Մարդու իրավունքների պաշտպանը հիասթափվել է Հրայր Թովմասյանից

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | December 10, 2011 16:02

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը 2011թ. ամենաշատը հիասթափվել է Հայաստանի արդարադատության նախարարի արձագանքից: «Մարդու իրավունքների EXPO 2011» միջոցառմանն ունեցած իր ելույթում ՄԻՊ-ը ամփոփել է 2011 թվականը:

«Շատերին է հայտնի երեք դատավորների կարգապահական պատասխանատվության ենթարկելու իմ հրապարակային նախաձեռնությունը: Երեկ Արդարադատության նախարարն իր համերաշխությունը հայտնեց դատական իշխանության համապատասխան մարմնի հետ եւ ես ստացա վերջնական մերժում բոլոր երեք գործերով:

Սա 2011 թվականի իմ ամենամեծ հիասթափությունն է»,- նշել է Կարեն Անդրեասյանն ու հավելել. «Հայաստանի անկախությունից ի վեր, ու նաեւ այս տարվա, մարդու իրավունքների պաշտպանության ամենասուր եւ ամենահամակարգային խնդիրը արդար դատաքննության պակասն է: Ակնհայտ է, որ մարդու իրավունքների պաշտպանությունը որեւէ ժողովրդավարական երկրում առաջին հերթին դատական իշխանության խնդիրն է:

Սպառելով այս ոլորտում օրենքով սահմանված իմ բոլոր լիազորությունները եւ դրանցից բխող ներկայիս հնարավորությունները` խնդրում եմ բոլոր քաղաքական ուժերին առաջիկա ընտրությունների շրջանում ծավալվող հանրային քննարկումներում ոչ միայն ներկայացնել դատական իշխանության ներկայիս վիճակը (այդ մասին բոլորը գիտեն եւ բոլորն են խոսում), այլ ընտրողներիս մատուցել արդար դատարան ունենալու գործուն եւ իրատեսական ծրագրեր»:

Ըստ ՄԻՊ-ի, իրենց ուղղված հիմնավոր բողոքներն ամենից շատը վերաբերել են անձանց ընտանեկան նպաստի իրավունքից զրկելուն եւ կենսաթոշակները սխալ հաշվարկելուն:

«Մեզ ուղղված բողոքներով ամենից շատ դրական լուծումները ստացվել են Պաշտպանության նախարարությունից: Մեր օրենսդրական առաջարկություններն ամենից շատն ընդունել են Առողջապահության նախարարությունը եւ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը»,- նշել է օմբուդսմենը:

Վերջինս անհարիր է որակել Կրթության եւ գիտության նախարարության արձագանքը իրենց կողմից արված հրապարակային քննադատությանը: «Այնուամենայնիվ դրական ենք գնահատում, որ նախարարությունը նույնիսկ նման արձագանքից հետո ձեռնամուխ եղավ դասագրքերի գնահատման առարկայական հանձնաժողովների ձեւավորումը կանոնակարգելուն»,- նշել է նա:

Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել խորհրդարանի մշտական հանձնաժողովների նախագահներ  Արամ Սաֆարյանին եւ Գագիկ Մինասյանին Ազգային ժողովի կողմից 2012 թվականի բյուջեի քննարկման ընթացքում իրենց 10 միլիոն դրամի ավելացումով ֆինանսական հայտի պաշտպանության համար:

Օմբուդսմենը շնորհակալություն է հայտնել վարչապետին եւ ֆինանսների նախարարին` իրենց ֆինանսական անկախությանը նպաստելու եւ արտաբյուջետային ծախսերը Կառավարության ուղղակի հաստատումից անկախ դարձնելու համար, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին եւ «ԱրմենՏել» ընկերությանը` Պաշտպանի 116 թեժ գծի անվճար համարի տրամադրման եւ գործարկման համար:

Կարեն Անդրեասյանը նաեւ նշել է, թե 2011թ. հունիսին կայացած «Քաղաքացիական հասարակություն» ֆորումի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի եւ ավելի քան 85 հասարակական կազմակերպությունների միջեւ համագործակցության հուշագրեր ստորագրվեցին: «Շնորհակալ եմ այդ բոլոր հասարակական կազմակերպություններին, որոնք այս ողջ ընթացքում եւ նաեւ այսօր մեզ հետ են ու մեր կողքին»,- ասել է նա:

 

NEWS.am

 

Դիտվել է 1376 անգամ:
Print Friendly

Leave a Reply