ՀՀ գլխավոր հյուպատոս Կարեն Գրիգորյանի հանդիպումը Սիրիայի Արաբական Հանրապետության գլխավոր մուֆթիի հետ

Պաշտոնական, Օրվա լուր | | December 12, 2011 17:00


Դեկտեմբերի 10-ին Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Կարեն Գրիգորյանը հանդիպում ունեցավ Սիրիայի Արաբական Հանրապետության գլխավոր մուֆթի (հոգեւոր առաջնորդ) շեյխ Ահմադ Բադր ադ-Դին Հասունի հետ։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-արաբական եւ հայ-սիրիական ավանդական բարեկամական հարաբերություններին, երկու ժողովուրդների պատմամշակութային ընդհանրություններին: Մուֆթին բարձր է գնահատել սիրիահայության դերը երկրի տնտեսական եւ մշակութային կյանքում, նշելով, որ հայերը համարվում են երկրի նվիրյալ քաղաքացիներ եւ հարստացնում են Սիրիայի կրոնա-մշակութային բազմազանությունը:

Անդրադառնալով ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացին` մուֆթին կրկին նշել է, որ Սիրիայում հակամարտությունը չի դիտվում կրոնադավանաբանական տեսանկյունից եւ համարվում է ժողովրդի կամքի արտահայտման դրսեւորում։

Քննարկվել են նաեւ Երեւանում «Հայ ժողովրդի երախտիքը արաբ ժողովրդին» հուշարձանի բացման եւ գլխավոր մուֆթիի Հայաստան այցելության հետ կապված հարցեր։

Նույն օրը Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսը հանդիպում է ունեցել Հալեպի նահանգապետ Մուվաֆֆակ Իբրահիմ Խալլուֆի հետ։

Նահանգապետը հաջողություն է մաղթել գլխավոր հյուպատոսին իր առաքելության մեջ եւ հավաստիացրել, որ Հայաստանի եւ Սիրիայի միջեւ առկա ջերմ բարեկամական հարաբերություններն ու երկու ժողովուրդների փոխադարձ հարգանքը լավագույն նախադրյալներն են սերտ համագործակցություն զարգացնելու համար։ Նահանգապետը հատկապես նշել է տնտեսական հարաբերությունների խորացման կարեւորությունը եւ այս նպատակով տեղի հայ գորածարարների հնարավորությունների օգտագործումը։

Հալեպի նահանգապետն իր ամենայն աջակցությունն է խոստացել ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից ներկայացվող նախաձեռնություններին։

 

 

 

Դիտվել է 1534 անգամ:
Print Friendly

Leave a Reply