Ֆուտբոլասերները բողոքում են «Հրազդանի» մոտ առեւտրի կենտրոն կառուցելու դեմ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | December 10, 2011 9:18

Ֆուտբոլի երկրպագուների Առաջին հայկական ճակատ ակումբի մի քանի տասնյակ ակտիվիստներ բողոքի ակցիա էին կազմակերպել Վարդան Մամիկոնյանի արձանի մոտ:

Նրանք մտադիր էին երթով շարժվել դեպի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա (ՀՖՖ), քաղաքապետարան, եւ նամակներ հանձնել, իսկ կառավարության շենքի առջեւ բողոքի ցույց անցկացնել` պահանջելով արգելել «Հրազդան» մարզադաշտի հարեւանությամբ առեւտրի կենտրոնի կառուցումը:

«Մեր վերջին խաղը լինելու է Իտալիայի հռչակավոր հավաքականի հետ: Գալու է 50 հազարից ավելի մարդ: Եվ այսօր դուրս է գալիս, որ «Հրազդանի» պահանջը շատ ավելի շատ ունենք: Եթե ՖԻՖԱ-ի տեսուչները գան եւ Իտալիայի խաղից առաջ իրենց կարծիքը հայտնեն` մարզադաշտը [իրենց չափանիշներին] համապատասխանում է, թե ոչ, եւ հանկարծ տեսնեն այդ շինարարությունը, շատ հնարավոր է, որ «Հրազդանը» որակազրկվի», – «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց ակցիան կազմակերպող ակտիվիստներից Էդգար Պետրոսյանը` հավելելով, թե հաշվի առնելով մեր հավաքականի այս տարվա հաջողությունները, արդեն հաջորդ տարի, երբ Հայաստանի թիմը կսկսի խաղերը աշխարհի առաջնության ընտրական փուլում, ֆեդերացիան կանգնելու է փաստի առջեւ:

Այսօրվա երթը դեռ չսկսված` Առաջին ճակատի ակտիվիստներին մոտեցավ ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

«Հրազդանը ոչ մեկը չի կարող ձեր ձեռքից վերցնե, երեխեք ջան», – ակտիվիստներին ասաց Հայրապետյանը: – «Ես ուրախ եմ, որ դուք կարողանում եք ցույց տալ, որ ազգային արժեքները պետք է մնան ամբողջ ազգինը ու իմ կարծիքով, այնտեղ նման բան չի կառուցվի: Ես մի քիչ առաջ խոսել եմ քաղաքապետի հետ: Նա նման որոշում չի տվել, ու ես չեմ կարծում, որ կլինի նման որոշում»:

Ռուբեն Հայրապետյանի խոսքով, եթե նոր կառուցվելիք շինությունը նաեւ ավտոկանգառ ունենա, առհասարակ փակվելու են մարզադաշտի տարհանման բոլոր մուտքերը: Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը պնդում է, որ անգամ այժմյան վիճակով Հրազդան մարզադաշտում որեւէ միջազգային խաղ անհնար է անցկացնել, քանի որ խոտածածկն է անորակ, մարզադաշտի լույսերը չեն համապատասխանում չափանիշներին:

Մարզադաշտի սեփականատեր, Ազգային ժողովի պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը, սակայն, այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այս խոսակցությունները անհիմն, օդից վերցված աղմուկ որակեց:

Ինչ վերաբերում է տարհանման խնդրին, Աշոտ Աղաբաբյանի, խոսքով, թեեւ վերջին վերանորոգումից հետո մարզադաշտը շուրջ 20 հազարով պակաս հանդիսատես է տեղավորում` 54 հազար, սակայն պահպանվել են տարհանման համար նախատեսված բոլոր 49 ելքերը: Ասաց` մտադրություն ունի մաքրել տոնավաճառի տարածքը, բարեկարգել հարակից Բրազիլիայի հրապարակը. կլինեն շատրվաններ, կտեղադրվի մեծ ոսկեզօծ խաչ, քանի որ հարեւանությամբ է գտնվում Ծիծեռնակաբերդը: Իսկ խնդրո առարկա շինությունը` առեւտրի կենտրոնը, ըստ Աշոտ Աղաբաբյանի, կլինի եռահարկ: Երկու հարկերում կտեղավորվեն քանդվելիք տոնավաճառի աշխատողները, իսկ վերջին հարկում կլինեն գրասենյակներ:

«Բնականաբար, մենք, սա կառուցելով, սոցիալական խնդրի առաջ ենք կանգնած: Մենք փորձում ենք մարդկանց, որոնք ընտանիք են պահում, աշխատում են, տեղավորել ավելի հարմարավետ շենքում», – նշեց նա:

Աշոտ Աղաբաբյանը պնդում է, որ տոնավաճառը մարզադաշտի ծախսերը հոգալու միակ ճանապարհն է: Ասաց, որ հետեւում է խոտածածկի որակին, հիշեցրեց, որ անցած տարի Հրազդան մարզադաշտում է անցկացվել Հայաստան Թուրքիա հանդիպումը: Աղաբաբյանի խոսքով, երբ մարզադաշտում միջոցառում է լինում, հարակից տոնավաճառը չի աշխատում: Ֆեդերացիային մարզադաշտը վարձակալությամբ տրամադրվում է 15 միլիոն դրամով:

«Իսկ ինչ մնում է, որ մարզադաշտը չի լցվի` թող տոմսի գինը 1000 դրամ անեն` բոլորին մատչելի լինի, ոչ թե 5000 կամ 8000: Այսինքն, ես չեմ կարծում, որ այստեղ խնդիրը մարզադաշտն է, կամ իր համակարգը: Այստեղ անձնավորված են ինչ-որ բաներ», – ասաց Աղաբաբյանը:

Ռուբեն Հայրապետյանը, մինչդեռ, այսօր «Ազատություն» ռադիոկայանի հարցին պատասխանելով, կտրականապես հերքեց, թե իր եւ Աշոտ Աղաբաբյանի միջեւ լարվածություն կա, հիշեցրեց, որ նույն կուսակցությունից են, գործընկերներ են Ազգային ժողովում:

«Այո, ես որ ինձ պասիվ էի պահում այս ժամանակահատվածում, նաեւ դա էր, որ անձնավորել էին` իբր ես ուզում եմ Հրազդան մարզադաշտը խլել: Հրազդան մարզադաշտը թող մնա իրեն, բայց որեւէ կառույց չկառուցի` մենք օգտագործենք ֆուտբոլի համար: Չեմ կարծում, որ կլինի մարդ, որը պատրաստ է սերունդների առաջ դատապարտվելու», – ասաց ՀՖՖ-ի նախագահը:

Ռուբեն հայրապետյանի խոսքով, մարզադաշտը ժամանակակից տեսքի բերելու համար 15-ից 20 միլիոն դոլար է անհրաժեշտ եւ ինքը պատրաստ է ներդրում անել: Ասաց` էական չէ, թե ում սեփականությունն է, այն պետք է ծառայի երկրին: Աղաբաբյանի հեռ առայժմ քննարկում չի ունեցել, բայց չբացառեց, որ կհանդիպեն առաջիկայում: Հատկանշական է, որ քաղաքաշինական խորհուրդը դեռ հավանություն չի տվել մարզադաշտի հարեւանությամբ շինություն կառուցելու նախագծին, սակայն, թե՛ Աշոտ Աղաբաբյանը, թե՛ Ռուբեն Հայրապետյանը պնդեցին, որ պայքարելու են մինչեւ վերջ:

«Ես ամեն ինչ անելու եմ` մինչեւ էքսկավատորի տակ պառկելը», – ասաց Հայրապետյանը:

«Եթե ես մի բանում ճիշտ եմ, ես երբեք չեմ կարող հրաժարվել: Իսկ եթե պայքարի ձեւերի մասին են մտածում, ես պայքարի ձեւերը շատ լավ գիտեմ, քանի որ կամ նաեւ քաղաքականության մեջ եւ պատերազմի մասնակից եմ: Այնպես որ թող իրենք իրենց պայքարով ինձ չվախեցնեն», – հայտարարեց Աղաբաբյանը:

Հայրապետյանը կոչ արեց ցրվել, ցույց չկազմակերպել, քանի որ ինչպես ինքը ձեւակերպեց` հիմա գործընթացը այլ կերպ է շարժվում: Ակտիվիստները հետեւեցին այս խորհրդին, հրաժարվեցին կառավարության շենքի առջեւ ցույց անցկացնելու մտադրությունից, երթով շարժվեցին քաղաքապետարան եւ կառավարություն, որտեղ հանձնեցին նամակները:

Ինչպես տեղեկացնում է քաղաքապետարանի կայքէջը, ակտիվիստներից մի քանիսին ընդունել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

«Լսելով նրանց մտահոգությունները` Տարոն Մարգարյանը նախ նկատել է, որ բարձրացվող խնդիրն, ըստ էության, առարկայական հիմնավորում չունի, քանզի մինչեւ այս պահը վերոնշյալ տարածքում շինություն կառուցելու որեւէ նախագիծ ներկայացված չէ: Բացի այդ, քաղաքապետը ընդգծել է, որ, համաձայն սահմանված ընթացակարգի, մայրաքաղաքում քաղաքաշինական խոշոր նախագծերի իրականացումից առաջ դրանք ներկայացվում են Երեւանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի համաձայնեցմանը: Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ այսուհետ հանրային հետաքրքրություն ներկայացնող քաղաքաշինական հարցերը Երեւանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի համաձայնեցմանը ներկայացնելիս հաշվի կառնվի նաեւ խնդրի առնչությամբ հասարակական կարծիքը», – ասված է հաղորդագրությունում:

Կարլեն Ասլանյան

azatutyun.am

 

Դիտվել է 1334 անգամ:
Print Friendly

Leave a Reply