Բակո Սահակյանը շնորհավորել է ԼՂՀ անկախության հանրաքվեի ու Սահմանադրության օրվա առթիվ

Պաշտոնական, Օրվա լուր | | December 10, 2011 7:59

Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը  ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի եւ Սահմանադրության օրվա` դեկտեմբերի 10-ի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել:

Ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Սիրելի հայրենակիցներ,

Արցախի իշխանությունների եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի եւ Սահմանադրության օրվա առթիվ:

Դեկտեմբերի 10-ը մեր ժողովրդի կյանքում հիշարժան օր է, որը նշանավորվում է միանգամից երկու պատմական իրադարձություններով:

1991 թվականին այդ օրը արցախցիները մեկ մարդու պես գնացին համաժողովրդական հանրաքվեի` իրենց ձայնը տալով հօգուտ ազատ ու անկախ պետության, եւ ձեռնամուխ եղան դրա կերտման չափազանց բարդ ու դժվարին գործին: Անցած 20 տարիները եկան ապացուցելու, որ այդ ընտրությունը ճիշտ էր ու արդարացի:

Դեկտեմբերի 10-ը նաեւ Լեռնային Ղարաբաղի հանրապետության Հիմնական օրենքի` Սահմանադրության օրն է, որն արդեն հինգ տարեկան է:  Այն դարձավ ժողովրդավարության ուղին բռնած մեր երկրի հետագա զարգացման ու առաջընթացի հիմնական ուղենիշը:

Եվ պատահական չէ, որ Արցախի համար բեկումնային ու վճռորոշ այդ հանրաքվեները տեղի ունեցան Մարդու իրավունքների պաշտպանության օրը, որովհետեւ մեր պայքարի հիմքում ընկած էր հենց արդարության, մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների եւ օրինական շահերի պաշտպանության գաղափարը: Օրենքի գերակայությունը, Սահմանադրության մեջ ամրագրված արժեքների պաշտպանությունը Արցախի յուրաքանչյուր քաղաքացու սրբազան պարտքն է: Դա է մեր վերջնական հաղթանակի միակ ուղին, դա է համազգային նպատակների իրականացման գրավականը:

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ մեր ողջ ժողովրդին երկտոնի կապակցությամբ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու մեծագույն հաջողություններ` Լեռնային Ղարաբաղի անկախ պետականության շարունակական ամրապնդման ճանապարհին»:

 

 

Դիտվել է 1023 անգամ:
Print Friendly

Leave a Reply