Այգուտին կրկին սպառում են սողանքները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 12, 2011 16:21

Գեղարքունիքի մարզի Այգուտ համայնքին կրկին պատուհասում են սողանքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Այգուտ համայնքի ղեկավար Հենրիկ Գաբրիելյանը, նախորդ տարիներին սողանքից փլված բնակարանների դիմաց  50 ընտանիքներ ստացել են փոխհատուցում պետբյուջեի միջոցներից, սակայն դա էլ չի լուծել այգուտցիների խնդիրը, քանի որ սողանքներն ակտիվացել են նաեւ 2010-2011 թվականների ընթացքում: Սողանքային երեւույթների ակտիվացման հետեւանքով գյուղում երկու տարվա ընթացքում փլվել է եւս 19 բնակելի տուն, 50-ը համարվում է չորրորդ աստիճանի վնասվածության, իսկ 81-ը` երրորդ աստիճանի:

Սողանքների պատճառով 2008-2011 թվականներին համայնքում տուժել է մոտ 200 տուն, որից հիսուն ընտանիք արդեն ստացել է փոխհատուցում, որոնց մի մասը բնակարան գնել եւ բնակություն է հաստատել ուրիշ համայնքներում: Քառասուն տուն այս պահին ամբողջովին փլված է, իսկ մնացած 110-ում առկա են ճաքեր: Համայնքի ղեկավարը հատկապես մտահոգ է այգուտցիների հեռանալու եւ այլ վայրերում բնակվելը գերադասելու խնդրով, ինչը բերում է բնակչության աճի արհեստական նվազեցման: Սողանքից տուժած բնակիչների մի մասն այսօր տեղավորվում է վագոն-տնակներում, մի մասը` հարազատների տներում եւ համայնքին պատկանող տարբեր շինություններում: Կան նաեւ ընտանիքներ, որոնք դեռ շարունակում են ապրել իրենց վթարային տներում: Ի դեպ, տարեկան այստեղ ծնվում է մոտ 20 երեխա:

Քաղաքաշինության նախարարության եւ Գեղարքունիքի մազրպետարանի  համապատասխան մասնագետները, Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը այցելել են սողանքային գոտի եւ ծանոթացել իրավիճակին: Վնասների իրական չափերը պարզելու եւ բնակիչներին աջակցելու նպատակով կատարվում են համապատասխան աշխատանքներ: Սողանքային երեւույթների ակտիվացման հետեւանքով վթարված բնակարանների մասին ահազանգ են հնչեցրել Դպրաբակի եւ Մարտունու համայնքների ղեկավարները:

 

Դիտվել է 1243 անգամ:
Print Friendly

Leave a Reply