Տնտեսական անկումը «ապահարզանների բում» է հրահրել Մեծ Բրիտանիայում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 12, 2011 11:21
Մեծ Բրիտանիայի համար անսովոր սոցիալական երեւույթ է արձանագրվել. 2003 թվականից ի վեր առաջին անգամ երկրում ավելացել են ապահարզանները: 2010 թվականին դրանց թիվն աճել է գրեթե 5 տոկոսով: Ազգային վիճակագրության վարչության տվյալների համաձայն, եթե 2009 թվականին ամուսնալուծվելու որոշում էր ընդունել 126 հազար 496 զույգ, ապա մեկ տարի անց նրանց թիվն արդեն ավելի քան 132 հազար 200 էր: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գրել է The Independent-ը: Ընդ որում’ ավելացել է նաեւ լուծարված քաղաքացիական ամուսնությունների թիվը: Բաժանված զույգերի համատեղ կյանքի միջին տեւողությունը 11,4 տարի էր: Ամուսնալուծված ընտանիքների կեսն ունի մինչեւ 16 տարեկան առնվազն մեկ երեխա: Առավել հաճախ ամուսնալուծվել են 40-44 տարեկան մարդիկ: Հաճախացել են նաեւ 60-ը լրացածների ամուսնալուծությունները:
Պաշտոնյաների կարծիքով’ այս երեւույթի պատճառը տնտեսական անկումն է: Ըստ որում’ 2009 թվականին, երբ ճգաժամի թեժ շրջանն էր, ամուսնալուծությունները սովորականից ավելի չէին: Տնտեսական անկումից շոկը հետին պլան էր մղել ներքին խնդիրները: Սակայն, երբ տնտեսական ճգաժամն սկսեց թուլանալ, մեծ թվով բրիտանացիներ սկսեցին դիմել ապահարզանների հարցերով զբաղվող իրավաբաններին: Ընդսմին իրենց երկրորդ կեսից ազատվել ցանկացողների մեծամասնությունը միջին կարողության տեր մարդիկ են: Նյութական բարեկեցության բացակայութունը ճնշող ազդեցություն է գործում ընտանիքների վրա: Կան նաեւ այլ գործոններ. ընտանիքներում հաճախացել են կենցաղային բռնության դեպքերը, եւ ժամանակակից բրիտանացիներն ապահարզաններն արդեն ընկալում են որպես կյանքի նորմա:






Facebook
Tweet This
Email This Post
