Վրաստանում նոր քաղաքի կառուցման ծրագիրը անակնկալի է բերել բոլորին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | December 13, 2011 11:47

Երկրում «զրոյից» նոր քաղաք կառուցելու ծրագիրը շատերին թերահավատություն է ներշնչում`ստիպելով կասկածել նախագծի նպատակահարմարության, եւ ընդհանրապես նրա`ցանկալի եւ անհրաժեշտ լինելու վրա:

 

Վրաստանի սեւծովյան նշանակալի նավահանգիստներից մեկը`կես միլիոն բնակչություն ունեցող Լազիկան, որն իր մեծությամբ զիջելու է միայն մայրաքաղաք Թբիլիսիին, համարվելու է երկրի արեւմտյան հատվածի տնտեսական կենտրոնը: Համենայնդեպս, այսպես է նախատեսված Վրաստանի իշխանությունների ծրագրով, եթե այն երբեւէ կյանքի կոչվի:

Անցյալ շաբաթ նախագահ Միխեիլ Սահակաշվիլու`նոր քաղաքի կառուցման ծրագրի մասին հայտարարությունը բավական անսպասելի էր Վրաստանի բնակչության համար:

«Մենք որոշել ենք խոշոր քաղաք հիմնել Անակլիա եւ Քուլեւի բնակավայրերի միջեւ տեղակայված տարածքում`այն կոչելով Լազիկա: Տասը տարվա ընթացքում քաղաքը նվազագույնը կես միլիոն բնակչություն կունենա: Այն կլինի Թբիլիսիից հետո Վրաստանի երկրորդ խոշոր քաղաքը, կդառնա Վրաստանի արեւմուտքում հիմնված գլխավոր առեւտրա-տնտեսական կենտրոնը, ինչպես նաեւ ողջ սեւծովյան հատվածի կենտրոնական նավահանգստային քաղաքը», – հայտարարել էր Սահակաշվիլին դեկտեմբերի 4-ին Վրաստանի արեւմուտքում տեղակայված Զուգդիդի քաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ:

Նախագահի հայտարարությունից հետո շատերը սկսեցին կասկածել`արդյոք հնարավոր է ընդամենը մի քանի տարում հարթավայրում «զրոյից» քաղաք կառուցելը եւ ընդհանրապես ինչ իմաստ ունի դա անելը:

Վրաստանում արդեն իսկ երկու խոշոր նավահանգստային քաղաքներ կան`Բաթումին եւ Փոթին, որի հարեւանությամբ էլ պետք է հետագայում կառուցվի Լազիկա քաղաքը:

Պետք է նշել, որ նախագահ Սահակաշվիլու խոշոր ծրագրերից շատերը, այդ թվում`Փոթիում ազատ արդյունաբերական գոտու կառուցման նախագիծը, կամ անորոշության են մատնվել կամ պարզապես ձախողվել են (տե´ս «Վրաստան. նավահանգստային քաղաքը պատրաստվում է փախստականների ներհոսքին» հոդվածը):

Սահակաշվիլու պնդմամբ`Լազիկա քաղաքի շինարարության աշխատանքները կսկսվեն գալիք տարի. այս նախագծի իրականացման շնորհիվ հազարավոր աշխատատեղեր կգոյանան: Ներկայում քաղաքի կառուցման նախագծի արժեքը գնահատվում է շուրջ 1 միլիարդից մինչեւ 1 ու կես միլիարդ լարի կամ 600-900 միլիոն դոլար, ընդ որում`կառավարությունը նախատեսում է տրամադրել շուրջ 200 միլիոն լարի նախագծի իրականացման համար:

«Մենք արդեն իսկ սկսել ենք բանակցությունները Ասիայից եւ Եվրոպայից մի շարք խոշոր ներդրումային ընկերությունների հետ` նոր քաղաքի շինարարության նախագծում ներդրումներ կատարելու վերաբերյալ», – հայտարարել է Սահակաշվիլին Զուգդիդիում կայացած իր ելույթի ընթացքում:

Նախագահի այս ելույթից հետո շատերը Վրաստանում սկսեցին կասկածել`արդյոք նպատակահարմար է ներդրում կատարել նոր քաղաքի կառուցման նախագծում, երբ երկիրը ներկայում բազում այլ խնդիրներ ունի:

Բացի այդ, պարզ չէ դեռ, թե ինչպես է քաղաքը 500 հազար բնակիչ ունենալու, քանի որ Վրաստանի բնակչության ընդհանուր թիվը կազմում է 4,5 միլիոն մարդ, որոնցից 1,2 միլիոնն ապրում է Թբիլիսիում:

Այս կապակցությամբ Սահակաշվիլին իր ելույթի ընթացքում կոչ է արել «Վրաստանից գաղթածներին եւ Աբխազիան լքած փախստականներին վերադառնալ եւ կառուցել նոր քաղաքը մեզ հետ միասին»:

Վրաստանի նախագահի մամլո խոսնակ Մանանա Մանջգալաձեն հայտնել է, որ քաղաքի շինարարության աշխատանքները նախատեսված է ավարտել մինչեւ 2015 թվականը:

«Ինչ վերաբերում է քաղաքի բնակչությանը, նրանց մի մասը կլինեն գյուղերից, մյուս մասն էլ`արտասահմանից վերադարձածները կամ նրանք, ովքեր կվերադառնան հետագայում», – հավելել է Մանջգալաձեն:

Աբխազիայից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա այս նոր քաղաքի կառուցման նախագիծն իրականում նշանակալի քաղաքական ենթատեքստ ունի:

Աբխազիան անջատվել է Վրաստանից եւ անկախություն հռչակել, որը պաշտոնապես ճանաչվել է Ռուսաստանի կողմից: Սահակաշվիլին իր հերթին մշտապես շեշտել է, որ պատրաստվում է հետ վերադարձնել Աբխազիան եւ Մոսկվայի կողմից աջակցության վայելող մեկ այլ երկրամասը`Հարավային Օսիան:

Այսպիսով, խոշոր քաղաքի կառուցման ծրագիրը հետապնդում է երկու նպատակ`նախ գերազանցել Սուխումին`Աբխազիայի մայրաքաղաքը, որը նաեւ նավահանգիստ է եւ ներկայում դուրս է Վրաստանի սահմաններից, երկրորդը`ստեղծել յուրատեսակ տնտեսական հենադաշտ (պլացդարմ), որը թույլ կտա վերադարձնել Աբխազիան:

«Մենք ստեղծում ենք նոր խոշոր քաղաք, որն ի սկզբանե իր չափերով մեծապես կգերազանցի Սուխումին, եւ որը հստակ հիմքեր կստեղծի Վրաստանի տարածքի մնացած մասը վերադարձնելու համար, քանի որ Վրաստանը, բնականաբար, չի կարելի պատկերացնել առանց Աբխազիայի», – հայտարարել էր Սահակաշվիլին:

Վրաստանի նախագահի նոր ծրագիրը շատ վերլուծաբաններ թերահավատությամբ են ընդունում:

«Սա քարոզչական եւ գովազդային արշավ է, որի նպատակն է նոր հույսեր ներշնչել բնակչությանը: Իշխանությունների ունեցած ռեսուրսներն արդեն իսկ սպառվում են, իսկ նրանք դեռ նոր խոշոր նախագծեր են ցանկանում նախաձեռնել», – IWPR-ին ասաց Հասարակական նախագծերի կենտրոնի նախագահ Գեորգի Խուխաշվիլին:

«Ինչպե՞ս կարելի է խոսել այս նախագծի հաջողության մասին, երբ դեռ հիշում ենք նախորդ`Փոթիում ազատ արդյունաբերական գոտու ստեղծման վերաբերյալ նախագծի օրինակը, ինչպես նաեւ այլ հսկայական նախագծեր, որոնց վրա իշխանությունները հույս էին դնում: Բացի այդ, որտեղի՞ց են կես միլիոն մարդ գտնելու», – հավելել է նա:

Վրաստանի քաղաքաշինության նախկին նախարար Մերաբ Չխենկելին իր հերթին թվարկում է, թե ինչպիսի խնդիրներ են սպասվում «զրոյից» նոր քաղաք կառուցելու դեպքում, այդ թվում`տրանսպորտի ապահովումը, դպրոցների, հիվանդանոցների կառուցումը եւ բազում այլ խնդիրներ:

«Կարծում եմ`հնարավոր չի լինի այդ ամբողջը տասը տարվա ընթացքում ստեղծել», – նշում է Չխենկելին`հավելելով, որ քաղաքային բնակչությունն ավելանալու միտում ունի արդեն իսկ գոյություն ունեցող արտադրական որեւէ կառույցի շուրջ:

«Կարելի է որեւէ գործարանի շուրջը գյուղ հիմնել, բայց ոչ կես միլիոն բնակչություն ունեցող քաղաք: Լավ կլիներ, եթե իշխանությունները մտածեին գոյություն ունեցող քաղաքների զարգացման մասին», – ասում է նա:

Սակայն նախագահի մամլո խոսնակ Մանանա Մանջգալաձեն այս հարցում առավել լավատեսական է տրամադրված:

«Ոչ ոք հույսեր չի փայփայում, որ քաղաքը կկառուցվի մեկ օրում կամ նույնիսկ մեկ տարում: Քաղաքի հիմնական առավելությունը նրա տեղակայման վայրն է, որը շատ հարմար է», – նշում է Մանջգալաձեն:

Գեորգի Խուխաշվիլին իր հերթին նշում է, որ երբ Սահակաշվիլին տեղեկացրեց [Վրաստանի արեւմտյան շրջանների] տեղական իշխանությունների ներկայացուցիչներին Լազիկա քաղաքի կառուցման ծրագրի մասին, նրանց արձագանքն ինքնին չափազանց խոսուն էր:

«Կարծում եմ`այս նախագծի ապագան լավագույնս արտացոլված էր Վրաստանի արեւմտյան շրջանների տարածքային իշխանությունների ներկայացուցիչների հայացքներում, որոնք ներկա էին, երբ նախագահն այս խիստ անսպասելի հայտարարությունն արեց: Նրանց հայացքները լի էին սարսափով», – ասում է Խուխաշվիլին:

Նինո Խարաձե, Կովկաս

Կովկասյան լրատու # 621

 

 

 

 

Դիտվել է 920 անգամ:
Print Friendly

Leave a Reply