Կուսակցությունների ղեկավարերը տարակարծիք են`հայ-թուրքական հարաբերությունների շուրջ նախագահի հետ հանդիպումը գնահատելիս

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 17, 2009 19:40

mar_7719-2ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, գնահատելով այսօր նախագահ Սերժ Սարգսյանի՝ հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունը քննարկելու համար կուսակցությունների հետ կայացած հանդիպումը, նշեց, որ «հարցը դրված է այսպես. կամ ստորագրում ենք ինչ կա, կամ չենք ստորագրում, ինչը մեզ համար, բնականաբար, ընդունելի չէ»:

Ինչպես «Անկախ»-ին ասաց Ռուստամյանը, նախագահի հետ հանդիպումն անհրաժեշտ էր, սակայն արդյունավետության մասին խոսելը դեռ վաղ է:

Ըստ նրա` նախագահը մնացել է իր դիրքորոշմանը, թե «առկա բովանդակությամբ արձանագրությունները Հայաստանի համար սպառնալիք չեն»:

«Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանի խոսքով` բոլոր հարցերի հետ կապված քաղաքական դաշտի տեսակետերը շատ ավելի համահունչ էին ընդդիմության կարծիքներին, քան իշխանության. «Հայկական քաղաքական դաշտն ավելի շատ կանգնած է ընդդիմության տեսակետերի կողքին`թե Հայոց ցեղասպանության, թե Արցախի խնդրի հարցում»:

ԱԺԴ կուսակցության նախագահ Արշակ Սադոյանի կարծիքով` «Ժամանակն է կարգավորել հարաբերությունները: Ինչքան էլ ցավալի լինի, Հայաստանը հնարավորություն չունի Թուրքիային պարտադրելու վերադարձնել հողերը, իսկ Հայոց ցեղասպանության ճանաչումը դառնում է բարոյահոգեբանական խնդիր»:

Նախագահի հետ այսօր տեղի ունեցած խորհրդակցությանը ներկա են եղել Հայաստանում գործող 64 կուսակցություններից 52-ի ղեկավարները: Չեն մասնակցել ՀԱԿ անդամ կուսակցությունները և Ժառանգությունը:

Ժառանգություն կուսակցության անդամ Անահիտ Բախշյանն ասել է, որ խորհրդակցությանը չեն մասնակցել, քանի որ երեկ ԱԺ-ում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարության համաձայն` նախաստորագրված արձանագրություններում հնարավոր չէ փոփոխություններ կատարել: Խմբակցության քարտուղար,  պատգամավոր Լարիսա Ալավերդյանն էլ այսօր բոլոր պատգամավորներին կոչ է արել հանդես գալ միասնական հայտարարությամբ ` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրություններում արմատական փոփոխությունների պահանջով` հատկապես սահմանների ճանաչման և պատմական հանձնաժողով ստեղծելու հարցերում:

Դիտվել է 1092 անգամ:
Print Friendly

Leave a Reply