Նախագահ Սերժ Սարգսյանի բաժակաճառը Լիբանանի Հանրապետության Նախագահ Միշել Սուլեյմանի պատվին տրված պաշտոնական ընթրիքի ժամանակ

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Պաշտոնական, Օրվա լուր | | December 9, 2011 20:15

Ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանի և տիկին Վաֆաա Սուլեյմանի՝ Նախագահ Սերժ Սարգսյանի և տիկին Ռիտա Սարգսյանի անունից տրվել է պաշտոնական ընթրիք:

 

***


 

Մեծարգո՛ պարոն Նախագահ և տիկին Սուլեյման,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Սիրով ողջունում եմ Հայաստանի բարեկամ Լիբանանի ղեկավարին, Լիբանանի առաջին տիկնոջը և մեր բոլոր հյուրերին: Ուրախ ենք այս գեղեցիկ երեկոն ձեր ընկերակցությամբ ջերմ ու անկաշկանդ մթնոլորտում անցկացնելու համար: Թեպետ պարոն Սուլեյմանի հետ քանիցս հանդիպել ենք, բայց սա նրա առաջին այցն է հայերի հայրենիք, ինչի առթիվ նրան ցանկանում ենք բարի գալուստ: Առավել խորհրդանշական է, որ Լիբանանի Նախագահի այցելությունը տեղի է ունենում հենց այս տարի, երբ Հայաստանը տոնում է իր անկախ պետականության 20-ամյա հոբելյանը: 20 տարի առաջ հայերը վերականգնեցին իրենց անկախությունը, վերստին անդամակցելով միջազգային հանրության բազմանդամ ընտանիքին: Այն նաև առիթ հանդիսացավ հայերիս համար արդեն նոր որակի միջպետական հարաբերություններ հաստատելու մեր բարեկամ երկրների, այդ թվում Լիբանանի հետ, թեպետ մեր ժողովուրդների առնչությունները գալիս են հազարամյակների խորքից:

Ըստ հռոմեական պատմիչների` դեռևս մ.թ.ա. IV-III դարերում հայ առևտրականները Սիդոնի և Տյուրոսի շուկաներն են բերել Հայաստանի գինին, մրգերը, որդան կարմիրը, իսկ մ.թ.ա. I դարում՝ Տիգրան Մեծ արքայի ժամանակներում վերաբնակեցումներն ու շփումներն էլ ավելի են ակտիվացել:

Սելջուկյան արշավանքներից, ապա նաև Կիլիկիայի հայկական թագավորության անկումից հետո Լիբանանի քաղաքներում սկսեցին ձևավորվել հայ համայնքները: 260 տարի առաջ հենց Լիբանանում է իր նստավայրը հաստատել Հռոմի պապից պաշտոնական ճանաչման արժանացած հայ կաթոլիկ առաջին կաթողիկոսը:

Լիբանանի լեռների անառիկությունը գրավում էր Օսմանյան կայսրության ազատախոհներին, որոնց մեջ քիչ չէին նաև հայերը: Նրանք իրենց անուրանալի դերն են ունեցել Լիբանանի՝ Օսմանյան կայսրությունից ազատագրման համար մղվող պայքարում: Իսկ մեր ազգի պատմության ամենաօրհասական շրջանում Լիբանանը շատերի համար դարձավ փրկության փարոս, երբ Հայոց Ցեղասպանությունից փրկված տասնյակ հազարավոր հայեր ապահով ապաստան գտան հյուրընկալ Լիբանանում:

Ձեր երկրում տիրող ազատ քաղաքական, տնտեսական և մշակութային մթնոլորտը հնարավորություն տվեց հայկական ստվար համայնքին լիարժեքորեն ինտեգրվելու Լիբանանի հասարակական կյանքին և գործուն մասնակցություն ունենալու Լիբանանի զարգացմանը և բարգավաճմանը` միևնույն ժամանակ վառ պահելով ազգային ինքնությունը: Ամենևին պատահական չէ, որ հենց Լիբանանում են ձևավորել հայության ամենախոշոր հոգևոր, մշակութային և կրթական կենտրոններից մի քանիսը, որոնք 20-րդ դարում կարևոր նշանակություն ունեցան հայապահպանության գործում:

Այստեղ է գտնվում Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցու նվիրապետական աթոռներից մեկը՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը, աշխարհի բոլոր հայ կաթոլիկների կենտրոն Հայ կաթողիկե պատրիարքարանը, ինչպես նաև Սփյուռքի այնպիսի կառույցների կենտրոնատեղիներ և հաստատություններ, ինչպիսիք են Հայկազյան համալսարանը՝ սփյուռքում պետական ճանաչման արժանացած միակ բարձրագույն ուսումնական հաստատությունը, «Համազգային» մշակութային միությունը, Հայ մարմնակրթական ընդհանուր միությունը, Հայ մարզական միությունը և այլն:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Հայ-լիբանանյան կապերն ու հարաբերություններն ունեն կայուն և խորը հենասյուներ, քանի որ բոլոր մակարդակներում էլ միշտ եղել են բարեկամական և ջերմ: Տարբեր առիթներով բազմիցս հնչել է այն միտքը, որ հայ և լիբանանցի ժողովուրդներն ավելին են, քան ուղղակի բարեկամներ. մեր ժողովուրդների շփումը դարերի ընթացքում եղել է եղբայրական: Բեյրութը, Բուրջ Համմուդը, Այնջարը յուրաքանչյուրիս սրտում է: Մենք մշտապես անկեղծորեն ու սիրով կիսում ենք Լիբանանի ժողովրդի բոլոր ուրախությունները, և պատրաստ ենք թև ու թիկունք լինել բարեկամ ժողովրդին` իր դժվարությունների պահին: Դրա ապացույցները մենք տեսել և տեսնում ենք անցած և մեր օրերի պատմության  փուլերում: Մենք սահմանակից հարևան չենք, սակայն, ինչպես ասել է Լիբանանի մեծ որդին և հայ ժողովրդի բարեկամը, գրող Ջեբրան Խալիլ Ջեբրանը, ում հուշարձանը կանգնած է Երևանի կենտրոնական պուրակներից մեկում. «Հեռու գտնվող բարեկամը երբեմն ավելի մոտ է քեզ, քան կողքինդ»:

Այս ամենի խոսուն ապացույցն այսօր մեր միջև ակտիվ քաղաքական երկխոսությունն է, բազմաբովանդակ շփումներն ու բազմաոլորտ համագործակցությունը, ինչը դրսևորվում է ինչպես պետական, այնպես էլ ժողովրդական մակարդակներում: Մեր երկարատև համագործակցությունը թե՛ երկկողմ հարթությունում, թե՛ միջազգային ասպարեզում հաստատում է, որ մենք ունենք հաստատուն, փոխշահավետ ու ներդաշնակ կապեր: Երկու բարեկամ երկրների և ժողովուրդների միջև այսօրինակ հարաբերությունների պահպանման և շարունակական զարգացման գործում մշտապես հուսալի կամուրջի դեր է կատարում լիբանանահայ համայնքը:

Վստահաբար կարող եմ ասել, որ ունենալով երկկողմ հարաբերությունների այսչափ հարուստ ու բազմաշերտ հիմքեր, մենք պարտավոր ենք պահպանել և խորացնել մեր համագործակցությունը բոլոր ոլորտներում:

Օգտվելով առիթից, մեծարգո պարոն Նախագահ, կրկին ջերմորեն ողջունում եմ Ձեզ Հայաստանում: Վստահ եմ, որ այս օրերին մեր կողմից քննարկված խնդիրների շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները հետևողականորեն կիրականացվեն՝ հանուն մեր ժողովուրդների բազմադարյա բարեկամության հարատևության:

Թույլ տվեք բաժակ բարձրացնել՝ մաղթելով Լիբանանի Հանրապետության Նախագահին և տիկին Սուլեյմանին քաջառողջություն, հաջողություն և ամենայն բարիք, իսկ Լիբանանի ժողովրդին՝ խաղաղություն,  կայունություն և հետագա բարգավաճում:

 

Դիտվել է 1062 անգամ:
Print Friendly

Leave a Reply