Հայկական պատվիրակության մասնակցությունը Միգրացիայի Միջազգային Կազմակերպության Խորհրդի 100-րդ հոբելյանական նստաշրջանին

Պաշտոնական, Օրվա լուր | | December 10, 2011 15:49


Դեկտեմբերի 5-7-ը Ժնեւում ՄԱԿ գրասենյակում կայացավ Միգրացիայի Միջազգային Կազմակերպության Խորհրդի 100-րդ հոբելյանական նստաշրջանը, որը համընկավ Կազմակերպության 60-ամյակի հետ:

 

Խորհրդի նստաշրջանի բարձրաստիճան սեգմենտին մասնակցում էր ՀՀ պաշտոնական պատվիրակությունը` ԱԳՆ Միջազգային կազմակերպությունների վարչության պետ, դեսպան Վահրամ Կաժոյանի գլխավորությամբ:

Նստաշրջանի ընդհանուր քննարկման շրջանակներում ՀՀ պատվիրակության ղեկավարը հանդես եկավ հայտարարությամբ, որում բարձր գնահատեց Կազմակերպության գործունեությունը միգրացիայի ժամանակակից խնդիրներին արդյունավետ արձագանքելու ուղղությամբ:

Իր ելույթում Վահրամ Կաժոյանը ներկայացրեց Հայաստանում միգրացիայի կառավարման ուղղությամբ իրականացվող ծրագրերը, մասնավորապես Սահմանային կառավարման համակարգի ներդրումը, կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի կիրառումը: Նշվեց, որ Հայաստանի Միգրացիայի պետական գործակալության կից հիմնվել է Միգրանտների օժանդակության կենտրոն, որը տրամադրում է անհրաժեշտ տեղեկատվություն արտասահմանում աշխատանք փնտրողների համար:

Պարոն Կաժոյանը կարեւորեց միգրանտների ծագման երկրների եւ ընդունող երկրների միջեւ համագործակցության ամրապնդումը, վիզային ռեժիմի բարելավումը` ապօրինի միգրացիայի դեմ պայքարի եւ օրինական միգրացիայի խրախուսման առումով:

Դեկտեմբերի 7-ից 8-ը ՀՀ ԱԳՆ Միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վահրամ Կաժոյանը մասնակցեց նաեւ 1951 թ. Փախստականների կարգավիճակի վերաբերյալ Կոնվենցիայի 60-ամյակին եւ 1961 թ. Անքաղաքացիության կրճատման վերաբերյալ Կոնվենցիայի 50-ամյակին նվիրված նախարարական հանդիպմանը:

Միջոցառմանը մասնակցում էին բարձրաստիճան պատվիրակություններ մոտ 145 պետություններից, այդ թվում 4 փոխվարչապետ, 60 նախարար եւ փոխնախարար, արտաքին եւ ներքին գործերի նախարարությունների եւ միգրացիոն ծառայությունների ներկայացուցիչներ, մշտական ներկայացուցիչներ, դեսպաններ:

Հանդիպմանը ՀՀ պատվիրակության ղեկավարն իր խոսքում մասնավորապես ընդգծեց Ֆ.Նանսենի անգնահատելի դերը 1915 թ. հայոց ցեղասպանության արդյունքում հազարավոր փախստականներին տարբեր երկրներում ապաստան գտնելու գործում:

Իր ելույթում Վահրամ Կաժոյանը շեշտեց, որ ԼՂ ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սկսած պատերազմը ստիպեց հազարավոր մարդկանց լքել իրենց բնակավայրերը` դառնալով փախստականներ: Ադրբեջանի ագրեսիայի, էթնիկական զտումների եւ ատելություն սերմանելու արդյունքում հայազգի բնակչությունը ստիպված էր ամբողջությամբ լքել այդ երկիրը, եւ 1988 թվականից ի վեր Հայաստանն ապաստանեց ավելի քան 400 հազար փախստական:

Պարոն Կաժոյանը ներկայացրեց փախստականների ինտեգրմանն ուղղված աշխատանքները, մասնավորապես անդրադառնալով նրանց բնակարանային ապահովման խնդիրներին եւ այդ նպատակով Երեւանում կայացած դոնորների միջազգային խորհրդաժողովին: Նա նաեւ հնչեցրեց փախստականների բնագավառին վերաբերվող Հայաստանի կառավարության կողմից ստանձնելիք հանձնառությունները:

Հանդիպման մասնակիցներն ընդունեցին Նախարարական Կոմյունիկե, որում անդրադարձան աշխարհում փախստականների եւ քաղաքացիություն չունեցող անձանց իրավիճակի բարելավման ռազմավարությանը:

 

Դիտվել է 1082 անգամ:
Print Friendly

Leave a Reply