Հայաստանի եւ Լիբանանի արտգործնախարարների հանդիպումը

Պաշտոնական, Օրվա լուր | | December 9, 2011 20:46

Դեկտեմբերի 9-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Լիբանանի նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Երեւան ժամանած Լիբանանի արտաքին գործերի և էմիգրանտների հարցերով նախարար Ադնան Մանսուրին:

Ողջունելով լիբանանցի գործընկերոջը` Հայաստանի արտգործնախարարը նշեց, որ Լիբանանի նախագահի պաշտոնական այցելությունը Հայաստան առավել կամրապնդի բարեկամության դարավոր ավանդույթների վրա հիմնված հայ- լիբանանյան հարաբերությունները:

«Լիբանանի նկատմամբ հատուկ ջերմ զգացմունքներ եմ տածում, քանի որ դիվանագիտական գործունեությունս սկսել եմ շուրջ 35 տարի առաջ հենց Բեյրութում եւ ձեր երկրում ունեմ շատ բարեկամներ», – ասաց նախարար Նալբանդյանը:

Նախարար Մանսուրը իր հերթին նշեց, որ Հայաստանի եւ Լիբանանի միջեւ հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա եւ իր երկիրը շահագրգռված է Հայաստանի հետ փոխգործակցության առավել ընդլայնմամբ:

Նախարարները երկու երկրների ղեկավարների հանձնարարությամբ քննարկեցին փոխայցելությունների  եւ շփումների պարբերական կազմակերպման, երկկողմ համագործակցության զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը: Այս առումով երկուստեք ընդգծվեց, որ անհրաժեշտ է քաղաքական հարաբերությունների առկա բարձր մակարդակը լրացնել տնտեսական, կրթական, մշակութային եւ այլ ոլորտներում համագործակցության խորացմամբ եւ նշվեց, որ այսօր ստորագրված երկկողմ փաստաթղթերը լուրջ խթան կհանդիսանան այդ ուղղությամբ:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց երկու երկրների ԱԳՆ-երի միջեւ պարբերական խորհրդատվությունների անցկացման մասին:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին միջազգային եւ տարածաշրջանային հիմնախնդիրների վերաբերյալ, մասնավորապես` արաբական աշխարհում տեղի ունեցող զարգացումների, մերձավորարեւելյան կարգավորման եւ արցախյան հիմնահարցի վերաբերյալ:

 

Դիտվել է 1020 անգամ:
Print Friendly

Leave a Reply