ռուսաստանցի հանդիսատեսին:

Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, Մոսկվայում Ազնավուրը ներկայացրել է նոր ձայնասկավառակը եւ Aznavour toujours համերգային ծրագիրը, որի պրեմիերան վերջերս տեղի է ունեցել փարիզյան «Օլիմպիա»-ում: Երգչի խոսքով` «նոր ալբոմն, ինչպես միշտ, տարբերվում է նախորդներից»: «Այն, ինչպես եւ մյուսները, բազմազան է: Ես միշտ էլ աշխատում եմ ձայնագրել տարբեր կոմպոզիցիաներ»,- նշել է մաեստրոն` դիմելով լրագրողներին:

Չնայած այն բանին, որ Ազնավուրն իր համերգներում սովորաբար կատարում է առավելապես նոր կոմպոզիցիաներ, Մոսկվայում մեծավ մասամբ հնչել են հին, բոլորի կողմից սիրված հիթեր: «Ես այնքան էլ հաճախ չեմ այցելում Ռուսաստան, ուստի, եթե մյուս երկրներում ես ինձ կարող եմ թույլ տալ բեմ դուրս գալ եւ նոր երգեր կատարել, ապա այստեղ ես ընդհառաջում եմ հանդիսատեսների ցանկություններին,- պարզաբանել է արտիստը:- Ես հասկանում եմ, որ ռուսաստանցի հանդիսատեսներն ինձնից առաջին հերթին սպասում են իրենց սիրած երգերի կատարում, եւ ես նրանց կնվիրեմ այն, ինչ իրենք են ցանկանում: Կարծում եմ` նրանք քնքշություն եւ լուսավոր թախիծ կզգան համերգի ընթացքում»:

Հիրավի, երեկոն անմոռանալի նվեր դարձավ մոսկովյան հանդիսատեսի համար: Շանսոնիեի կատարմամբ հնչեցին բոլորի կողմից սիրված երգեր, այդ թվում` նշանավոր «Հավերժական սերը», որն Ազնավուրը կատարեց եւ ֆրանսերեն, եւ ռուսերեն, ինչը աներեւակայելի հիացմունք պատճառեց ունկնդիրներին: Հանդիսատեսն առավել մեծ հիացմունքով էր արձագանքում երգչի ուրախ պարերին, որոնք յուրատեսակ հմայք Էին հաղորդում արտիստի կատարումներին: Դժվար էր հավատալ, որ բեմահարթակի վրա ելույթ ունեցողը 87 տարեկան է:

Երեկոյին մասնակցել է Ազնավուրի դուստրը` Կատյան, որի հետ մաեստրոն հանդես է եկել զուգերգով: «Կատյան չի պատրաստվում երգչուհի դառնալ, նրան պարզապես շատ է դուր գալիս հոր հետ ճամփորդելը»,-  ժպտալով նշել է Ազնավուրը:

Համերգի ավարտին մոսկովյան հանդիստաեսը 15 րոպեից ավելի հոտնկայս ծափահարում էր Ազնավուրին, իսկ ամբողջ բեմը հեղեղված էր ծաղկեփնջերով:

 

Դիտվել է 1740 անգամ:
Print Friendly

Leave a Reply